Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԽ, ՆԵՐՎԵ՜Ր, ՆԵՐՎԵ՜Ր»

Հոկտեմբեր 15,1998 00:00
Colak Hakobyan

Հարցազրույց առողջապահության նախարարության գլխավոր փսիխոթերապեւտ, Նեւրոզների եւ այլ սահմանային վիճակների կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ցոլակ Հակոբյանի հետ։ Նպատակն է պարզել, թե ինչո՞ւ եւ ինչպե՞ս շատացան այսքան նյարդային մարդիկ, ի՞նչ խնդիրներ ունեն եւ կգտնե՞ն արդյոք խաղաղվելու ուղիներ։

«Այսօր ամբողջ առողջապահության համակարգը քննադատության տակ է։ Ես կխնդրեմ անպայման սրա մասին գրեք։ Այդ քննադատությունը օգուտ չի տալիս ոչ մեկին։ Սա աշխատող ցանց է։ Իհարկե, մեզ մոտ էլ կան մինուսներ, լինում են եւ վատ մարդիկ, բայց չի կարելի մի վատ մարդու արածը տարածել բոլորի վրա։ Դա խանգարում է առաջին հերթին բժիշկ-հիվանդ հարաբերությանը։ Հիվանդները գալիս են, արդեն մտածելով թե բժիշկները վատն են, սուտասան։ Այսօր ամենից շատ վիրաբույժներին են կպչում, բայց ես կարող եմ ծանոթացնել հիանալի վիրաբույժների, որոնք վիրահատում են, հետն էլ գիշերները քնում են հիվանդի մահճակալի կողքին, որ անպայման նրան փրկեն։ Այ, սրա մասին գրեք, սա է մեզ պետք։ Վատը գրեցիք, էսօր մասնագետները կվերկենան ու կգնան, արդեն գնացել են շատերը։ Հետո ո՞վ է բուժելու։ Հարուստները կբուժվեն ֆրանսիաներում, գերմանիաներում, ամերիկաներում, մենք կմնանք առանց բժշկի»։

Այս միտքը մեր զրույցի ավարտին ասվեց, եւ պարոն Հակոբյանը հատուկ խնդրեց այն նույնությամբ տպագրել։ Այս դեպքում կատարում եմ զրուցակցիս խնդրանքը, նկատի ունենալով, որ նա գործ ունի հատուկ հիվանդության հետ, սակայն հարկ եմ համարում շեշտել, որ զրուցակցիս մտքերին այնքան էլ համաձայն չեմ, հատկապես այն մասով, որն առնչվում է բժիշկների հեռանալուն։ Վաղուց արդեն հայտնի է, թե ինչու են հեռանում լավագույն մասնագետները։ Պատճառը հաստատ լրագրողները չեն, պատճառը հենց նույն առողջապահության համակարգում պետք է փնտրել։

– Այժմ անցնենք բուն նյութին։ Եվ այսպես, ովքե՞ր են նեւրոզով հիվանդները։

– Նեւրոզները լինում են այն ժամանակ, երբ մարդը իր կյանքում հայտնվում է հոգեբանական փակուղու մեջ, որից չի կարողանում ելք գտնել։ Բոլոր պրոբլեմներն ունեն իրենց հոգեբանական դրսեւորումը։ Կարեւոր է, թե անձը ինչպե՞ս է մոտենում իր պրոբլեմներին։ «Աբսոլյուտ» երեւույթներ չկան։ Այստեղ աղքատի եւ հարուստի խնդիր չէ, լավ կամ վատ կյանքից չէ։ Կարեւոր է, թե մարդ ինչպես է մոտենում իր կյանքին, ինչպես է գնահատում։ Դիմացինի պատճառը կարող է ծիծաղելի թվալ ինձ, բայց իմ սեփականը ինձ համար շատ կարեւոր է։ Երբ մենք հանդիպում ենք որեւէ պրոբլեմի, փորձում ենք այդ պրոբլեմը ինչ-որ ձեւով հաղթահարել։ Սովորաբար ընդունված է այսպես, որ կան նորմալ մարդիկ եւ կան հոգեկան հիվանդներ, դրանց արանքում գտնվող մարդը կոչվում է սահմանային վիճակի մարդ։ Այս վիճակը իր բազմազանությամբ եւ քանակական բնութագրով ավելի մեծ է։

– Իսկ ձեր դիտարկումներն ի՞նչ են ասում, ինչպիսի՞ մարդիկ են ավելի շատ՝ նորմալնե՞րը, հոգեկան հիվանդնե՞րը, թե՞ սահմանայինները։

