Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է թիվ 1 հնչակյանը Հայաստանում

Մայիս 20,1998 00:00
SDHK

Երեկ ԱԺ-ում հայտնվեց ՍԴՀԿ Հայաստանի վարիչ մարմնի նախկին նախագահ Եղիա Նաճարյանը, որին առաջարկեցինք իր պաշտոնանկության վերաբերյալ մեկնաբանություններ անել։

– Այդ լուրն ինձ անձամբ չի հաղորդվել, ես էլ ձեզ նման լսել եմ։ Հնչակյան կուսակցության Հայաստանի կառույցն ինքնուրույն կազմակերպություն է։ Ընդհանուր հնչակյանության մի ճյուղը լինելով՝ գրանցված է արդարադատության նախարարությունում, ունի ծրագիր եւ կանոնադրություն։ Այդ կանոնադրությամբ ես ընտրված եմ նախագահ, մենք ունենք կենտրոնական վարչություն։ Տարիներով պայքարել ենք, որ հասնենք հնչակյանության այս կարգավիճակին։ Սակայն հիմա ինչ-ինչ նկատառումներով, հենց Հայաստանի պատգամավորների որոշիչ քվեներով ընտրված կենտրոնական վարչությունը Նաճարյանին նպատակահարմար չի գտնում Հայաստանի կազմակերպությունը ղեկավարելու։

– Դա կանոնադրության խախտո՞ւմ է, թե՞ չէ։

– Մեր կանոնադրության խախտում է։ Օրենք կա, որ դրսից պետք չէ ղեկավարվել-նշանակվել։

– Մի քանի օր առաջ հրավիրած մամլո ասուլիսում Էռնեստ Սողոմոնյանն ասաց, որ ՀՀ արդարադատության նախարարությունում գրանցված կանոնադրությամբ կենտրոնական վարչությունն իրավունք ունի պաշտոնանկել Հայաստանի պատասխանատուին։

– Եթե «կենտրոնական վարչություն» գրված է, ապա խոսքը Հայաստանի կենտրոնական վարչության մասին է։ Համենայնդեպս, ես դեռ կուսակցության նախագահ եմ մնում, ահա կնիքն էլ ինձ մոտ է։ Երբ ստանամ պաշտոնանկմանս որոշումը, ես կպատասխանեմ։ Բայց այսպիսի մի հարց կա. ես հիվանդ եմ, ես բուժվում եմ, իսկ մամուլը, լրագրողները անբարյացակամ են։ Ես Հայաստանի ԿՎ թույլտվությամբ գնացել եմ մեկ ամսով բուժման, որից մեկ շաբաթ անց ինձ հաղորդեցին, թե արտասահմանից մարդիկ են գալիս՝ բանակցություններ վարելու։ Մի շաբաթ անց ես հարկադրված վերադարձել եմ։ Ես վերադարձել եմ, իսկ այդ պատվիրակները, մեկ շաբաթ մնալով հեռացել են՝ էսպես գաստրոլներ տալով Հայաստանում։ Հետո ես նորից գնացի-եկա։ Մամուլը գրում է՝ փախել է՜, թաքնվել է՜…

– Մամուլը ձեր գործընկերների խոսքերն է մեջբերել ընդամենը։

– Կգա ժամանակ՝ էդ գործընկերների էությունը, բնությունը կպարզենք։

– Իսկ ի՞նչ կպատասխանեք Էռնեստ Սողոմոնյանի այն մեղադրանքին, որ դուք ինքնակամ վաճառել եք կուսակցության գրասենյակը։

