Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ. «ԵՍ ԻՆՁ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՄ «ԼԱՎԸ»

Հոկտեմբեր 17,1998 00:00
Vazgen Manukyan

-Անգամ նկատի առնելով, որ կոնյակի գործարանի, «Արմենիա» եւ «Անի» հյուրանոցների եւ Հայկական ավիաուղիների ճակատագիրն ընդամենը 4 պակաս ձայների պայմաններում լուծվեց՝ Դուք էլի խորհրդարան չվերադարձաք։ Այդքան մե՞ծ է դժկամությունն այս ԱԺ-ի նկատմամբ, թե՞ իբրեւ ազատական տնտեսության ջատագով, չեք կարող միանալ, ըստ էության, հակասեփականաշնորհման այս շարժմանը։

-Նախ, հստակ իմ կարծիքն ասեմ, որ կոնյակի գործարանի վաճառքը համարում եմ վատ ու կասկածելի գործարք, որը չի համապատասխանում մեր պետական ու ազգային շահերին։ Ինչ վերաբերում է այդ քվեարկությանը՝ չեմ կարծում, որ իմ գնալը, կոճակ սեղմելն ու մի ձայնն ինչ-որ բան էր փոխելու։ Այնքան էլ ճիշտ չի ընկալվում՝ իրականում 4 ձայն չէր պակասում։ Շատ հստակ շարունակություն էր սա ունենալու՝ Ռոբերտ Քոչարյանը վետո էր դնելու այդ որոշման վրա, եւ 96 ձայն էր պետք լինելու այն հաղթահարելու համար։ Կարելի էր հեշտ հաշվել, որ 96 ձայն չէր հավաքվի։ Եվ, այնուամենայնիվ, եթե մի 20-30 պատգամավորների հաշվի չառնենք, սա այն խորհրդարանն է, որի տերն ի սկզբանե Լեւոն Տեր-Պետրոսյանն էր։ Իհարկե, շերտեր էլ կային (Վանո Սիրադեղյանի, Վազգեն Սարգսյանի), բայց, ըստ էության, այն ժամանակ այդ միասնական բուրգը շատ լավ էլ ծառայում էր իր տիրոջը, 1996-ին նպաստեց Լեւոն Տեր-Պետրոսյանի մնալուն, իսկ 1998-ին էլ նպաստեց Ռոբերտ Քոչարյանի գալուն։ Հիմա ԱԺ-ն կարծես անտեր է մնացել եւ սկսել տարբեր ուղղություններով շարժվել, բայց դրանից այն ավելի լավը չի դարձել։ Եվ երբ ԱԺ-ն ժողովրդին իսկապես հուզող հարց է արծարծում՝ ինչպես կոնյակի գործարանն էր, իհարկե, պետք չէ հակադրվել, բայց ես դրանից մեծ ոգեւորություն էլ չեմ ապրում։

-Նախագահի հինգ թեկնածուների հայտարարության առնչությամբ Սերգեյ Բադալյանն իր վերջին ասուլիսում հպարտացավ, թե այնքան էր կարեւորվում իր ստորագրությունը, որ համաձայնեցին, ասենք, «արմատապես վերանայել տարվող տնտեսական քաղաքականությունը» իր առաջարկին։ Հանուն ինչ-ինչ նպատակների, պատրա՞ստ եք անգամ հակընդդեմ գաղափարախոսության ներկայացուցիչների հետ համագործակցել։ Եվ հետո, չկայացած նախագահների ակումբ ստեղծելու նախադրյալնե՞ր կան։

-Հայտարարությունն, իհարկե, խմբագրվել էր տարբեր առաջարկների հիման վրա։ Անկեղծ ասած, չեմ էլ հիշում, թե ով ինչ էր առաջարկել, բայց ոչ Բադալյանի, ոչ էլ ուրիշ մեկի ստորագրությունն ամեն գնով պոկելու հարց երբեք չի եղել։ Բավական ջերմ մթնոլորտում էին հարցերը քննարկվում եւ ձեւակերպումներն այնպես էին ընտրվում, որ բոլորի համար ընդունելի լինեն։ Չեմ կարծում, թե հնգյակի «ֆորմատը» երկար ժամանակի համար է։ Եվ, այնուամենայնիվ, սա չկայացած նախագահների ակումբ չէ՝ այստեղ մի երկուսը կան, որոնք տարբեր ժամանակ նախագահ ընտրվել են, եւ ուրիշ հարց է, որ չեն դարձել։

-Դուք շարունակո՞ւմ եք այն հույսը փայփայել, որ երբեւէ երկրի նախագահ կդառնաք, թե՞ այլեւս միեւնույն է։

-Ճիշտն ասած, ես երբեք հատկապես դրան չեմ ձգտել։ Միշտ առաջնային է եղել այն համոզումը, որ «վատ» իշխանությունները պիտի հեռանան եւ «լավը» պիտի գա։ Ես ինձ համարում եմ «լավը», բայց պարտադիր չեմ համարում, որ անպայման ես «լավն» իրականացնեմ։ Մենք պայքարը շարունակելու ենք, եւ ապագայում կլինե՞մ նախագահ, թե՞ ոչ՝ կոկետություն կլիներ, եթե ասեի, որ դա ինձ բացարձակապես չի հետաքրքրում, բայց ինձ հուզող հարցն այդ չէ։ Այլ այն, որ մեր ծրագրերը տարբեր շարադրանքով կրկնելով (ինչպես այժմ է)՝ այդ գաղափարներին խորթ մարդիկ «իրենց կատարմամբ» չփչացնեն դրանք։

-Ե՛վ անձնապես Դուք, ե՛վ ԱԺՄ-ն կարծես միայն ընտրություններից առաջ եք ակտիվանում, իսկ «արանքներում» հարաբերական դադար, նահանջ ապրում, որի մեջ եք եւ այժմ։ Ճիշտ է՝ կարծես հիմա էլ ակտիվության նախանշանները կան։

-Կարծում եմ, որ սա այնքան էլ ճշմարիտ գնահատական չէ։ 1992-ից ԱԺՄ-ն ամենաակտիվ ուժերից մեկն է եղել՝ անկախ ընտրությունների պարագայից։ Համաձայն եմ, որ, իսկապես, 1998-ի ընտրություններից հետո որոշ նահանջ զգացվում է, բայց դա էլ իր պատճառներն ունի։ Անկեղծ ասած, միշտ դաշնակիցների խնդիր է ծագում։ Այժմ քաղաքական ողջ ներկապնակը տարբեր բեկորներից կազմված խճանկար է դարձել։ Բավական բարդ պատկեր է ձեւավորվել, եւ որոշ հարցերում ստիպված պիտի դաշնակցես այնպիսի ուժերի հետ, որոնց դեմ երկար տարիներ պայքարել ես։ Եվ երբեմն պիտի պայքարես այն ուժերի դեմ, որոնց հետ երկար տարիներ միասին ես եղել։

Սակայն այս ամենից բացի, կարծում եմ, արժե ժամանակ առ ժամանակ մի կողմ կանգնել, դադար տալ, որ քաղաքական ողջ պայքարը չընկալվի որպես (մի ժամանակ կար այդ ընկալումը) Վազգեն-Լեւոն կռիվ։ Մենք կամաց-կամաց ակտիվանալու ենք եւ դա մասամբ, իհարկե, ընտրություններով է պայմանավորված։ Բայց մեր պայքարի նպատակն, այնուամենայնիվ, միայն ընտրությունները չեն։ Սա դեռ ժողովրդավարական, ազատ ու կանոնավոր երկիր չէ, որտեղ քաղաքական կուսակցությունները միշտ միայն ընտրությունների ժամանակ են ակտիվանում։ Առայժմ ընտրությունների արանքում էլ լուծվելիք շատ հարցեր կան։

-Հոգեկան որոշ անհարմարություն զգո՞ւմ եք այժմ, երբ քննադատում եք երեկվա դաշնակիցներին։

-Իսկապես միշտ էլ հոգեկան անհարմարություն ես զգում, երբ պայքարում ես այն մարդկանց դեմ, որոնց հետ միասնական ճանապարհ ես անցել։ Նույնպիսի զգացումներ ունենում էի 1991-ից, երբ պայքարում էի Լեւոն Տեր-Պետրոսյանի, Վանո Սիրադեղյանի, Վազգեն Սարգսյանի դեմ։ Ներքին անհարմարություն կար, չնայած գիտեի, որ ես ճիշտ եմ։ Աշխատում էի մի որոշակի եզր չանցնել։ Նույնն էլ այժմ է։ Կարծում եմ, որ դա մարդկային զգացում է եւ պետք չէ այդ պատճառով պայքարը դադարեցնել, բայց նաեւ նորմալ չէր լինի, եթե նշանակություն չունենար, թե ում դեմ ես պայքարում։

-ԱԺՄ-ն կարծես որոշակի իներցիայով շարունակում է այդ «Վազգեն-Լեւոն կռիվը», ընդդիմություն մնալով ավելի շատ նախորդ իշխանությանը։ Միաժամանակ նաեւ զարմանում եք, որ Ռոբերտ Քոչարյանի որոշ գործողությունները նույն իրարանցումը չեն առաջացնում, որ անպայման կհետեւեր Լեւոն Տեր-Պետրոսյանի համանման արարքներին։

-«Վազգեն-Լեւոն» կռիվն ուղղակի հեշտ հիշվող բանաձեւ է, իսկ իրականում պայքարը գաղափարների շուրջ էր։ Մերոնք ինձ երբեմն դրա համար նույնիսկ մեղադրում էին, ասում. «Չե՞ս տեսնում, որ դիմացիններդ պարզ թալանի համար են պայքարում, իսկ դու այն դնում ես գաղափարական հիմքերի վրա եւ դրանով դիմացինիդ էլ բարձրացնում, իբրեւ թե նրանք էլ այլ գաղափարներ են փորձում անցկացնել»։ Նույն վիճակը նաեւ այժմ է։ Բայց ժողովուրդն այն ընկալումն ուներ, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի անձով է պայմանավորված այս ամենը՝ նա կհեռանա, եւ ամեն ինչ լավ կլինի։ Եվ երբ այդպես չեղավ, ու նախորդ վարչակարգի դեմ ուս-ուսի պայքարող կուսակցություններից մի քանիսն անցան նույնանման վարչակարգի կողմը՝ ժողովուրդը մեծ հիասթափություն ապրեց, որ բոլորն էլ նույնն են։ Եվ անկախ նրանից, թե ինչ ես ծրագրում, չես կարող այժմ հույս դնել ժողովրդի չեղած ակտիվության վրա։ Այնուամենայնիվ, այդպես չէ, թե մենք Ռոբերտ Քոչարյանին չենք քննադատում։ Ե՛վ ԱԺՄ վերջին քաղաքական համաժողովում, ե՛ւ սեպտեմբերի 25-ի հանրահավաքում քննադատություն հնչեց՝ այս է այժմ քաղաքական նեղ դարձած դաշտը:

-Գիտեմ, որ չեք սիրում որոշակի հայտարարության առնչությամբ պատասխան խոսք ասել, բայց այս խնդիրը շատ կարեւոր է։ Խոսքը ՄԱԿ-ում Ռոբերտ Քոչարյանի ելույթի՝ ցեղասպանությանը վերաբերող հատվածի մասին է։ Նպատակահարմա՞ր եք գտնում Ղարաբաղի չլուծված հիմնահարցին զուգահեռ երկրորդ կարեւոր խնդիրը միջազգային ասպարեզ հանելը։ Արդյոք Հայաստանն այժմ ունի՞ դիվանագիտական եւ այլ կարողություններ այդ երկու խնդիրների լուծմանը միաժամանակ հետամուտ լինելու համար։

-Իմաստ ուներ, որ Ռոբերտ Քոչարյանն այդ ամբիոնից ցեղասպանության մասին խոսեր՝ գուցե այլ կերպ, ուրիշ շեշտադրումներով։ Հայ դատի խնդիրն է բոլորիս քաղաքականություն բերել։ Սակայն շարժման ժամանակ էլ մի պահ եղավ, երբ Հայ դատի եւ անկախության հարցը միաժամանակ բարձրացնելն, ըստ մեր քաղաքական գնահատումների, սխալ էր եւ իրարամերժ, ու Հայ դատի խնդիրը որոշ ժամանակ ստվերում մնաց։ Իհարկե, չափազանցություններ էլ եղան։ Լեւոն Տեր-Պետրոսյանն այս հարցում մի անօգուտ ծայրահեղության մեջ էր ընկել։ Կարծում եմ, որ Հայ դատի խնդիրը կարող էր քաղաքականության մեջ մեր ժողովրդին յուրահատուկ վիճակի մեջ դնել համաշխարհային հանրության առջեւ, ինչպես հրեաներն արեցին։

Այստեղ նաեւ անհրաժեշտ է տարբերակել, որ Հայ դատը երկու շերտ ունի՝ ցեղասպանության ճանաչումն է, որն անպայման պիտի արծարծվի մեր պետության ղեկավարության կողմից եւ երկրորդն այն է, ինչ անհաջող ձեւով պահանջատիրություն է անվանվում։ Կարծում եմ, որ շատ վտանգավոր եւ սխալ կլինի, եթե մեր պետության ղեկավարությունը Հայ դատի խնդիրը պահանջատիրության իմաստով արծարծի։ Սա կնշանակի թշնամություն գրեթե բոլորի հետ։ Եվ շատ մեծ հիմարություն է Ղարաբաղի հարցն իբրեւ Հայ դատի մի բաղկացուցիչ մաս ներկայացնելը, որն այժմ շատերն են անում։ Սա հասկանալի է որպես կենցաղային խոսակցություն, բայց ոչ որպես քաղաքականություն։ Նախ Ղարաբաղի խնդիրը տարածքային ու պահանջատիրական խնդիր չէ, այլ ինքնորոշման։ Եվ հետո, չի կարելի լուծման մեջ գտնվող խնդիրը զուգադրել չլուծվող եւ համաշխարհային հանրության կողմից չընկալվող մեկ այլ հարցի հետ։ Սա հիմարությունից էլ ավելին է՝ սա հանցագործություն է մեր ժողովրդի նկատմամբ։

-Այսօրվա իրողությունների մասին խոսելով արդյոք չե՞ք խտացնում գույներն ու չափազանցնում, երբ հանրահավաքում հայտարարում եք. «Այժմ Հայաստանում շատ ավելի վատ համակարգ է, քան Խորհրդային Միությունում»։

-Ինչպես եւ ամեն մի պնդում՝ այն լիարժեք ճիշտ լինել չի կարող։ Իմ գնահատականը մի քիչ ծայրահեղացված էր՝ համակարգի մաս կազմող որոշ երեւույթներ ընդգծելու համար։ Այս հայտարարության հիմնավորումները նույն հանրահավաքում էլ ներկայացրել եմ՝ ասենք, կադրերի նշանակումները պայմանավորված են այժմ մի փոքր խմբի շահերով։ Առաջ հիմնականում Մոսկվայում էին այս հարցերը որոշվում, բայց 70-ականներից Մոսկվան միշտ հաշվի էր նստում նաեւ ժողովրդի կարծիքի հետ։ Խորհրդային Միության համակարգն ինչ-որ տեղ իր մեջ զարգացում էր պարունակում, իսկ այժմ Հայաստանում ես հասարակության տնտեսական եւ քաղաքական կյանքի այդ ներքին զարգացումը չեմ տեսնում։

-Եվս մեկ մեջբերում սեպտեմբերի 25-ի հանրահավաքում Ձեր ելույթից. «Հավաքվենք, գնանք դղյակը շրջապատելու եւ պահանջենք՝ այս րոպեին դա հնարավոր չէ։ Կգա պահը, պետք լինի, ես ինքս այստեղից կասեմ»։ Այսինքն, Դուք պատրաստ եք կրկնե՞լ սեպտեմբերի 25-ը։ Եվ ի՞նչ եք կանխատեսում, ե՞րբ կգա այդ պահը։

-Հիշեք, թե ինչպես շարունակեցի։ Ասացի, թե ցանկալի կլինի, որ մենք հարցերը քաղաքական եղանակներով լուծենք եւ խոսեցի պաշտոնազրկման խնդրի մասին։ Իհարկե, խնդիրը կարող է եւ այդպես չլուծվել եւ այնպիսի սրությամբ ընկալվել ժողովրդի կողմից, որ չբացառվի նաեւ «դղյակը շրջապատելը»։ Բայց ես ասացի՝ տա՛ Աստված, որ այդպիսի անհրաժեշտություն չառաջանա։ Սրանով ամեն ինչ ասված է։

-Կանխատեսո՞ւմ եք արդյոք, որ Ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարարությունը դարձյալ կբաժանվի։ Եվ Ձեր կարծիքով, կառավարությունը տարեվերջին ստիպվա՞ծ կլինի հրաժարական տալ։

-Իհարկե, կառավարությունը, մեղմ ասած, լավը չի։ Կան ուժեր, որոնք տարբեր պատճառներից ելնելով, ուզում են կառավարությանը գցել, եւ այստեղ դեր չունի դրա լավ կամ վատ լինելը։ Նշանակալին այն է, որ կառավարությունն իրենց վերահսկողության տակ չէ, ուստի պիտի հեռանա։ Դժվարանում եմ ասել, թե այս եւ նման շահերը գումարվելով դեկտեմբերին կհանգեցնե՞ն կառավարության հրաժարականին։ Վերջիվերջո, լուծումը պայմանավորված կլինի նրանով, թե արդյոք կհաղթե՞ն այն ուժերը, որոնք ցանկանում են կառավարությունն իրենց ձեռքը վերցնել։ ՆԳ եւ ԱԱ նախարարության բաժանման խնդիրն էլ նույն «օպերայից» է, նորից վերահսկողության խնդիր է։ Եվ բաժանվելը կամ չբաժանվելը պետական շահերով չի պայմանավորված լինելու, այլ, թե իրար հետ պայքարող ուժերից որին ինչ պետք կգա։

-Եվ վերջին մեջբերումը հանրահավաքում Ձեր խոսքից. «Հույս մի դրեք այս կամ այն մարդու կամ այս կամ այն կուսակցության վրա։ Բոլորս միասին, միայն ամբողջ ժողովրդով կարելի է այս իրավիճակը փոխել»։ Սա երեւի առաջին անգամն էր, որ Ձեր հրապարակային ելույթը չավարտեցիք «Մենք կհաղթենք» հավաստիացմամբ, պատճառն արդյոք հուսալքվածությո՞ւնը չէ։

-Անկեղծ ասած, էլի գտնում եմ, որ կհաղթենք։ Բայց «մենք» բառը միշտ ոչ կուսակցական իմաստով եմ օգտագործում։ «Մենք կհաղթենք», այսինքն՝ կհաղթեն այն գաղափարները, որոնց մենք նվիրված ենք։ Բայց մենք գիտենք, որ դրանց նվիրված են եւ այլ կուսակցության անդամներ ու ժողովրդի մի հսկայական հատված, որ ոչ մի կուսակցության մեջ չէ։ Այսպիսի ծանր վիճակում այդ նախադասությունը մարդկանց ոչ թե ոգեւորություն կհաղորդեր, այլ ձեւական բնույթ կունենար։ Մի բան էլ ասեմ. մեր ժողովուրդը միշտ սպասում է, որ մի Սասունցի Դավիթ կգա, կհաղթի եւ իրենց համար ապահով կյանք կստեղծի։ Պետք չէ Սասունցի Դավիթ որոնել ու մի կողմ քաշվել։ Ես վստահ եմ, որ էպոսի մեջ էլ Սասունցի Դավիթը ժողովուրդն է։ Եվ հիմա էլ երկիրն առաջ տանող Սասունցի Դավիթ կարող է միայն ժողովուրդը լինել։

Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031