– Սահմանային վիճակները երեւի այսօր ավելի շատ են։ Մեր հիվանդանոց ընդունվում են ամենատարբեր մարդիկ, սկսած նորմալից, որովհետեւ նորմալ մարդիկ եւս ունենում են ամենատարբեր տեսակի պրոբլեմներ։ Սահմանային վիճակում գտնվում են տարբեր հիվանդներ, որոնց մոտ կա այս կամ այն նեւրոտիկ բնույթի երեւույթը։ Սակայն այս վիճակում գտնվողները հոգեկան հիվանդներ չեն, պարզապես ունեն այս կամ այն նեւրոտիկ բնույթի նշաններ։ Օրինակ, այսօր, դարձյալ կապված նյարդային լարվածության հետ, շատ են հանդիպում կուսական ամուսնություններ։ Մարդիկ ամուսնանում են, բայց սեռական կոնտակտ չի ստացվում։ Դա առաջ էլ է եղել, բայց ավելի քիչ։ Հիմա մեր երիտասարդների նյարդային համակարգը գտնվում է մեծ լարվածության տակ։ Մեզ դիմում են նաեւ առողջ մարդիկ իրենց ամենատարբեր հոգեբանական խնդիրների պատճառով։

– Բուժումը դեղորայքայի՞ն է, թե՞ հոգեվերլուծական, կամ գուցե մեկ ա՞յլ տեսակի։

– Ինչպես օրենք, մի փոքր դեղորայքային բուժում է եւ հիմնականում՝ հոգեբանական բուժում։ Ես չասեմ՝ հոգեվերլուծական, որովհետեւ տարբեր ձեւեր են լինում։ Դրանք են փսիխոթերապիայի ամենատարբեր տեսակները, ուղղությունները, ինչպես նաեւ ասեղնաբուժություն, ֆիզիոթերապիա։ Մեծ տեղ ենք տալիս հիպնոսին, աուտոգեն մարզումներին, արվեստաբուժությանը, կոլեկտիվ, խմբակային մեթոդներին, սթրեսային փսիխոթերապիային։ Ամեն հիվանդի համար բուժումը կատարվում է անհատական, որովհետեւ բուժում ենք ոչ թե հիվանդությունը, այլ՝ հիվանդի հոգին։

– Ձեզ դիմում են ամենատարբեր խնդիրներ ունեցող մարդիկ, այսինքն՝ եթե որեւէ մեկը որեւէ խնդիր չի կարողանում լուծել, ուրեմն հիվանդ է նեւրոզո՞վ եւ գալիս է բուժվելո՞ւ։

– Մարդիկ պրոբլեմները լուծելու տարբեր ձեւեր են գտնում, եւ որոշ մարդիկ, հենց որ չեն կարողանում ելք գտնել, փախուստ են կատարում նեւրոզի մեջ։ Նեւրոզը պրոբլեմ լուծելու ձեւերից մեկն է, բայց հիվանդության միջոցով։ Այս փաստը առաջներում հաշվի չի առնվել, եւ հենց որ նեւրոզով հիվանդ էր հանդիպում, սկսում էին նրան բուժել։ Ինչքան շատ էին բուժում, նեւրոզն այնքան շատանում էր, այսինքն, սկզբնական շրջանում նեւրոզն ունի պաշտպանական իմաստ։

– Հնարավո՞ր է մարդն ինքնաբուժվի, այսինքն՝ գիտակցի իր խնդիրը, իմանա իր հիվանդությունը եւ բուժի իր հոգին։

– Չէ, այդպիսի բան չի կարող լինել։ Եզակի դեպքեր կան միայն, բայց, ինչպես օրենք՝ չի կարող։ Հիվանդը ենթագիտակցորեն փախուստ է կատարել հիվանդության մեջ։ Ամեն մարդ հիվանդանում է այն նեւրոզով, որը մոտ է իր բնավորությանը։ Եթե մարդն առաջ էգոցենտրիկ անձնավորություն էր, գտնում էր, որ բոլորը պետք է իրեն ենթարկվեն (այդպիսի դաստիարակություն է ստացել), ապա այդպիսի մարդու մոտ առաջանում է հիստերիկ նեւրոզ։ Հիվանդությունը ուղեկցվում է հիստերիկ նոպաներով, ուշագնացությամբ, ձեռքերի սառելով, տրամադրության անկայունությամբ, անքնությամբ, լացով։

Մի ուրիշ հիվանդ, որն ավելի շուտ անվստահ, պեդանտ անձնավորություն է, դաստիարակվել է այնպես, որ կորցրել է ինքնուրույնությունը (գերխնամքային դաստիարակությունը դրան է բերում), սրա մոտ առաջանում են կպչուն մտքեր, կպչուն վախեր, տրամադրությունը ընկնում է, մարդը դառնում է տխուր, կյանքը նրա համար կորցնում է իմաստը, նիհարում է, ամբողջ օրը մի վատ բանի մասին է մտածում, մեկն էլ վախենում է, թե մի վատ հիվանդությամբ կհիվանդանա։ Երրորդը վախենում է փակ տարածությունից, չի կարողանում օգտվել վերելակից, մետրոյից, ինքնաթիռից։ Մի ուրիշը սկսում է վախենալ բաց տարածությունից՝ հրապարակ, դաշտ եւ այլն։