– Նա տեղյակ չի։ Նա մեր կուսակցության գրասենյակ է մտել մի հինգ-վեց անգամ, հատկապես այն բանից հետո, երբ ի խախտումն մեր ԿՎ որոշման՝ որոշ ՀՀՇ-ական ղեկավարների ջանքերով ընդգրկվեց համամասնական ցուցակում։ Ընտրվելուց հետո նա իրեն կոռեկտ չի պահում։ Ես ինչ կարող եմ անել՝ պատասխանել մամուլով։ «Հնչակ Հայաստանին» նյութական դժվարությունների պատճառով լույս չի տեսնում։ Ինչ վերաբերվում է գրասենյակին, մենք որոշակի խոստումներով, անձամբ ես եւ մեր կուսակցությունն ընկել ենք ահռելի պարտքի տակ։ Ես ստեղծել եւ ղեկավարել եմ Հոմենմենը, որը 40000 դոլարից ավելի պարտք է նստել իմ վրա։ Ես միայն ֆինանսավորել եմ։ Գրասենյակը կգնեն էլ, կվաճառեն էլ, հաշվետվություն կա։ ԿՎ-ն մարդ է ուղարկել, ստուգել են, եւ 96 թ. հուլիսի դրությամբ կուսակցությունը եւ Հոմենմենը, որ այս տարի 3-րդ տեղը գրավեց, մոտավորապես 70-80 հազար դոլար պարտք են ունեցել։ Պարտքը ես եմ վերցրել։ Կարելի է գրասենյակ ունենալ, բայց պարտք ունենալ, դուք գիտե՞ք այստեղ ինչ է նշանակում տոկոսի տակ ընկնել։ Սրանք խոհանոցային բաներ են, որ միայն փողոցային մարդը կհրապարակի։ Այս ամենը կպարզվի։ Մենք համագումար ենք ունենալու, անցյալ տարվանից ձգձգվում է իմ հիվանդության պատճառով. ես շաքար ունեմ, սրտի ծանր հիվանդություն, թոքերս ջուր է լցվում։ Ես չեմ ուզում հարցերը լուծել ի վնաս հնչակյանության, ես յոթ տարի գիշերը ցերեկին խառնելով կուսակցական կազմակերպություն եմ ստեղծել, դա իմ երեխան է, ես խեղդել չեմ ուզենա, պատահական մարդկանց ձեռքը տալ չեմ ուզենա։ Ես կդնեմ իմ պաշտոնը, կգնամ հանգստանալու, ինձ այդ կապակցությամբ անգամ տվեցին պատվո ինչ-որ բան՝ ցկյանս նախագահ, որ հիշվի։ Կգա ժամանակ, ամեն ինչ տեղը կընկնի։ Ես առայժմ Հայաստանում եմ, կարող է էլի գնամ բուժվելու, էլի կվերադառնամ, բայց մի փորձեք պարոն Սողոմոնյանի պասով գոլ խփել։ Նա էկոլոգիապես վտանգավոր է համարել «Հնչակ Հայաստանին», այն թերթը, որի միջոցով կոմսոմոլի հրահանգիչից եկել, որպես հնչակյան խորհրդարան է մտել։

Հարցազրույցը վարեց ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Հ․Գ․ Խիստ զարմանալի է, որ Եղիա Նաճարյանը դեռ կարող է տրտնջալ մամուլի՝ իր նկատմամբ անբարյացակամ վերաբերմունքից։ Ձեռնպահ մնալով այլ մեկնաբանություններից՝ միայն խորհուրդ կտայինք՝ պաշտպանություն փնտրել այն լրատվամիջոցներում, որոնք ժամանակին իր կողմից հայհոյանքների եւ ցածրակարգ «քննադատության» չեն արժանացել։ Խիստ կասկածում ենք, որ այդպիսին կգտնվի։ Ի դեպ, Եղիա Նաճարյանի մոտ գտնվող ՍԴՀԿ Հայաստանի կառույցի կնիքի մասին։ Կուսակցության նոր նախագահ Էռնեստ Սողոմոնյանն ասաց, որ զուտ բազմազբաղության հետեւանքով ծանուցում չի հրապարակել, թե այդ կնիքն այլեւս անվավեր է։ Սա հրապարակում ենք իբրեւ պաշտոնական հայտարարություն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031