Լրահոս
Օրվա լրահոսը

Եռագույնի փառքը

Մայիս 28,1998 00:00
Gorgisyan

Ստորեւ ներկայացվողը հոդված չէ, բանավոր խոսք է՝ ասված ակադեմիկոս Վարագ Առաքելյանի կողմից ազգային հերոս Մովսես Գորգիսյանի շիրիմին։

Այսօր լրանում է հայոց եռագույնը ժողովրդին վերադարձնելու 10 տարին։ 1988-ի մայիսի 28-ին այն վեր պարզեց Մովսես Գորգիսյանը եւ ընդմիշտ մնաց պատմության մեջ։ Մովսեսը իմ աչքի առջեւ երկու տարվա մեջ դարձավ առաջնորդ։ Գիտեի, որ նա բանտից ու աքսորից չի երկյուղում, գիտեի, որ նա գիշեր ու զօր նվիրված էր կազմակերպության գործերին եւ քուն ու դադար չուներ, բայց չգիտեի, որ նա գնդակից էլ չի երկյուղում։ Բայց, սիրելի զավակս, մինչեւ հիմա չէի հասկացել, որ առաջնորդն ինչ-որ տեղ վախ էլ պետք է ունենա։ Քեզ մի քիչ պետք էր դրանից, որպեսզի մենք չկորցնեինք Քեզ, քանզի Դու մեզ համար այսօր՝ այս տագնապալի ու ճգնաժամային օրերին՝ հացի, ջրի եւ օդի նման պետք էիր։

Մեր ոչ մեկ առաջնորդ մարտիկը այդքան վաղ չի լքել մեզ։ Դու չգիտեի՞ր արդեն սրբացած հայդուկների կարգախոսը. «Ով զարկվի՝ դավաճան է»։ Բայց թանկագին Մովսես, այս օրերին կարելի՞ էր դավաճանել, եւ այսքան վաղ, երբ Դու ընդամենը քսանութ տարեկան էիր։ Ո՞վ Քեզ վիրավորանք հասցրեց, ո՞վ Քեզ ասաց, որ Դու էլ կռվի առաջին գիծ պետք է գնաս։ Դու այստեղ շատ ավելի էիր պետք, քան այնտեղ՝ ճակատի առաջին գծում։ Դու Քո եղերական մահով նվիրեցիր ՄԵԾ ՔՐԻՍՏԱՓՈՐԻՆ, որը թողեց Ժնեւը եւ եկավ Բուլղարիա, որպեսզի Վիտոշի վրա փորձեր կարմիր սուլթանի դեմ իր ձեռքով պատրաստված ռումբը։ Սակայն ասում են, մեկը նրան ակնարկել էր, որ նա կաբինետային առաջնորդ է։ Իսկ Քեզ ոչ ոք չէր կարող այդ ասել։

Դու խիզախ մարտիկ էիր, քուն ու դադար չունեիր: Քո բոլոր հանդգնությունները պսակվեցին փայլուն հաջողությամբ։ Առաջինը Դու էիր, որ անկախության հրապարակում բարձրացրիր մեր անկախության վեհ Եռագույնը, այդ օրը պայծառ մայիսի 28-ն էր, երանելի պահ էր, օրվա հերոսը դու էիր, մեր անկախության սրբազնագույն օրն էր, իսկ այժմ Եռագույնը ծածանվում է բարձր աշտարակների վրա, շենքերի կատարներին, այն ծածանվում է նաեւ ողջ հայության հոգիներում։ Դու անվիճելիորեն հաստատեցիր, որ Դու Նժդեհյան մակարդակի առաջնորդ էիր եւ նրա նման պաշտեցիր Քո ազնվական ցեղը եւ դարձար այդ ցեղի նոր եւ սուրբ նահատակը՝ Քո պաշտամունքին զոհաբերելով Քեզ՝ Քո թանկագին կյանքը։ Դու կարող ես այնտեղ՝ այն աշխարհում, բոլորի ներկայությամբ պարծանքով ասել. «Ինչ ունեի, նվիրեցի իմ ցեղի ազատության սուրբ գործին»։

Այնտեղ Քեզ չեն ների։ Քո կյանքն այս օրերին շատ էր պետք Քո ցեղին, այստեղ՝ այս դժբախտ հողի վրա։ Այն օրը, տարիքիս բերումով, չկարողացա Քո սուրբ նշխարները հուղարկավորել, այսօր եկել եմ իմ ալեհեր գլուխը խոնարհելու Քո թարմ շիրմաթմբին եւ խնդրելու Քեզանից, որ ՄԵԾ ՄԵՌՅԱԼՆԵՐԻՆ ասես, որ մենք նորից Ձեր զինվորներն ենք, նորից գոտեմարտի ենք դուրս եկել մեր հին արյունարբու ոսոխի դեմ, որպեսզի մեր ակութներում դարձյալ վառենք մեր հին ուխտի կրակը, որը 70 տարի անհանգչելի մխում էր մեր հոգիներում։ Ասա՛ նրանց, որ բարեկամի դիմակ հագած սարմաթական սպիտակ արջը իր դիմակը դեն է շպրտել եւ սրված ժանիքներն է ցցել մեր առջեւ։

Ինչ Քո գործին է վերաբերում, թանկագի՛ն ՄՈՎՍԵՍ, Քեզնից դաս առած Քո գաղափարակից ընկերներն ունեն արիությունն ու ցեղապաշտությունը, որպեսզի ամուր հիմքերի վրա պահպանեն ու հզորացնեն Քո կազմակերպությունը։ Իսկ Դու, անհանգիստ ու խիզախ հոգի, հանգստացի՛ր հայրենի սրբացած հողի տակ, քանզի հայրենիքի ու ազգի համար ընկար, Դու հավիտյան ապրեցար։ Նաեւ ներիր մեզ, որ Քո գլխի տակ զենք չդրինք, որովհետեւ քաջերի բարձն իրենց զենքն է։

ՎԱՐԱԳ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հ. Գ. Կան մարդիկ, որոնց բանուգործն ուրիշի արածը գողանալն է։ Մեղմ եմ ասում։ Այդպիսի մեկն է ոմն Ռաֆիկ Համբարձումեան, որն առիթը բաց չի թողնում եռագույնի պարզելու փաստն իր անձին վերագրել։ Վերջին անգամ փորձեց անցյալ կիրակի «Բարեւ» հեռուստածրագրում։ Ստիպված եմ հիշեցնել. այդ օրը տասը տարի առաջ Ռաֆիկ Համբարձումեանը, նույն ինքը՝ Համազասպը, համեստորեն թաքնվել էր հաստաբուն ծառերի արանքում, հարթակից խիստ հեռու։ Կոնսպիրացիայի կանոնները չէր խախտում։ Խախտեց միայն վերջերս, երբ համոզվեց, որ իր վախն անհեթեթ է այլեւս։ Իսկ երբ լավ համոզվեց՝ սկսեց չափն անցնել, իրեն ուսուցիչ հռչակել։ Ընդամենը մի տասնամյակ է անցել, եղածը մոռացության մատնելու համար չնչին ժամանակ, եւ այս ամենը գրեցի մի պատճառով միայն. պատմության мародер-ներին ասել, թե ով են իրենք։ Հատկապես այս մեկը։ Թե չէ, մի օր կպարզվի, որ Հայկ Նահապետը կեղծանուն է միայն, որի տակ թաքնված էր վսեմաշուք այր մի, Ռաֆիկ Համբարձումեան անունը։

ՈՍԿԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031