Լրահոս
Օրվա լրահոսը

Այլընտրանք իսկապե՞ս չկա

Նոյեմբեր 21,1995 11:35

Կառավարության տնտեսական քաղաքականության քննադատության ի՞նչ տարբերակներ կարելի է հանդիպել այսօր ընդդիմադիր մամուլում։ Խոսվում է տնտեսության այս կամ այս ոլորտում տիրող աղետալի վիճակի, ստվերային տնտեսության եւ անօրինականությունների, ինչպես նաեւ բարեփոխիչների բարոյական կերպարի մասին։ Բնականաբար մամուլը նման քննադատության իրավունք ունի։ Այլ է քաղաքական ուժերի հարցը, որոնք ոչ միայն պետք է քննադատեն, այլ՝ առաջարկեն այլընտրանք։ Երբեմն կարելի է հանդիպել նաեւ կոնցեպտուալ քննադատությունների, որոնք, սակայն, մեղմ ասած, ժամանակավրեպ են։ Սովորաբար քննադատվում են ոչ թե կառավարության տնտեսական քաղաքականությունը, այլ մոնետարիզմն ընդհանրապես, կամ ավելի լայն՝ լիբերալ բարեփոխումները։ Սակայն հարցն այն է, թե արդյո՞ք նշված ուղղության սահմաններում կառավարության վարած քաղաքականությունը միակ ճշմարիտն է եւ այլընտրանք չունի: Այլընտրանքն ինքնին այսօր Հայաստանում հասարակական անհրաժեշտություն է։ Ցավոք, այսօր այլընտրանքի որոնումն իսկ բացակայում է։

Բացարձակ ճշմարտությանը ոչ ոք չի տիրապետում, ուստի, հասկանալի է, որ այլընտրանքի բացակայության մասին խոսելն իսկ ծիծաղելի է, իրականում այն նույնիսկ ոչ թե մեկն է, այլ՝ մի քանիսը։ Այլ հարց է, որ Հայաստանի քաղաքական ուժերն այսօր ընդունակ չեն այլընտրանքային ծրագիր առաջարկել, կամ չեն հասկանում, որ այս պայքարում այլընտրանքային ծրագրի առաջարկումն է իրենց միակ ճանապարհը։ Ավելին, շատ շրջանակներ, որոնք դեմ են ներկա տնտեսական քաղաքականությանը (եւ ոչ միայն տնտեսական), խուսափում են քաղաքական ուժ ձեւավորելուց եւ գերադասում են բավարարվել անդրկուլիսյան ապարատային խարդավանքներով։ Դրանով փաստորեն նրանք կրկին հաստատում են, որ այս կուրսը այլընտրանք չունի, որ միակ քաղաքականապես ձեւավորված ուժը այս կառավարությունն է, եւ մնացած շահերն իրենց ուղին պետք է հարթեն ոչ թե քաղաքական, այլ՝ ոչ ապարատային ճանապարհով:

Եթե հետագայում էլ շարունակի գերիշխել այս տրամադրությունը, ապա կառավարության դիրքորոշումը լիովին հիմնավորված է։ Հայաստանում «խաղի մեջ» կմնա նորից մեկ քաղաքական ուժ եւ մնացածի իմիտացիայով զբաղվող ընդդիմությունը։ Ինչ վերաբերում է այն մեղադրանքին, թե այդ քաղաքական ուժը ձգտում է իշխանության մենաշնորհի, ապա նման խոսակցությունները առնվազն տարօրինակ են։ Դիմադրության չհանդիպող ուժը ինքնաբերաբար, ձգտում է մենաշնորհի։ Մենաշնորհից, լավագույն դեպքում, կարող է հրաժարվել անհատը, եթե նա ցնորված իդեալիստ է։ Քաղաքական կառույցը, որն արդեն շահերի ձեւավորված համակարգ է, ունի իր ներքին տրամաբանությունը եւ կնահանջի միայն հակաուժի դեպքում։ Քաղաքական իրադրությունը բարոյական կատեգորիաներով նկարագրել կարող է միայն իրեն քաղաքականությունից «դուրս դրած» մարդը, որի կարծիքը քաղաքական պրոցեսների վրա չի կարող ազդել։

Իսկ ի՞նչ Է կատարվում Հայաստանում։ Խորհրդարանում կա թույլ արդյունաբերական լոբբինգ («Բարեփոխումներ»): Արդյունաբերողները վերջապես համարձակվեցին զբաղվել քաղաքականությամբ, մասնակցել ընտրություններին եւ ձեւավորել խորհրդարանական խմբակցություն, որը հիմնականում բողոքում է։ Փորձը ցույց է տալիս, որ նման լոբբինգը համարյա ոչինչ չի տալիս, բացի ի սրտե բողոքելու հնարավորությունից։ Արդյունաբերության նախարարն էլ վերջապես հրապարակայնորեն բողոքեց 500 մլն դրամից… Հետո ի՞նչ։ Սոցիալական լոբբինգը կա որպես պոպուլիզմ եւ ոչ ավելի: Ագրարային լոբբինգը կարելի է ասել բացակայում է։ Վարչատարածքային բաժանման մասին օրենքի քննարկումը ցույց տվեց, որ անգամ տեղական կամ ռեգիոնալ շատ կոնկրետ շահերը կարող են հեշտությամբ նահանջել։

Բոլորն ընդհուպ մոտեցել են քաղաքական ուժ ձեւավորելու խնդրին, բայց… հրաժարվում են այդ քայլից՝ ինչ-որ բան խանգարում է:

Վահրամ ԲՐՈՒՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930