Լրահոս
Օրվա լրահոսը

ԷԳ ՎԱԳՐԵՐԸ ԶԱՐՄԱՑԱԾ ԵՆ ԵՎ ԽԻՍՏ ԶԱՅՐԱՑԱԾ

Օգոստոս 15,1998 00:00
vagr

Խաբված ավանդատուների անունից շնորհակալություն եմ հայտնում «Առավոտին», որ գոնե թերթի միջամտությամբ, գրավոր պատասխան ստացա ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ռեֆերենտ պարոն Արմեն Դավթյանից։

Խոսքը վերաբերում է ս.թ օգոստոսի 7-ի թիվ 150-ի «Եվ այլն» բաժնում «Էգ վագրերը ստո՞ւմ են» պարզաբանմանը։ Ցավում եմ, որ պրն Դավթյանը ընտրել է թերթի միջոցով պատասխանելու ձեւը, եւ ոչ օրենքով սահմանված կարգը։ Ուստի խնդրում եմ տպագրել նաեւ մեր պարզաբանումը։

5-րդ դարի հայ պատմիչ Ղազար Փարպեցին գրել է. «Պատմությունը շարադրելիս պետք է ստույգ գրել, չեղածը չավելացնել, եղածները չպակասեցնել»։ Այս իմաստուն ու խրատական միտքը, որ գրվել է 1500 տարի առաջ, այսօր էլ արդիական է, եւ վերաբերում է ոչ միայն պատմաբանին ու գրողին, այլեւ մեզ, բոլորիս, մեկ բառի ու մտքի սխալը կարող է ճակատագրական լինել, ողբերգական հետեւանք ունենալ։ Ուրեմն, հարգելի պրն Դավթյան, եկեք գրենք ստույգ, ճիշտ։ Մեր հեռախոսազրույցի ընթացքում, Ձեր կողմից բառացիորեն ասվել է հետեւյալը. «ՀՀ նախագահը չի կարող Ձեզ ընդունել, սակայն Ձեր կողմից բարձրացված հարցերը կուղարկվեն կառավարության քննարկմանը»։

Իմ պատասխանը. «Հարգելի պրն Դավթյան, բայց չէ՞ որ ՀՀ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում մենք մեր ձայնը տվել ենք պրն Քոչարյանին, եւ այսօր մենք միայն նրա հետ ենք ուզում հանդիպել, եւ նրան ներկայացնել մեզ մոտ եղած, հարցին առնչվող հիմնավոր փաստաթղթեր։ Այդ ինչպե՞ս է, որ նախագահը ժամանակ ունի ընդունելու կանանց հասարակական կազմակերպություններին, որոնք չգիտես, թե ինչո՞վ են զբաղված, իսկ մի քաղաքական կազմակերպություն, որն իսկապես ժողովրդինն է, եւ որի թիկունքում 500.000 մարդ կա (խաբված ավանդատու ընտանիքի անդամներով), չի կամենում ընդունել։

Խնդրում եմ բառացիորեն ՀՀ նախագահին փոխանցել, որ խաբված ավանդատուները նման մոտեցումից խիստ վրդովված են, այսուհետեւ ինձ համար դժվար կլինի նրանց զերծ պահել անցանկալի քայլերից, ուստի կրկին անգամ խնդրում ենք ընդունել մեր պատվիրակներին» (այս խոսակցության ժամանակ իմ կողքին 5-6 ավանդատու կար)։ Դուք ասացիք, որ կառավարությունում հարցը քննարկելիս, ինձ նույնպես մասնակից կդարձնեն։ «Բայց չէ՞ որ, հարգելի Դավթյան,- ասացի ես,- վարչապետ Արմեն Դարբինյանի արհեստավարժության շնորհիվ երբ նա ՀՀ ԿԲ նախագահի տեղակալն էր եւ արտոնագրեր տվողը, Հայաստանում ի հայտ եկան խաբված ավանդատուներ»։ Եվ վերջ։ Այնպես որ, խնդրում եմ բառերի իմպրովիզացիա չանել։

Ի դեպ, մենք Ձեր խնդրանքով ներկայացրել էինք ոչ թե առաջարկություններ, այլ ՀՀ նախագահի հետ զրույցի հիմնական թեման։ Ինձ թվում է՝ դրանք տարբեր հասկացություններ են։ Այն, որ Ձեր պատասխանը մտացածին է (նախագահը տեղյակ չէ), հիմնավորում է այն իրողությունը, որ դա ընդհանուր քաղաքականություն է, բայց պարզ չէ, դա Ձեր սեփական դիրքորոշո՞ւմն է, թե՞ որոշված է նախագահի խորհրդականների կողմից, քանի որ մինչ Ձեր մերժման պատասխանը, մենք դիմել էինք նախագահի խորհրդական Վահան Հովհաննիսյանի օգնական՝ դաշնակցական Բագրատ Եսայանին, քանի որ պրն Հովհաննիսյանին շուրջ 1,5 ամիս հնարավոր չէր տեղում բռնացնել։

Բագրատ Եսայանը ուղղակի, առանց վարանելու, պատասխանեց, որ հնարավոր չի համարում ՀՀ նախագահի կողմից մեզ ընդունելը, քանի որ ՀՀ նախագահական ընտրություններին մենք համարձակվել ենք համագործակցել կոմունիստների հետ։ եվ վերջինը, քանի որ հարգարժան պրն Դավթյանը որոշել է թերթով հաղորդակցվել մեզ հետ, ուստի խնդրում ենք պարզաբանել, ինչպե՞ս հասկանալ այն միտքը, որ պրն Քոչարյանի կողմից ընդունելության հնարավորությունը հետագայում չի բացառվում։

Ինչպե՞ս հասկանալ հետագա-ի իմաստը՝ վա՞ղը, մեկ շաբաթի՞ց, 3 տարի հետո՞, թե՞ հաջորդ նախագահական ընտրություններին։ Ինչ վերաբերում է Էգ վագրերի ստելուն, ապա պետք է ասեմ, որ էգ վագրերը ստելու ընդունակություն չունեն, էգ վագրերը զարմացած են եւ խիստ զայրացած։

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՂԱԶԱՐՅԱՆ

«Հայկանդուխտ» ԱԺԿ-ի նախագահ ՀՀ խաբված ավանդատուների շահերի պաշտպան,

13.08.1998

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31