Լրահոս
Օրվա լրահոսը

ԶՈՒՐ ԿՐՔԵՐ. ՕՐԵՆՍԳԻՐՔՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ Է

Փետրվար 06,1999 00:00
Azgayin joxov

Կոմունիստների քավորությամբ

Նախ՝ թե խորհրդարանը ինչպես արտահայտեց իր վերաբերմունքը Ընտրական օրենսգրքի վերաբերյալ։ «Կողմ» քվեարկեց 88, «դեմ» ու «ձեռնպահ» 5-ական պատգամավոր։ Դա լիովին բավարարեց, որպեսզի Ընտրական օրենսգիրքը համարվի ընդունված։ Չքվեարկեց 46 պատգամավոր, որոնց, եթե 3-ն էլ միանային, այսինքն 96 հոգուց պակաս մարդ մասնակցեր քվեարկությանը՝ Ընտրական օրենսգիրքը կհամարվեր չընդունված՝ քվորում չլինելու պատճառով։ «Հայրենիք» պատգամավորական խմբակցությունը քվեարկությանը չմասնակցածների մեջ էր։ Իսկ արդյունքների հրապարակումներից հետո այդ խմբի անդամ Պետրոս Մաքեյանն «Առավոտին» ասաց հետեւյալը. «Փետրվարի 4-ին կոմունիստների հետ բանակցությունների ժամանակ Թռչունիչը՝ կոմունիստ պատգամավոր Խորեն Սարգսյանն առաջարկեց չմասնակցել քվեարկությանը, որպեսզի օրենսգիրքը չընդունվի։ Սակայն կոմունիստները, բացառությամբ Լեոնիդ Հակոբյանի, մասնակցեցին քվեարկությանը եւ այդ փաստաթուղթն ընդունվեց։ Փաստորեն, այդ խայտառակ օրենսգրքի կնքահայրը ոչ թե «Երկրապահն» է, այլ կոմունիստները»։

Ազնիվ չէ, Պետրոս, ազնիվ չէ

Քանի դեռ Պետրոս Մաքեյանը կոմունիստներին մեղադրանքներ էր ներկայացնում, Հայկոմկուսի խորհրդարանական խմբակցության անդամները հացի էին նստած ԱԺ ճաշարանում։ Իսկ երբ նրանք արդեն կարգին ճաշել էին, «Առավոտը» զրույցի հրավիրեց կոմունիստական առաջնորդ Սերգեյ Բադալյանին։ Պրն Մաքեյանի մեղադրանքներին նա արձագանքեց այսպես. «Ցավոք, աջ ընդդիմությունը հերթական անգամ անազնիվ խաղեր է խաղում։ Մենք մերժում ենք բոյկոտն իբրեւ պայքարի միջոց։ Չգիտեմ, թե ինչ պայմանավորվածության մասին է Մաքեյանն ասում։ ՀԿԿ-ն քաղաքական մութ խաղերի չի մասնակցի։ Մենք կողմ չենք ներկա իշխանությունների եւ նրանց արհեստական ընդդիմության կեղտի ներմուծմանը քաղաքական կյանք։

Մենք չենք նպաստի պրն Մաքեյանի եւ նրա մերձավորների պղտոր ջրում ձուկ որսալու փորձերին։ Մենք սկզբունքային մոտեցում ունենք, որն արտահայտել ենք Ընտրական օրենսգրքի 4 քվեարկությունների ժամանակ էլ։ Մենք դեմ ենք այս օրենսգրքին, որովհետեւ այն ընտրությունների ազատ եւ արդարացի լինելու երաշխիքներ չի տալիս։ Թեպետ «Երկրապահի» ղեկավարները մի պահ համաձայնվեցին, որպեսզի թաղապետերը, գյուղապետերը, քաղաքապետերն ընտրվելու իրավունք չունենան, սակայն, հավանաբար, ենթարկվեցին խմբապետերի ու թաղապետերի շանտաժին ու տեղի տվեցին։ (Ասենք, որ ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանը եւս համարում է, որ Ընտրական օրենսգրքի այդ դրույթը ենթակա է վերանայման։- Ա. Զ.) Իշխանությունն ապօրինի զավթելու փորձը մեզ համար ընդունելի չէ։ Զենքով լինի դա, թե թղթով։ Մինչդեռ «Երկրապահը» ծուղակներ թողեց Ընտրական օրենսգրքում, որպեսզի հնարավորություն ունենա իր կեղծիքներն անցկացնել»։

