Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄԵՆԱԹՈՂՈՒԹՅԱՆ ՉԱՐԱԳՈՒՅԺ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Ապրիլ 17,1999 00:00
Toto

Ժողովրդական իմաստուն ասացվածքը հուշում է, թե ամենաթողությունը չարիք է ծնում։ Դրանում համոզվելու համար բավական է թեկուզ հպանցիկ ծանոթանալ մեր կյանքի ցանկացած բնագավառում տիրող վիճակին։

Օրինակների համար հարկ չկա հեռուն գնալ։ Սկսենք մեր ազգային անկախության ձեռքբերման խորհրդանիշը դարձած Ազատության հրապարակից։ Խոսքը մեզ՝ երեւանցիներիս շատ հայտնի ու շատ սիրելի օպերայի եւ բալետի թատրոնի շրջակա զբոսայգու մասին է։ Երբեմնի սաղարթախիտ ծառերով, կանաչ սիզամարգերով ու բազմերանգ ծաղիկներով զարդարուն այս զբոսայգին ոչ հեռու անցյալում Երեւանի կենտրոնի մեծերի եւ փոքրերի սիրելի հանգստյան վայրերից մեկն էր։

Ի՞նչ է այսօր իրենից ներկայացնում այդ զբոսայգին։ Ծառ ու ծաղկի, սիզամարգերի տեղում վեր են բարձրացել մեկը մյուսից անհեթեթ եւ ոչ մի տրամաբանությամբ չարդարացվող նույնանման առեւտրական տաղավարներ ու սրճարան-խորտկարաններ։ Եվ քանի որ ախորժակն ուտելուց է բացվում, դրանց տերերը օրեցօր ավելի են ընդարձակում իրենց «տիրույթները»՝ դրա համար ասֆալտապատելով նորանոր կանաչ տարածքներ։ Եվ որպեսզի այցելուների աչքը շատ չծակի, անհայտացող սիզամարգերի տեղում գցված բետոնե ճեմելիքների վրա ավելացող սեղանիկների շուրջբոլորը ավելի մեծ թվով կանաչ գույնի բազկաթոռներ են շարում։

Չկա մեկը, որ հարցնի, թե, եղբայր, այս ի՞նչ եք անում։ Ո՞վ է ձեզ նման իրավունք տվել, ինչպե՞ս կարելի է օրը ցերեկով այսպիսի ավերածություններ գործել, այն էլ՝ մայրաքաղաքի կենտրոնում։ Չենք կարծում, թե այս ամենին անտեղյակ են քաղաքապետարանում կամ քաղաքի Կենտրոն կոչված համայնքի ղեկավարները։

Եվ այս ամենաթողությունից հետո մենք զարմանում ենք, թե ինչպես են ոմանք անհարգալից վերաբերմունք հանդես բերում հայոց մեծերի՝ այդ նույն Ազատության հրապարակում կանգնեցված Ամենայն հայոց բանաստեղծ Հովհ. Թումանյանի եւ մեծ երաժշտապետ Ալ. Սպենդիարյանի հուշարձանների նկատմամբ։

Չէ՞ որ այդ ամենը մեր բոլորիս անտարբերության, շրջապատի նկատմամբ ունեցած արհամարհական վերաբերմունքի եւ ամենաթողության չարագույժ հետեւանքներն են։ Առանց այն էլ մայրաքաղաքը վերածվել է արեւելյան շուկայի, վերջին տարիների ցուրտ ու մութ օրերի հետեւանքով զրկվել ենք շատ ծառերից ու կանաչ տարածքներից, որոնք մայրաքաղաքի համար իրավամբ կանաչ թոքերի տեղ էին ծառայում։ Ո՞վ պետք է չափավորի ամեն օր ծառ ու կանաչի դեմ ոտնձգություն կատարող մերօրյա «մեծահարուստների» անհագուրդ ախորժակը, մինչեւ ե՞րբ, օգտվելով ամենաթողությունից, նրանք պետք է շարունակեն անպատիժ ավերածություններ գործել։

ԶԻՆԵԹ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930