Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԵՔՇԱԲԹԻՆ ԴԵՄԿՈՒՍՈՒՄ

Մայիս 20,1998 00:00
demkus

Երեքշաբթին այլեւս սովորական օր չէ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունում։ Եթե ճիշտը խոսենք, այդ օրը, ըստ էության, բերման է ենթարկվում որեւէ նախարար, եւ մոտ ժամ-ժամուկես պատասխանում Հայաստանի դեմոկրատների հարցերին։ Ասում ենք՝ բերման է ենթարկվում, որովհետեւ անցյալում, երբ ՀԴԿ-ն մաքուր ընդդիմադիր կարգավիճակ ուներ, անհնար է եղել որեւէ նախարարի հետ հանդիպում կազմակերպելը։ Այս մասին, համենայնդեպս, բարձրաձայնեց ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը՝ առողջապահության նախարար Միքայել Ստամբոլցյանին ներկայացնելով Հայաստանի դեմոկրատներին։ Նշենք նաեւ, որ սա դեմոկրատների՝ թվով երրորդ հանդիպումն էր «վերեւների» հետ, իսկ մինչ այդ նրանք հյուրընկալվել էին կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի մոտ, ինչպես նաեւ՝ հյուրընկալել էին սեփականաշնորհման փոխնախարար Աշոտ Մարկոսյանին։

Ի մասնավորի Արամ Սարգսյանն ասաց, թե նմանօրինակ հանդիպումները ոչ միայն տեղեկատվություն ստանալու, այլեւ՝ առաջարկներ մշակելու ու ներկայացնելու նպատակ են հետապնդում, ինչը, բնականորեն, կարող է հասարակական վերահսկողության հիմք գոյացնել։ Ասենք, որ առողջապահության նախարարի հետ դեմոկրատները բախվելու առիթ համարյա չունեցան։ Մ. Ստամբոլցյանը ներկայացրեց խնդիրները, կարեւորելով, ասենք, բժշկատնտեսագիտական ստանդարտների ներմուծման անհրաժեշտությունը, ընտանիքի բժիշկ (ի դեպ, դա պետք է լինի պետության կողմից ֆինանսավորվող ծառայություն) ինստիտուտի ներդրումը եւ այլն, որոնք ընդհանուր ըմբռնման արժանացան։

Ղարաբաղ եւ Բերեզովսկի

Բնական է, որ ՀԴԿ նախագահն իր գործունեության վերաբերյալ թեթեւակի հաշվետվություն ներկայացրեց սեփական կուսակիցներին։ Վերջին իրադարձությունների խորապատկերը «անդրադարձվեց» հետեւյալ կերպ. Մինսկի խմբի համանախագահների հետ բանակցություններն անցան շատ լարված մթնոլորտում։ Բանակցությունների սեղանի շուրջ վիճակն, իհարկե, հանգիստ էր, սակայն, ասելիքի իմաստով, կային որոշակի խնդիրներ։ Արամ Սարգսյանի ներկայացմամբ, հանրապետության նախագահը շատ հստակ է ներկայացրել Հայաստանի դիրքորոշումը։ Ասելով, թե լինելով ու մնալով խաղաղ բանակցությունների եւ խնդիրները քաղաքական միջոցներով լուծելու կողմնակից, Հայաստանն արձանագրում է՝ այս պահին պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում կամ նրան ենթակա որեւէ սուբյեկտ, իսկ մնացած բոլոր հարցերի շուրջ պատրաստակամ է քննարկումներ անցկացնել։ Մինսկի խմբի համանախագահներին խոսքը ներկայացվել է շատ բաց տեսքով. «Եթե դուք մեկ տարի Ադրբեջանին հույսեր չներշնչեք, թե խոստանում եք Հայաստանի վրա ճնշում գործադրելով որեւէ համաձայնություն կայացնել, ապա մենք խոստանում ենք՝ Ադրբեջանի հետ ուղղակի բանակցություններով համաձայնությունների հանգել մեկ տարվա ընթացքում»։

Համանախագահները առարկել են, ասելով, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ քննարկված առաջարկների վրա իրենք ավելի քան մեկ տարի աշխատել են, եւ դրանք չեն կարող չընդունվել, իսկ Ռոբերտ Քոչարյանը սրամտորեն առարկել է. «Ինձ թվում է, որ ձեր բոլոր առաջարկությունները Լեւոնն իր հետ տարել է»։Արամ Սարգսյանը ներկայացնելով ներկայիս իշխանության տեսակետն, ասաց, որ ավելի լուրջ եւ հետեւողականորեն է հարկավոր զբաղվել դիվանագիտությամբ եւ դա ոչ միայն մասնագետների, այլեւ՝ ժողովրդական մակարդակում։ Այդ պահին ՀԴԿ նախագահը ստիպված էր իր խոսքն ընդհատել, քանի որ կուսակցության գրասենյակի պատի տակ երգում էին մոտավորապես «Որսկան ախպերի» մոտիվներով մի երգ։ Երգն աստիճանաբար ավելի բարձր էր հնչում, ուստի, շատ բնական է, որ Արամ Սարգսյանը բարձրաձայնեց նույն հարցը, որը հենց նոր նաեւ ընթերցողը մտածեց՝ «Էս ո՞վ է երգում»։ Երգիչների, ինքնությունը, իհարկե, չպարզվեց։ Հաջորդեց Բերեզովսկու վերաբերյալ բացատրություններ տալու ժամանակը։ Վերջինիս այցը Երեւան՝ ներկայացվեց բոլոր հանրապետություններով շրջագայելու տիրույթում, իսկ այն, որ Քոչարյանը «վերապահել է» նրան, որեւէ մտահոգության տեղիք չի տալիս։ Բերեզովսկին ինքն է ասել՝ բնական է, Քոչարյանը ԱՊՀ գործադիր քարտուղարի տեղում կուզենար տեսնել իր ճանաչած մարդուն։

Ինչպես դառնալ ՀԴԿ անդամ

Դրա համար հարկավոր է երկու անգամ ավարտել կոնսերվատորիան։Համենայնդեպս, այդպես էր վարվել կուսակցությանը դիմողներից մեկը, որը հիմա աշխատում է Կամերային թատրոնում։ Հատկանշական էր վերջինիս խոսքը, թե ինչու է ուզում դառնալ դեմոկրատ. «Երեք-չորս տարի առաջ նույնիսկ չգիտեի, թե կա դեմոկրատական կուսակցություն, բայց երբ իմացա, հասկացա, որ իմ հոգին ավելի է ձգտում դրան, քան»։ Ի վերջո, հարցը լուծվեց դրականորեն, քանզի Կարեն Փահլեւանյանը տվել էր վերջնական «ախտորոշում». «ընդունենք՝ չէ՞ որ նա կոմպոզիտոր, սպորտսմենկա, կոմսոմոլկա»։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031