Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՐԻԳՈՐ ԱՎԱԳՅԱՆԻ ԵՎ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԻԳԻԹՅԱՆԻ ԸՆԴՀԱՐՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

Մայիս 16,1998 00:00

Եվ ոչ միայն այդ մասին

Սկիզբը ապրիլի 28-ին էր, երբ ԱԺ-ում հայտարարությունների համար սահմանված ժամին ելույթ ունեցավ Գրիգոր Ավագյանը եւ խոսեց այն մասին, թե ովքեր եւ ինչպես են Հայաստանը ներկայացնում արտաքին ճակատում։ Ի դեպ, այս առիթով տարաբնույթ ասեկոսեները բազմաթիվ են, մասնավորապես՝ որ Հայաստանը ներկայացնող պատվիրակությունների անդամները շատ անգամ միայն ռուսերենին են տիրապետում, ուստիեւ չեն կարողանում ակտիվ շփումների միջոցով նպաստավոր մթնոլորտ ձեւավորել Հայաստանի շուրջ, այցելությունները նրանց համար զբոսաշրջիկության են վերածվել ու ոչ պաշտոնական զրույցներում միջազգային տարբեր հաստատությունների ներկայացուցիչներն են անգամ աննպաստ կարծիքներ հայտնում մեր պատվիրակների գործունեության մասին։

Եվ վերջապես, որպես ապացույց, որ մեր պատվիրակները շատ անգամ չեն էլ հասկանում, թե որտեղ են եւ որպես ինչ են հանդես գալիս՝ ԱԳՆ շրջանակներում մի զավեշտական պատմություն էր փոխանցվում ինքն իրեն Եվրախորհրդարանի պատգամավոր ներկայացնող մեկի մասին։ Սակայն այն, ինչ հայտարարությունների այդ ժամին պատմեց Գրիգոր Ավագյանը, զավեշտից ավելին էր։ Նա նշեց, թե ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովհաննես Իգիթյանը, միջխորհրդարանային միության համաժողովում, պատասխանելով Ադրբեջանի ներկայացուցչի այն հայտարարությանը, թե իբր հայերը 20-րդ դարի սկզբում ադրբեջանցիների հետեւողական ցեղասպանություն են կազմակերպել՝ հայտարարել էր, թե նման բան չէր կարող իրականացվել, քանի որ դարասկզբին Ադրբեջան չի եղել։

Հաջորդ օրը փորձեցինք պրն Ավագյանից ճշտել, թե իրոք վստա՞հ է այս հայտարարության իսկության մեջ, եւ նա ասաց, որ այդ հակափաստարկը ոչ թե Իգիթյանը, այլ մեկ ուրիշն է ներկայացրել։ Չցանկացավ անունը տալ, բայց հետո ճշտեցինք, որ ապրիլի 5-11-ը Նամիբիայի Վինդհուկ քաղաքում կայացած այդ համաժողովում Հովհաննես Իգիթյանից բացի Հայաստանի ԱԺ-ն ներկայացրել են նաեւ «Շամիրամ» խմբակցության քարտուղար Ամալյա Պետրոսյանը եւ ԱԺ նախագահի խորհրդական Վիգեն Սարգսյանը։

Գրիգոր Ավագյանը նաեւ նշեց, որ Հովհաննես Իգիթյանն իրեն է փոխանցել միջխորհրդարանական միության համաժողովում ապրիլի 9-ին ունեցած իր ելույթը։ Եվ մեր հարգարժան ակադեմիկոսը մայիսի 12-ին հայտարարությամբ հանդես եկավ արդեն այդ ելույթի վերաբերյալ։ Գրիգոր Ավագյանը չմանրամասնելով նշեց, թե այդ ելույթում «վայրենի, կոպիտ սխալներ կան, պարզունակ եւ անէական մտքեր»։

Պատասխանի իր իրավունքից օգտվելով էլ Հովհաննես Իգիթյանն ասաց. «Չեմ կարող ասել, թե ինչու եմ անընդունելի անձ դարձել Գրիգոր Ավագյանի համար», «որովհետեւ չե՛ս աշխատում»,- տեղից նրան ընդհատեց պրն Ավագյանը։ Այստեղ արդեն պրն Իգիթյանը սպառնաց այդ համաժողովի մասին նյութերը մամուլին փոխանցել։ Այս մանրամասն նախապատմությունից հետո վերջապես հայտնենք, որ նա այդ փաստաթղթերը փոխանցեց «Առավոտին»։

Մի նյութը հենց իր ելույթն էր, որտեղ Ադրբեջանում ցեղասպանություն իրականացնելու վերաբերյալ մեղադրանքին այս պատասխանն է տրված, թե «բավական է փաստաթղթերին ծանոթանալ, որպեսզի հասկանաս, թե իրականում հենց հայ ազգն է ցեղասպանության ենթարկվել»։ Ադրբեջանի չգոյության մասին որեւէ խոսք չկա։ Ընդհանրապես, ելույթում համառոտ ներկայացված է թե՛ հայկական ցեղասպանության միջազգային ճանաչման, թե՛ Արցախի հիմնահարցի պատմությունը։ «Ես պատասխանատվորեն հայտարարում եմ, որ Հայաստանի հանրապետությունը ոչ մի առնչություն չունի Ադրբեջանում ռազմական գործողությունների հետ, ադրբեջանական տարածքի ոչ մի սանտիմետր չի գրավել, ինչն արձանագրված է միջազգային կազմակերպությունների բոլոր զեկույցներում»,- նշել է Հովհաննես Իգիթյանը։ Կամ էլ հույս է հայտնել, որ «Ադրբեջանն իր մեջ ուժ եւ բարի կամք կգտնի, որ հրաժարվի հակամարտության կարգավորման ուժային մեթոդներից եւ բանակցությունների սեղանի շուրջ նստի Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ, քանզի միայն ուղղակի բանակցություններով է հնարավոր այս հարցը լուծել»։

Չգիտենք, գուցե Գրիգոր Ավագյանն ա՞յս պնդումներն է «վայրենի ու կոպիտ սխալներ, պարզունակ եւ անէական մտքեր» համարել։ Չաշխատելու կամ, ինչպես ապրիլի 28-ի իր հայտարարության մեջ էր նշել՝ «հանդիպումների ժամանակ բերանները ջուր առած նստելու» վերաբերյալ ի հակակշիռ պրն Ավագյանի մեղադրանքներին՝ կարելի է քաղվածքներ ներկայացնել մեկ այլ փաստաթղթից՝ ԱԺ-ի այդ պատվիրակության հաշվետվությունից։ Ըստ այդմ, Հայաստանի ներկայացուցիչները բավական աշխատանքից հետո կարողացել են միջխորհրդարանական 99-րդ համաժողովի բանաձեւի մեջ անցկացնել 4 կետ։ Այստեղ մասնավորապես ՄԱԿ-ին կոչ է արված «աջակցել հակամարտություններում տուժած կողմերին՝ նույնիսկ եթե դրանք միջազգային իրավունքի սուբյեկտ չեն»։

Այլ առաջարկները հիմնականում հանգում են նաեւ ինքնորոշման իրավունքն իրականացնող ժողովուրդների դեմ զինված ուժի կիրառման դատապարտմանը, հակամարտող կողմերի միջեւ ուղիղ բանակցությունների խրախուսմանը եւ այլն, որոնք «դահլիճն ընդունել է բուռն ծափահարություններով»։ Եվ վերջապես, պրն Իգիթյանը մեզ է փոխանցել միջխորհրդարանական միության խորհրդի նախագահ Միգել Անժել Մարտինեզի՝ իրեն հասցեագրված նամակը։ Իհարկե, այստեղ բավական ջերմ խոսքեր կան «քաղաքական կամքի, իմաստության» եւ այլնի մասին, բայց այս նամակն ակնհայտորեն զուտ արարողակարգային բնույթ ունի եւ հաստատ ուղարկվել է այդ համաժողովին մասնակցած բոլո՛ր պատվիրակությունների ղեկավարներին։ Ինչեւէ։

Եթե իհարկե Գրիգոր Ավագյանն այլ նկատառումներ չունի՝ երեւի թե այստեղ կատարված են բոլոր շեշտադրումները։ Բաց եւ հանգամանալի խոսակցության կարոտ են մնում այն խնդիրները, թե այնուամենայնիվ ովքեր եւ ինչպես են Հայաստանն արտաքին աշխարհում ներկայացնում, արդյոք արդյունավե՞տ են կարողանում լուծել իրենց առջեւ դրված խնդիրները եւ որքանով է ենթակայական գործոնն էլ դեր խաղում միջազգային որոշ կառույցներին Հայաստանի մաս կազմելու գործում։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031