Լրահոս
Օրվա լրահոսը

Կաշառք չի վերցրել, բայց մաքսայինի պետի հետ խնդիրներ ունի

Մայիս 21,1998 00:00
gagik poghosyan

«Առավոտն» արդեն հաղորդել էր, որ ԱԺ պատգամավոր, հայ-իտալական «Իմակ» ֆիրմայի տնօրեն Գագիկ Պողոսյանը վերջերս նշանակվել էր Արարատյան տարածաշրջանի մաքսատան պետ։ Նա այդ պաշտոնում շատ կարճ մնաց եւ այժմ նոր պաշտոն ունի՝ կառավարության վերահսկողության ծառայության պետն է։ Երեք տարբեր պատգամավորներ մասնավոր զրույցներում հավաստիացնում էին, որ Գագիկ Պողոսյանի պաշտոնանկության պատճառը կաշառքով ինչ-որ գործ դասավորելն է եղել, եւ այդ առիթով անգամ սրամտում էին, թե այժմ էլ նա պիտի կառավարությունում կաշառքները վերահսկի։ Գուցե թե մեր արարքը միամտություն էր, բայց, այնուամենայնիվ, մասնագիտական սկզբունքներից ելնելով, փորձեցինք այս ամենը պարզել Գագիկ Պողոսյանի հետ։

– Ասում են, թե միայն 4 օր աշխատեցիք իբրեւ Արարատի մաքսատան պետ։ Պատճառը ո՞րն էր։

– 10 օր եմ աշխատել։ Պատճառները թույլ տվեք չասել։

– Ըստ որոշ տեղեկությունների, պատճառն այն է, որ կաշառք եք վերցրել։

– Ինձ էլ են այդ մեկնաբանությունները հասել։ Բայց հարցին հարցով պատասխանեմ. պաշտոնս տասնապատիկ անգամ բարձրացրել են՝ եթե այդ լուրն իրականությանը համապատասխաներ՝ ինձ այդ պատասխանատու պաշտոնին կնշանակեի՞ն։

– Դժվարանում եմ պատասխանել։ Այնուամենայնիվ, եթե ձեր պաշտոնաթողության իրական պատճառները չնշեք՝ կասկածը մնալու է։

– Մաքսային վարչության պետի հետ տնտեսական, քաղաքական եւ գաղափարախոսական անհամաձայնություններ ունեի։ Նաեւ տարբեր էին մոտեցումներն աշխատանքի նկատմամբ։ Սակագների մասին օրենքով տնտեսական անվտանգության խնդիրները մաքսային վարչության ապահովելիքն է։ Կարեւորում եմ նաեւ ներքին շուկայի ապահովության, մեր արտադրողների շահերի պաշտպանությունը եւ այլն։ Բայց մաքսային վարչության ղեկավարությունն այսօր հաշվի չի առնում այդ ամենը։ Ես մտածում էի ե՛ւ բյուջեի կատարողականի պլանի մասին, ե՛ւ օրենքների ճիշտ կիրառման, ե՛ւ օրենսդրական դաշտի կատարելագործման մասին։ Իսկ մաքսային վարչության պետը միայն բյուջեի մասին է մտածում։ Սրանք էին մեր հիմնական տարաձայնությունները։ Այդ խնդիրների շուրջ էլ անհամաձայնություններ ունեցանք եւ ես հրաժարական տվեցի։ Բայց այդ 10 օրում, իմ կարծիքով, ոչ քիչ աշխատանք կատարվեց։ Արտոնյալ պայմաններով, փաստորեն, ոչ մեկը չանցավ այդ մաքսատնով։ Կարծում եմ, որ ճիշտ աշխատանքի հիմքերը դրվեցին։ Իմ կողմից մի քանի օրվա ընթացքում աշխատանքային խումբ ստեղծվեց, որ պիտի փորձի այս ոլորտում ուղղակի բացակայող օրենսդրական դաշտը ձեւավորել։ Իմ աչքերով, մաքսային համակարգն այսօր քանդված վիճակում է՝ ձեւակերպումների կարգ չկա եւ այլն։

– Եվ ձեր այս գործողություննե՞րը մաքսային վարչության պետի հետ հակասությունների հանգեցրին։

– Միանշանակ՝ այո։

Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031