Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԶՊԵՏԸ՝ ԸՆԿԵՐ, ՆԱԽԱՐԱՐԸ՝ ՊԱՐՈՆ

Հոկտեմբեր 10,1998 00:00 Share
Gagik Eganyan

Ընտանեկան նպաստի համակարգի ներդրման նախապատրաստական ընթացքին ծանոթանալու, համայնքապետերին հարկավոր հրահանգները տալու նպատակով ՀՀ սոցապ նախարար Գագիկ Եգանյանն իր պտույտն ավարտեց Արագածոտնի մարզպետարանում։ Մարզպետ Հրայր Կարապետյանն այս առիթով (մի քանի այլ առիթներով եւս) խորհրդակցության էր հրավիրել մարզի բոլոր գյուղապետերին, քաղաքապետերին, սոցիալական ծառայությունների պետերին։

Նորից ու դարձյալ ընտանեկան նպաստի մասին

Հարկ եմ համարում հիշեցնել բոլոր քաղաքացիներին (եւ գյուղացիներին), ովքեր ընտանեկան նպաստ են ակնկալում, որ այս համակարգի ներդրումից հետո իրենք զրկվելու են ե՛ւ երեխաներին տրվող նպաստներից, ե՛ւ արտոնությունների դիմաց տրվող փոխհատուցումներից։ Այդ ամենը դառնալու է մեկ գումար, հավանաբար, 7 հազար դրամի չափով, կախված տվյալ ընտանիքի կարիքավորության միավորից։ Ասում են մինչեւ այսօր սոցիալական հավասարության սկզբունքն էր իշխում։ Զգուշացնեմ, որ այս համակարգը հավակնություն ունի անցնել սոցիալական արդարության։ Անհատին տրվող նպաստը կփոխարինվի ընտանիքին տրվող նպաստով։

Սոցապ նախարարը ներկաներին դարձյալ փաստեց, թե անկախությունից հետո սա ամենամեծ սոցիալական ծրագիրն է եւ նախատեսված է անցկացնել եկող տարվա հունվարից։ Թեպետ կրկնված լինելու վտանգ կա, այնուամենայնիվ, հիշեցնեմ, որ պաշտոնյաների (նաեւ՝ սոցիոլոգների) կարծիքով, մեր երկրում դժվար է, եթե չասեմ՝ անհնարին, որոշել կարիքավորության աստիճանը։ Այստեղ նախարարը կրկին հիշեց արդեն հռչակավոր դարձած, իր կարծիքով դիպուկ համեմատությունը՝ երկնքին նայելու եւ ըստ աստղերի քանակի ու փայլի, հաջորդ օրվա եղանակը կանխատեսելու մասին։

Գյուղապետերին՝ ոչ մի սեւ հացի փող

«Փարոս»-ում փաստագրվածների ցուցակներից «առավել ցցուն հարուստներին», մինչեւ նոյեմբերի 1-ը մաքրելու հանձնարարությունը տրվեց նաեւ այս մարզում։ Այս գործի առաջին պատասխանատուն գյուղապետերը եւ համայնքապետերը պետք է լինեն, քանի որ նրանք ամենից լավ գիտեն իրենց համագյուղացիների սոցիալական վիճակը։ Սակայն, գրեթե բոլոր մարզերում գյուղապետերը չեն ցանկանում այս հարցի պատասխանատվությունը վերցնել իրենց ուսերին։ Նախ՝ ծանոթ-խնամիական, ախպեր-հարեւանական կապի խնդիր է, եւ երկրորդ՝ գյուղապետերի կարծիքով բոլորն էլ «քյասիբ» են։ Կա մեկ այլ խիստ կարեւոր պատճառ եւս։ Գյուղապետերը (հատկապես Շիրակի մարզում) իրենք եւս գրանցված են այդ ցուցակներում, իսկ նախարարի կարծիքով՝ էլ ինչ գյուղապետ, որ իր տունը չի կարողանում պահել։ Ինչպես միշտ, գյուղապետերի շարքում էի նստած եւ չէի կարող չլսել հետեւյալ թեթեւ ռեպլիկը՝ «Էս կաշառքի նամյոկ ա՞ անում»։ Կարծիքս այն է, որ որեւէ բանի «նամյոկ» չէր արվում։ Իսկ գյուղապետն, իրոք, պարզապես պարտավոր է իմանալ աշխատելու ձեւը, պետությանը տվածը իրական աղքատին հասցնել եւ ոչ թե իր կողմը քաշել։