– Դուք մեր բանավոր զրույցի ընթացքում հաճախ էիք շեշտում սեռական կյանքը եւ նրա ազդեցությունը մարդու հոգեկան վիճակի վրա։ Ստացվում է, որ սեռական ոչ լիարժեք, անբավարար հարաբերությունները կամ դրանց բացակայությունը նեւրոզի կարեւորագույն պատճառ են։

– Իհարկե, դա շատ կարեւոր է։ Ընդհատվող սեռական ակտը անխուսափելիորեն բերում է նեւրոզի ե՛ւ տղամարդուն, ե՛ւ կնոջը (ինչպես նաեւ մի շարք այլ հիվանդությունների)։ Հետեւապես նեւրոզները բուժելու համար նման դեպքերում առաջին հերթին պետք է վերացնել հիվանդության պատճառը, այսինքն՝ կարգավորել սեռական հարաբերությունները։ Բայց հաճախ պատճառը հնարավոր չի լինում վերացնել (այստեղ պրն Հակոբյանը հիշեց, թե ինչպե՞ս «կարելի է մի «կռազի» շոֆերի ասել, թե կինդ չի բավարարվում: Կտա քեզ էլ կսպանի, կնոջն էլ» – Մ. Ե.)։ Այդ դեպքում բուժումն ուղղված է լինում, որ մարդը փոխի իր վերաբերմունքը եղած պրոբլեմի նկատմամբ։

– Նեւրոզով հիվանդները վտանգավո՞ր են իրենց եւ շրջապատի համար։

– Բոլորովին վտանգավոր չեն հասարակության համար, սակայն նրանք, ինչպես օրենք, անաշխատունակ մարդիկ են, չեն կարող լիարժեք աշխատել, լիարժեք ինքնարտահայտվել, չեն կարող իրենց ուժերն ու կարողությունները դրսեւորել։ Նեւրոզի ժամանակ ընկնում է մարդու կյանքի որակը, անհատը կորցնում է կարեւոր որոշումներ ընդունելու հատկությունը, իսկ սա շատ ծանր հոգեկան վիճակ է։ Բայց միանգամից ավելացնեմ, որ նեւրոզից մարդիկ բուժվում են 100 տոկոսով, առանց որեւէ հետքի։ Նեւրոզից երբեք չեն մահանում եւ այն երբեք խելագարության չի վերածվում։ Ես սա հատուկ եմ շեշտում, որովհետեւ այս հարցերը հուզում են նեւրոզով հիվանդներին։ Նեւրոզով հիվանդն անկայուն անձնավորություն է, նրան շատ բան չի կարելի վստահել, նա ուզում է, բայց չի կարող անել։

– Հետաքրքիր է, մեր պաշտոնյաները հաճա՞խ են նեւրոզով հիվանդանում։

– Դա փակ թեմա է, չի կարելի ասել դրա մասին, ինչպես նաեւ երբեք ինֆորմացիա չի տրվում որեւէ կոնկրետ հիվանդի մասին։ Փսիխոթերապիան շատ ինտիմ պրոցես է, երբ անձը բժշկին վստահում է իր հոգու ամենանուրբ գաղտնիքները, դրանց հրապարակումը կլինի մասնագիտական հանցագործություն։

– Չէ, ուղղակի ասեք, հաճա՞խ, թե՞ ոչ այնքան։

– Այնքան, որքան բոլոր մարդիկ։ Այստեղ այնքան կարեւոր չէ աշխատանքի լարվածությունը, կամ մեծ ու փոքր լինելը, որքան, թե մարդը ինչպես է վերաբերվում այդ աշխատանքին։ Եթե այդ աշխատանքի մեջ կան մարդկային վատ հարաբերություններ, սա արդեն կարող է բերել նյարդայնացման եւ այլ հետեւանքների։

– Վճարման մասին հարցը պահեցի վերջի համար։ Սա այսօր խիստ ցավոտ հարց է։ Ձեր հիվանդանոցում ի՞նչ գներ են։

– Բուժումն արժե 51 հազար 982 դրամ։ Չգիտես ինչու, նախարարության նախկին ղեկավարությունը այս գումարը նախատեսել է 14 օրվա համար։ Դա աբսուրդ է։ Աշխարհում ոչ մի տեղ 14 օրում նեւրոզ չի բուժվում։ Այդ պատճառով մենք գումարը վերցնում ենք ամբողջ կուրսի համար, անկախ բուժման տեւողությունից։ Սա հիվանդանոցի համար մեծ տնտեսական մինուս է։ Սակայն մեր հիվանդը սոցիալապես անապահով խավից է, իսկ մենք մեր հիվանդներին շատ ենք սիրում եւ հարգում։

Հարցազրույցը վարեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031