Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺԵՑՐԱԾ ՈՒՂՏԵՐ

Մայիս 14,1998 00:00

ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺԵՑՐԱԾ ՈՒՂՏԵՐ Ազգային համաձայնությունը, ի դեմս ՀՅԴ-ի, ԱԺՄ-ի, ԻՄ-ի եւ ՀԴԿ-ի, ամփոփվելով հանրապետության նախագահի աշխատակազմում, մեծ եռանդով զբաղվում է պետական շինարարությամբ: Սակայն միասնությունը դեռեւս կատարյալ չէ, քանի որ նախագահի նստավայրից դուրս են առայժմ մի շարք արհեստավարժ կուսակցապետեր, որոնք նույնպես ցանկանում են լծվել ազգանվեր գործերին: Բնական է, որ վերջնական համաձայնություն կայացնելու համար նրանց նույնպես պետք է առաջարկել որեւէ պետական պաշտոն՝ ըստ կշռի եւ նշանակության: «Հայկանդուխտի» առաջնորդ տիկին Արմենուհի Ղազարյանը՝ որպես ավանդապահ-պահպանողական հայ կին, հաստատ արհեստավարժ կլինի խոհարարական արվեստում: Ուստի բնական կլիներ նրան առաջարկել նախագահի աշխատակազմի գլխավոր բուֆետչիկի պաշտոնը: Իհարկե, պետական աշխատանքի անցնելով, նա շարունակելու է իր պայքարը՝ ոչ մի նահանջ սկզբունքային դիրքորոշումներից: Ամեն անգամ որեւէ պաշտոնյայի կոտլետ եւ պյուրե մատուցելիս, տիկին Ղազարյանը պիտի հարցնի. «Ի՞նչ եղավ ավանդների վերադարձը: Հնարավորությունները դեռեւս ուսումնասիրվո՞ւմ են»: Կամ. «Ի՞նչ եղավ մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքի մինչեւ 1000 դոլարի հասցնելու խնդիրը: Դեռեւս հեռանկարո՞ւմ է»: Ազգային միասնության ուխտի ղեկավարի համար կարելի է նախագահի նստավայրի բակում մի փոքրիկ կենդանաբանական այգի բացել՝ այնտեղ արհեստավարժեցրած ուղտեր եւ այլ կենդանիներ պահելու նպատակով: Մի խոսքով, ամեն մեկի համար մի աշխատանք կգտնվի: Այս համընդհանուր միասնության մթնոլորտից, կարծես, դուրս է մնում ՀՀՇ-ն: Շուն-գել, բայց էլի արհեստավարժ են: Հոյակապ թեկնածություն է աշխատակազմի գարաժի տնօրենի պաշտոնի համար Տեր Հուսիկ Լազարյանը, որն, ըստ լուրերի, վերջերս խորացել է ավտոմոբիլային բիզնեսի մեջ: Իհարկե, նրա գործունեությունը անհրաժեշտ կլինի հսկել, որ հանկարծ, ՀՀՇ-ական սովորության համաձայն, բենզինը տուն չտանի: Դա լուծելի խնդիր է՝ երկրի գլխավոր վերահսկիչ Դավիթ Վարդանյանն էլ առանց գործի չի մնա: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել