Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՎ ԻՆՉ ՈՒԶՈՒՄ՝ ԱՍՈՒՄ Է, ԱՌԱՆՑ ՈՐԵՎԷ ԱՊԱՑՈՒՅՑԻ»

Դեկտեմբեր 05,1998 00:00
Edvard Egoryan

Հենց սկզբից լրագրողներիս բողոքեց «Օրագիրի» երեկվա հյուրը՝ Էդվարդ Եգորյանը։

Անապացույց խոսողների շարքում, չխնայելով, հակառակը՝ նույնիսկ հատուկ շեշտով, նաեւ ՀՀ նախագահին ընդգրկելով՝ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահը կարծես դրանով իր խոսքն էլ ապահովագրեց։ Ինքն այս գնահատականին երեւի թե չհամաձայնի, քանի որ իր պնդումներն անում էր անառարկելի ճշմարտություններ ասողի տոնով, իսկ մնացածներին մի լավ «քլնգեց»։ Հա՛, սխալների մասին. պրն Եգորյանը գուցե համաձայնի նախորդ իշխանությունների ողջ մեղքերն իր վրա բարդողների հետ, եթե այն տարիների բոլոր նվաճումներն էլ իրեն վերագրեն։

Այս իշխանությունների մեղքերին անդրադառնալիս՝ իբրեւ ընդդիմություն, դրանց նկատմամբ պահվածքը սկզբունքային որակեց, ոչ թե՝ ի հեճուկս իշխանություններին արվող քայլեր։ Իսկ հարցն այդպես դրեց «Օրագիր» թերթի գլխավոր խմբագիրը՝ ի պատասխան նաեւ հավաստիացվելով, որ ընդդիմությունը էլեկտրաէներգիայի սակագների, կոնյակի գործարանի վաճառքի եւ այլ հարցերում իշխանությանը հակառակվելու հիմքում լուրջ հիմնավորումներ ու հաշվարկներ ունի։ Ասենք, կոնյակի գործարանը աշխատեցնելու համար, Եգորյանի տնտեսագիտական հոտառությամբ. «Շատ մեծ խելք պետք չէ, այլ մի փոքր ազնվություն եւ նվիրվածություն երկրի նկատմամբ»։ Ըստ նրա՝ գործարանն այդ կարող է աշխատեցնել ցանկացած մի մարդ, որի «նպատակն ամեն ինչ իր գրպանը չդնելն է»։ Բայց թե որտեղի՞ց ախր գտնենք մի այդպիսի մարդ, պրն Եգորյանը չասաց։

Գերխնդիր համարելով ազատ, արդար ընտրությունների անցկացումը, այլ ոչ թե ձեռք բերած տեղերի քանակը, իշխանությունը կիսելը՝ ընտրությունների անցկացման մեծ գիտակը կանխատեսեց, որ «այս երկրի ուժեղները» կսկսեն կուսակցություններին՝ ԱԺ-ում տեղերի կամ նախարարական աթոռների խոստումներ տալ։ Եվ միայն «լուրջ, սկզբունքային» կուսակցությունները նման գայթակղությանը կդիմանան։ Անգլիացիները, որոնց ջենթլմենությանը չես կասկածի, ասում են, որ չկա չծախվող կին։ Մեր իրականությունը ցույց տվեց, որ Հայաստանում չկա չծախվող կուսակցություն։ Հիշեցնելով այս հայտնի ճշմարտությունը՝ «Առավոտը» փորձեց սադրել, թե այնուամենայնիվ, ԱԺ-ի քանի՞ տեղի եւ նախարարական քանի՞ աթոռի համար Էդվարդ Եգորյանի կուսակցությունը կհամաձայնի համագործակցել իշխանությունների հետ։

Պատասխանն այս էր. «Այնպիսի ասացվածքով սկսեցիք, որ հիմա, եթե ասեմ՝ ես նման շուկայական հարաբերություններով չեմ ընթանա, դուրս կգա, որ չափազանցնում եմ։ Բայց իրականում ես չեմ գնալու նման գործարքի, որովհետեւ ինչ-որ մեկը այդպիսի գործարքի պիտի չգնա, որպեսզի այդ երկրում հաստատվի ժողովրդավարություն։ Իմ համար բավական մեծ կոմպենսացիա է, որ համարվի, որ ես մեծ ներդրում ունեմ երկրում ժողովրդավարության հաստատման խնդրում»։ «Առավոտի» խայթոցը՝ փոխհատուցում իշխանություն եղած ժամանակ գործած մեղքերի՞, պրն Եգորյանը ոնց որ թե չհասկացավ, բացատրելով, թե՝ փոխհատուցում՝ չստացած «պորտֆելների» դիմաց։ Պետական «պորտֆելները» ժողովրդավարի հեղինակությամբ չփոխարինելու պրն Եգորյանի ցանկության իրական հիմքերը թերեւս շարունակության մեջ ասված այն մտահոգությունը պարզաբանի, որ «այդ աթոռը մնայուն հասկացություն չի, նույնիսկ եթե գործարաններ են յուրացնում, դա էլ մնայուն չէ, որովհետեւ հաջորդ իշխանությունը գալիս ձեռքից վերցնում է»։ Ի դեպ, նախորդ իշխանություններին ՔԽ-ի տված գնահատականին պրն Եգորյանն ինքը գնահատական չտվեց՝ այն խիստ ծանոթ արդարացմամբ, թե դեռ չի հասցրել ծանոթանալ։

«Առավոտի» հայտնի հրապարակումից հետո ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսան Հարությունյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու Եգորյանի պահանջով՝ դատախազությունում քննությունը շարունակվում է՝ չնայած վերջինս այնքան «նայիվ» չէ, որ մտածի, թե գործն «արագ ու օբյեկտիվ կընթանա»։ Այնուամենայնիվ, գտնում է, որ «այնքան էլ հեշտ չէ մարսել այդպիսի զրպարտությունները, ինչքան էլ մեծ իշխանություն ունենաս։ Այսօր չէ, վաղը ստիպված ես լինելու դրա համար առնվազն ներողություն խնդրել»։

«Պատահաբար, թե ոչ պատահաբար բավականին լուրջ պաշտոն ունեցող» Ալիկ Հարությունյանից իբրեւ բարոյական վնասի փոխհատուցում պրն Եգորյանը մեկ լումա է միայն պահանջել, քանի որ պրն Հարությունյանը «այն մարդը չի, որ կարողանա մեկ լումայից ավելի վնաս հասցնել» Եգորյանին։ Իր՝ նախկին իշխանավորի հասցեին մեղադրանքներ ուղղելու ներկայիս իշխանավոր Ալիկ Հարությունյանի քայլը պրն Եգորյանը պայմանավորեց նրանով, թե պրն Հարությունյանն այն մարդկանցից է, «որը ոչ մի կերպ չի կարող պատկերացնել, որ կարելի է ունենալ իշխանություն, բայց դրանից չօգտվել։ Ես շատ հնարավոր եմ համարում, որ նրա մոտ այդպիսի կոմպլեքս գոյություն ունի»։ Դա եւ դաշնակցության հանրահավաքում հնչած մեղադրանքները իշխանության պատվեր որակելով՝ պրն Եգորյանը նույնիսկ չբացառեց, որ դրանց հետեւում անմիջապես ՀՀ նախագահն է կանգնած։ Դաշնակցությանը չի կարող դատի տալ, քանի որ կուսակցությունը ֆիզիկական անձ չէ, բայց եթե «այդ բաները համարձակվի կրկնել Վահան Հովհաննիսյանը, նրան դատի կտա»։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031