Կլինեն դուրս մնացածներ

Փոխհատուցումներ եւ նպաստներ այսօր ստանում է մոտ 450 հազար մարդ։ Հասկանալի է, որ համակարգի ներդրումներից հետո շատերը կզրկվեն նպաստից եւ փոխհատուցումից, ինչպես նաեւ ընտանեկան նպաստից։ Իհարկե, սպասելի են սոցիալական դժգոհություններ։ Դուրս մնացողներին հունվար-փետրվար ամիսներին կտրվի որոշ մարդասիրական օգնություն։ Հարուստներին ցուցակներից մաքրելու՝ կառավարության այս պահանջն Արագածոտնի մարզում հետաքրքիր մեկնաբանություն ստացավ՝ «ասենք 37 թիվն է, էլի»։ «Ի՞նչ 37 թիվ, բա էս պետության մեջ ո՞նց հարուստին աղքատից ջոկենք»,- ակնհայտորեն դժգոհեց նախարարը։ Հարուստներին հայտնաբերելու մի քանի չափանիշների շարքում նշվեց նաեւ անասուն ունենալը։ Իսկ մի քանի գյուղապետերի կարծիքով՝ հնարավոր է անասունն էլ սատկի, իսկ սեփականաշնորհված հողը (հատկապես Ապարանի շրջանի մի շարք ոչ բերքատու հողեր) գյուղացին կվերադարձնի հանուն նպաստի։ Իսկ Թալինի շրջանի Արագածավան գյուղի գյուղապետի (գյուղը 40 կմ հեռու է շրջկենտրոնից) համար պարզ չէր՝ եթե հարուստներին հանում են, աղքատներն էլ մեքենա չունեն, ո՞նց հասնեն շրջկենտրոն եւ իրենց հարցերը լուծեն։

Գյուղը հրաժարվել է մարդասիրականից

Չքնաղ գյուղի գյուղապետ Վ. Դավթյանի համար այնքան էլ ընդունելի չէին ընտանեկան նպաստի համակարգի անցման չափանիշները։ Օրինակ՝ ինչո՞ւ կտրել հաշմանդամ երեխայի հասանելիք նպաստը, ի՞նչ անենք, թե ընտանիքը քիչ թե շատ կարողանում է ապրել։ Կամ՝ ի՞նչ է նշանակում չորս եւ ավելի երեխա ունեցող ընտանիքը զրկել երեխայի նպաստից եւ այլն։ Իսկ Չքնաղ գյուղը ազգային արժեք է, նրա նմանը երեւի հանրապետությունում չկա։ Ամբողջ գյուղը հրաժարվել է որեւէ մարդասիրական օգնությունից. «Ժողովուրդն ինքն իրեն պահել է»։ Իսկ «ցարական Ռուսաստանի ժամանակներում», որպես առավել ծանր գյուղ, Չքնաղն ազատված է եղել բոլոր հարկերից։

Հայի հետին խելքը

Հայի խելքի այս տեսակը դրսեւորվեց ազգային փոքրամասնության ներկայացուցիչ, Շամիրամ գյուղի գյուղապետ Մրազ Մրոյանի խոսքում։ Երկար-բարակ քննարկումից եւ հարցուպատասխանից հոգնած, պրն Մրոյանը չդիմացավ. «Թղթերը բաժանեք, մենք գիտենք մեր անելիքը»։ Այս միտքը բոլորի սրտովն էր, իսկ երբ հարցրի հեղինակի անունը, ներկա մի խումբ գյուղապետեր ոգեւորվեցին. «Մրազ, «Առավոտի» մեջ մտար»։

Վերջից՝ առաջ

Ընտանեկան նպաստի համակարգի անցման նախապատրաստական շրջայց-մարաթոնը երեկ ավարտվեց։ Մնաց մնացածը։ Ընտանեկան նպաստի տվածն ու վերցրածը հնարավոր կլինի կշռել համակարգի ներդրումից հետո։ Իմ սուբյեկտիվ դիտարկմամբ, այս համակարգից ավելի շատ դժգոհելու են, քան… Շատ կուզեի սխալված լինել, բայց, բյուջեով այս համակարգին տրամադրվող փողն այնքան քիչ է, որ գրեթե փող չէ։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Հ. Գ. Խորհրդակցության ընթացքում բոլոր ելույթ ունեցող ապարանցիների, թալինցիների ու աշտարակցիների համար նախարարը պարոն էր, իսկ մարզպետ Հրայր Կարապետյանը՝ ընկեր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031