Լրահոս
Օրվա լրահոսը

Ծեծված, բայց արդար հարցադրում

Հուլիս 08,1999 00:00
arcrun margaryan

Ընդամենը մի քանի օր առաջ Ներքին զորքերի հրամանատար գեներալ-մայոր Արծրուն Մարգարյանի գործով ձերբակալված երկու թիկնապահների՝ Արմեն եւ Արսեն Խաչատրյանների նկատմամբ խափանման միջոցը փոխվեց: Ձերբակալությանը փոխարինեց տնային կալանքը:

Այսօր կամ վաղը գործը նրանց մասով կկարճվի: Հավաստի են տեղեկությունները նաեւ այն մասին, որ արդեն պատրաստի նախագիծ կա ընդհանրապես Ա. Մարգարյանի սպանության գործը կարճելու վերաբերյալ: Այս դեպքում միանշանակ է, որ պաշտոնապես կհաստատվի ինքնասպանության տարբերակը, որը, գոնե մեր համոզմամբ, անհեթեթություն է: Հետաքրքիր է միայն, թե այդ դեպքում ինքնասպանության շարժառիթներն ըստ պաշտոնական հաղորդագրության որո՞նք են լինելու: Այդ ի՞նչ պատճառներ են եղել, որոնք պատերազմի բովով անցած գեներալ-մայորի համար ավելի անտանելի հարված կարող էին լինել, քան սգավոր մորն ու իր խնամքի տակ գտնվող 8 երեխաներին (որոնք, ի դեպ, նրա պաշտամունքն էին) բախտի քմահաճույքին թողնելը: Այս նրբին հարցի մասին մինչ օրս ոչ ոք խոսել չի ուզում: Ի վերջո, անգամ ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանին առաջադրված ծանրագույն մեղադրանքները չեն ստիպել վերջինիս մաքուր մնալու համար ինքնասպան լինել:

Արծրուն Մարգարյանն ավելի թո՞ւյլ մարդ էր: Դժվար թե: Ինչեւէ, աբսուրդի թատրոնում ամեն ինչ հնարավոր է: Միայն թե զարմանալի է, որ մեր հասարակության ներսում ինքնասպանությանը հակված մարդիկ հավաքված են հենց ուժային եւ իրավապահ մարմիններում: Այս ի՞նչ կադրային քաղաքականություն է եղել, երբ իր աշխատասենյակում ինքնասպան է լինում Մավրիկ Ավետիսյանն, ու անմիջապես էլ աստիճանազրկվում, սպանում եւ ինքնասպան է լինում Արամ Կարապետյանը, ինքնասպանության համառ փորձերից հետո, ի վերջո, հաջողվում է ինքնասպան լինել Արծրուն Մարգարյանին: Սկանդալային սպանությունների շարքում այս առումով, բարեբախտաբար, թե դժբախտաբար, բացառություն է միայն Վահրամ Խորխոռունին: Բայց դա ոչնչով, իհարկե, չի օգնել նրա սպանության բացահայտմանը նույնիսկ երկու-երեք վկաների առկայության դեպքում:

Վերադառնանք Արծրուն Մարգարյանի գործին: Սպանությունից (մենք հակված ենք պնդելու, որ սա, իրոք, սպանություն է) օրեր անց, ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանը ի լուր աշխարհի հայտարարել էր, թե այս գործի չբացահայտման դեպքում ինքը հրաժարական կտա: Բայց միեւնույն ժամանակ ՊՆ հրամկազմի հայտարարությունից հետո վերջինս գլուխն այնքան չէր կորցրել, որ իր հրաժարականի կոնկրետ ժամկետները նշեր: Ոմանք նոր կառավարության ձեւավորման ժամանակ կասկածանքով ընդունեցին լուրն այն մասին, թե Սերժ Սարգսյանն ինքն է նախընտրել ԱԱ նախարարությունը: Եվ դա բնական է, այլապես պրն Սարգսյանը պետք է ստանձներ պետական այրերի սպանությունների չբացահայտման կամ բացահայտման պատասխանատվությունը, ինչպե՞ս: Իսկ այսպես էլ ո՞վ կարող է նրանից պատասխանատվություն պահանջել անգամ եթե դրանք չբացահայտվեն: Էլ ինչո՞ւ է հրաժարական տալու Սերժ Սարգսյանը, եթե Ա.Մարգարյանի գործը կարճվելու է արդեն նոր նախարար Սուրեն Աբրահամյանի օրոք, որն, ի դեպ, շտապում է ձերբազատվել այս բեռից: Նա անգամ փորձ էլ չարեց նախաձեռնել գեներալ-մայորի գործի լրացուցիչ քննությունը եւ նախընտրեց ազատ արձակել գործով մեղադրվող հիմնական կասկածյալներին:

Գործը կարճված չէ միայն Հրանտ Պապիկյանի մասով, որին, ըստ մեր տեղեկությունների, ազատազրկում է սպառնում միայն ինքնասպանության մասին իմանալ ու չհայտնելու համար: Մինչդեռ բոլորիս հայտնի է, որ մեր երկրում արձանագրված բազմաթիվ դեպքեր կան, երբ անգամ անմեղսունակ մարդկանց հնարավոր է եղել նախաքննության ընթացքում ինն ամիս շարունակ մեկուսարաններում պահել: Տվյալ դեպքում կամ ՆԳ ներկայիս նախարարը հետեւել է վերեւից իջեցված հրահանգին կամ ինքը նախընտրել է ձեռքերը լվանալ այս սկանդալային գործից: Եվ իրոք՝ «ի՞նչ կապ ունեմ ես», թերեւս, մտածել է պրն նախարարը: Բայց միեւնույն է, այս պարագայում նախեւառաջ Արծրուն Մարգարյանի ու նաեւ Վահրամ Խորխոռունու սպանությունների բացահայտման պատասխանատվությունը պետք է կիսեն եւ Սերժ Սարգսյանը, եւ Սուրեն Աբրահամյանը՝ երկուսը միասին: Դա պետք է, որ պատվի խնդիր լինի՝ այլ ելք չկա: Իսկ Արծրուն Մարգարյանին ինքնասպան դարձնելը հարցի լուծում չէ եւ այդ վարկածին երբեք ոչ ոք չի հավատա: 98-ի իշխանափոխությունից առաջ վերջինիս դեմ կատարված մահափորձն ու նրա չեզոքացումը զգալիորեն թուլացրեց Լեւոն Տեր-Պետրոսյանի դիրքերը, որին հաջորդեց նրա հրաժարականը: 99-ի փետրվարին գեներալ-մայորի սպանությունը պետք է ուղղված լիներ ՊՆ նախարար Վազգեն Սարգսյանի դեմ: Ո՞ւմ էր ձեռնտու դա 98-ին եւ 99-ին: Փոքր-ինչ ծեծված, բայց արդարացված հարցադրում: Իսկ այն, որ Արծրուն Մարգարյանը ինքնասպան է եղել՝ միեւնույն է, ոչ ոք չի հավատա:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

«Օրագիր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031