Ես վետերան պատգամավոր եմ

«Հայրենիք» պատգամավորական խմբի նախագահ Էդվարդ Եգորյանը եւս Ընտրական օրենսգրքի քննարկումների ժամանակ կոնֆլիկտային իրավիճակի մեջ հայտնվեց։ Վարման կարգի վերաբերյալ խոսք ասելիս նրան ընդհատեց նիստը վարող ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանը, ինչը տեղիք տվեց միմյանց անցյալը ոչ պառլամենտական տերմինոլոգիայով փորփրելու գործընթացի։ Իսկ նիստից հետո Էդվարդ Եգորյանն իր պահվածքն «Առավոտին» հետեւյալ կերպ մեկնաբանեց. «Նա իմ նման վետերան պատգամավորին ընդհատելու իրավունք չուներ։ Նա արժանի է այն բառերին, որոնք ես ասացի իր մասին։ Նա ԱԺ-ն դարձրել է գրպանային մարմին կառավարության եւ նախագահի համար։ Խորհրդարանում կա ավանդույթ, որ վարման կարգի վերաբերյալ խոսք ասողին չեն ընդհատում»։

-Բայց պրն Եգորյան, դուք ոչ թե կանոնակարգն եք վկայակոչում, այլ, կարծես, առաջնորդվում եք բանակում գոյություն ունեցող «ստարիկ»-«մոլոդոյ» օրենքներով։

-Իհարկե, չպետք է մոռանալ խորհրդարանում գործող նորմերը։ Կանոնակարգով, անշուշտ, ԱԺ նախագահը «Ֆորդ» էլ, ինքնաթիռ էլ գնելու իրավունք ունի։ Սակայն նա փչացնում է Ազգային ժողովի նախագահի աթոռը։ Իսկ ես իմ ընդհատված խոսքում ուզում էի ասել՝ եթե այսպիսի օրենսգիրք է ընդունվում, որը հնարավորություն է տալիս ընտրություններում խախտումներ անել, ապա «Հայրենիքը» կողմ է, որ այս խորհրդարանը լուծարվի։

Ասենք որ, լրագրողների հետ զրույցում միջադեպին անդրադարձավ նաեւ ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանը։ Ինչպես բուն վեճի ընթացքում, այնպես էլ դրանից հետո, նա ավելի զուսպ էր եւ ասաց, որ տեղի ունեցածի համար ներողություն է խնդրում, այդ թվում՝ Էդվարդ Եգորյանից նույնպես։

Կապրիզների չեմ ենթարկվի

Ազգային ժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը քվեարկությունից անմիջապես հետո շրջապատվեց լրագրողներով։ Նա չժխտեց, որ փետրվարի 4-ի առավոտյան, իրոք, վարչապետի հետ հյուրընկալվել է Ռոբերտ Քոչարյանին, ու քննարկել են արտահերթ նիստի օրակարգին վերաբերող հարցեր։ ԱԺ նախագահը չբացառեց, որ գլխավոր դատախազը կմտնի խորհրդարան, սակայն պայմանով, որ այդ քայլերը լինեն բաց ու հրապարակային։ Դատախազը պետք է ներկայացնի իր դրդապատճառները, որովհետեւ չի կարելի այսպիսի կարեւոր հարցում ինչ-որ բան թաքուն պահել։ Ընտրությունների արդարության վերաբերյալ Խոսրով Հարությունյանն ասաց, թե երաշխիքներն իշխանությունները եւ հիմնական քաղաքական ուժերը պետք է տան, այլապես՝ այս փսիխոզի պայմաններում, որքան էլ կամենանք, չենք կարող նորմալ ընտրություններ անցկացնել։ Խորհրդարանի խոսնակը համոզված էր, որ մթնոլորտը լարող ուժերը ընտրությունները տապալելու նպատակ ունեն։ Իսկ այդպիսի նախադրյալներ կան։

Իր եւ նախագահ Քոչարյանի հրաժարականների վերաբերյալ հարուցվելիք հարցի առնչությամբ Խոսրով Հարությունյանն ասաց, թե պատրաստ է «ողջամտության, քաղաքական խելամտության հենքի վրա քննարկել ցանկացած հարց, բայց չեմ ենթարկվի որեւէ մեկի քաղաքական կապրիզին»։

Վանո Սիրադեղյանի մասին պրն Հարությունյանը նույնպես որեւէ լուր չուներ։ Ասաց, որ մոտ ժամանակներս հանդես կգա հաշվետվությամբ, ինչը խորհրդարանի պատմության մեջ նոր պրակտիկա է։ Բաբկեն Արարքցյանը երբեւիցե նման հաշվետվությամբ հանդես չի եկել։ Կարեւորվեց նաեւ Ընտրական օրենսգրքի ընդունված լինելու փաստը, որովհետեւ այն դեռ պետք է ուղարկվի Եվրախորհուրդ եւ ԵԱՀԿ, որպեսզի այդ կազմակերպություններն էլ կարողանան նախապատրաստել իրենց դիտորդական առաքելությունը։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728