Լրահոս
Օրվա լրահոսը

Միամիտ կոմունիստական պահվածք

Ապրիլ 22,1999 00:00
trchunich

Որքան հեռանում են իշխանության երբեմնի բարձունքներից, այնքան կոմունիստները միամիտ են դառնում։ Կոմունիստական հերթական միամտությունը դրսեւորվեց երեկ, երբ ՀԿԿ Կենտկոմի որոշմամբ մի խումբ կոմունիստներ եկել ու հավաքվել էին ՀՀ նախագահի նստավայրի դիմացի այգում։

Պարտիզանական հիշողություններով ոգեւորված կոմունիստներն այգում պարտիզանական ժողով անցկացրին եւ որոշեցին՝ մի խումբ ճերմակահեր կոմունիստներ ուղարկվեցին ՀՀ նախագահին հյուր։ Սակայն Ռոբերտ Քոչարյանը առաջիկա ժամերի համար վաղօրոք նշանակված հանդիպումներ ուներ, եւ խեղճ կոմունիստները դատապարտված էին երկար սպասել։

Չկրկնվելու համար չենք նշի, որ ՆԳ եւ ԱԱ աշխատակիցներն ավելի շատ էին, շա՜տ-շա՜տ էին, երկրորդ տեղում լրագրողներն էին, կոմունիստներին կարելի էր մատների վրա հաշվել՝ չհաշված անտառ քաշվածներին։ Այս անգամ խրտվիլակի մասին չխոսվեց, հրդեհի սպասում չկար։ Քանի որ հավաքվածների մեջ էր նաեւ Աժ պատգամավոր, կոմունիստ Խորեն Թռչունիչ Սարգսյանը, որոշեցինք պարապ-սարապ կանգնելու փոխարեն նրա հետ զրուցել.

-Ընկեր Սարգսյան, հավատո՞ւմ եք, որ նախագահը կընդունի կուսակցության պատվիրակներին։

-Չեմ հավատում, որ նա մեր ներկայացուցիչներին կընդունի։ Եթե մեր ներկայացուցիչներին նա ընդուներ (մենք մի քանի անգամ ենք այս հարցը բարձրացրել), սրա համար շատ խելք պետք չի, մի փոքր իր ազգին ցավացող մարդը, առավել եւս, որ դեմը եղեռնի օր էր գալիս, նա կարող էր ասել, որ եղեռնի կապակցությամբ չի կարող գնալ (խոսքը դարձյալ ՆԱՏՕ-ի 50-ամյակի միջոցառմանը ՀՀ նախագահի մասնակցության մասին է- Մ. Ե.), եւ չգնալ։ Իսկ նրա գնալը ահավոր հարված է հայ ժողովրդի համար. դուք գիտեք մեր եւ Ռուսաստանի կապերի մասին…

-Սակայն դեռեւս պարզ չէ Ռուսաստանի մասնակցության հարցը, հնարավոր է՝ նա եւս կմասնակցի։

-Ոչ, Ռուսաստանը չի մասնակցելու, այո, ինքը հրաժարվել է եւ ոչ ոք Ռուսաստանի ղեկավար մարմիններից չի մասնակցելու։ Ու հանկարծ Հայաստանի ղեկավարը վեր է կենում-գնում։ Դա ի՞նչ է նշանակում։ Նշանակում է էս ազգի վրա խաչ քաշել։ Մենք խնդրում ենք, որ չգնա, իսկ եթե կգնա, տեր Աստվածն իր հետ, բայց հետ դառնալու ճանապարհ չունենա հայ ժողովրդի մեջ։

Այսպես ասաց Թռչունիչը ու մենք չհասցրինք զարմանալ, թե ինչպես աթեիստ կոմունիստը նախագահի հետ ճամփեց Աստծուն, որին մեղմ ասած, այնքան էլ չեն հավատում նույն կոմունիստները։ Կամ գուցե նրանց այս հայացքներն էլ են փոխվել։

-Այսօր նոր խրտվիլակ պատրաստվո՞ւմ եք այրել։

-Ես խրտվիլակ այրելուն դեմ եմ, նախ դա Կենտկոմի որոշումը չի, դա երիտասարդների ցանկությունն է, էսօր նոր խրտվիլակ ինչո՞ւ հայտնաբերենք, երբ էն մարդիկ, որոնք ուզում են ՆԱՏՕ-ին գնալ-շնորհավորել, դրանք, բոլոր գնացողներն էլ՝ Քլինթոնի խրտվիլակներն են։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Հ. Գ. Լավ հիշողություն ունեցողները կփաստեն, որ մի խրտվիլակ Հայաստանում արդեն այրվել է, եւ նրա պատիվը տարիներ առաջ ոչ ոք չպաշտպանեց։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930