Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՏՈՆ Է, ՈՐ ՄԻՇՏ ՄԵԶ ՀԵՏ Է

Հուլիս 07,1998 15:53

Թոխյանը չորրորդ իշխանության վրա աչք ունի

Սահմանադրական փոփոխությունները նախապատրաստող՝ նախագահին առընթեր հանձնաժողովի վերջին նիստում քննարկվում էին իշխանություններին առնչվող փոփոխությունների առաջարկները։ Ֆելիքս Թոխյանի ներկայացրածում, ինչպես Գագիկ Ջհանգիրյանը բնորոշեց, նախագահին գործադիր իշխանությունից կտրում, տանում են… բայց ո՞ւր։ «Ինքնուրույն պրեզիդենտական իշխանություն, ոչ մեկի մեջ չի մտնում»,- ասաց նաեւ սահմանադրական դատարանի անդամ Թոխյանը։ Տեղերից վրա տվեցին՝ ի՞նչ է, չորրո՞րդ իշխանություն։ Այս տարբերակի դեմ շուտով մամուլի ասուլիս կհրավիրեն մի հորիզոնականով ներքեւ տեղափոխվելու վտանգի տակ հայտնված ԶԼՄ-ները՝ «Ձեռք չբարձրացնեք մեր պատվավոր չորրորդ տեղի վրա» կարգախոսով։

Վարչապետը նախագահից բարձր ա, չե՞ս հավատում՝ Հայրիկյանից հարցրու

Պարույր Հայրիկյանի ներկայացրածում նախագահի ինստիտուտին փոխարինում է վարչապետ-փոխվարչապետ ինստիտուտը։ Առաջարկվում է, որ վարչապետն ու փոխվարչապետը համատեղ ընտրվեն ՀՀ քաղաքացիների կողմից՝ երեք տարի ժամկետով, Քրիստոսի ծննդից հաշված՝ յուրաքանչյուր երրորդ տարվա սեպտեմբերին։ Թեկնածության համար նվազագույն տարիք է առաջարկվում 30-ը։ Նույն անձը, ըստ այդ տարբերակի, չի կարող ավելի քան երեք անգամ անընդմեջ ընտրվել վարչապետի պաշտոնում։

Ամերիկան շատ հաց ու պանիր պիտի ուտի…

Ֆելիքս Թոխյանի մտավախությանը, թե Հայրիկյանի առաջարկածին նման մոդելները, երբ Ամերիկայի պես քաղաքակրթված հասարակություն չի եղել, բերել են անձնական, նախագահական մենիշխանության, Հայրիկյանը պատասխանեց. «Շատ բաներում մենք հետ ենք, բայց քրիստոնեությունն առաջինը հայերն են ընդունել՝ որպես պետական կրոն»։

Խայտառակ օրինակ

Իր առաջարկած տարբերակը պաշտպանելիս Հայրիկյանն ասաց. «Եթե ԱՄՆ-ի պես մեծ երկրում կամ Վրաստանի պես մեզնից երկու անգամ մեծ եւ շատ ավելի բարդ խնդիրներ ունեցող երկրում Շեւարդնաձեն կարողանում է աշխատել՝ չնայած իր զառամյալ տարիքին, մեր երիտասարդ, հուսով եմ, նախագահները կկարողանան աշխատել»։ Նաեւ զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը տեղից բողոքեց. «Շեւարդնաձեի օրինակը մի բերեք, խայտառակ բան ա, երկրի կեսը տվել ա, կեսն էլ կարող ա հիմա տա»։

Սպասվում են թեժ մարտեր

Չնայած նիստի ժամանակ գրեթե վեճի մեջ ներքաշվեցին Շավարշ Քոչարյանն ու Պարույր Հայրիկյանը, վերջինս հետո պիտի ասեր՝ «Այս սեղանը մի թամադա ունի», բայց հանձնաժողովի թիվ մեկ տուրուդմփոցը Ֆելիքս Թոխյանը համարում է երկքաղաքացիության խնդրի շուրջ առաջիկայում սպասվող քննարկումները։

Ռ. Դ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031