Լրահոս
Օրվա լրահոսը

Я ОЗАБОЧЕН

Հոկտեմբեր 01,1999 00:00
axand

Ասուլիսացավ

Ինչ ուզում եք՝ ասեք, լավ էին, էլի՛, Խորհրդային Միության տարիները։ Առավոտ վաղ մարդիկ արթնանում ու շտապում էին աշխատանքի, ո՞վ ժամանակ ուներ, որ դեռ մի հատ էլ մտահոգվեր ազգի ինքնությանը սպառնացող երեւույթներով։

Իսկ հիմա ինչն է շատ՝ ազատ ժամանակը։ Առավոտյան մարդիկ արթնանում են ու մտածում՝ ինչ անել։ Մտածում են, մտածում ու հոպ՝ գտնում։ Հավաքվում են մի քանի ազատ ժամանակ ունեցող մարդիկ ու ստեղծում հասարակական կազմակերպություն, իսկ ավելի պարապները նաեւ հասարակական-քաղաքական կազմակերպություն։ Ժամանակի՝ ընդ որում, շատ կարճ, ընթացքում, այդ կուսակցություններն ամեոբաների նման մասնատվում ու բազմանում են։ Հետո էլ խնդիր է առաջանում, թե լավ իրար հետ խոսելուց բացի էլ ինչ անել, ու հոպ՝ դա էլ են գտնում. բա, տղե՛ք, եկեք ասուլիս անենք։ Իսկ ասուլիս կազմակերպելու համար նրանց կարծիքով ամենակարեւորը տարածք ճարելն է (թեկուզ աշխարհի ծայրում), լրագրողներ հրավիրելը, իսկ ասելիքն ամենաանկարեւոր ֆակտորն է։

Հայ եկեղեցասիրաց տիկնանց միությունն էլ խիստ մտահոգված լինելով Հայաստան մուտք գործած աղանդներով՝ երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել։ Հավանաբար, իրենց խոսքին կշիռ տալու նպատակով էլ ասուլիսն անցկացնում էին մի շարք հասարակական կազմակերպությունների ու կուսակցությունների հետ։ Վերջիններս հիմնականում կոմունիստական կուսակցությունից «մազապուրծ» եղած անդամներն էին, որոնք մայր կուսակցությունից մասնատվելով ստեղծել էին բազում փոքրիկ կուսակցություններ (գովազդից խուսափելու նպատակով՝ միտումնավոր չենք նշում նրանց անունները)։ «Քանի որ ներսից աղանդավորական շարժումը բզկտում է, տարանջատում է մեր հայ ժողովրդին, քայքայում է մեր ընտանիքները, առողջ հայկական օջախները՝ այս հարցը մտահոգում է ոչ միայն մեր միությանը, մտահոգում է յուրաքանչյուր հայ քրիստոնյայի»,- նշեց Հայ եկեղեցասիրած տիկնանց միության նախագահ Ֆլորա Շախգուլյանը եւ ուրախությամբ թվարկեց այն կուսակցությունները, որոնք միացել էին իրենց գործին։ Այսպես միավորվելով էլ որոշել են, որ իրենց պարտքն է կաթողիկոսական առաջիկա ընտրություններում հսկել, «որպեսզի արդար ընտրություն լինի Մայր Տաճարում, Աստծո Տաճարում»։ Ահա, սա էլ ամբողջ ասուլիսի ասելիքն՝ իր ողջ կշռով, թափով ու ծանրությամբ։ Թեպետ, տիկին Ֆլորան նշեց, որ իր ունեցած փաստերի համաձայն աղանդների պատճառով որքան ընտանիքներ են քայքայվել, սակայն այդպես էլ փաստերը լրագրողներից թաքուն պահեց։ Չնայած նմանատիպ փաստեր լրագրողներն իրենք կարող էին ներկայացնել որքան ուզեք։ Ինչ վերաբերում է աղանդի պատճառով ընտանիքը կորցրած ասուլիսին ներկա երիտասարդին, ապա այդ ճակատագրի պատմությանը վաղուց արդեն «Առավոտը» անդրադարձել է։

Ինչեւէ, ասուլիսում ամենաէկզոտիկը կոմունիստական կուսակցությունից «մազապուրծ եղածների» ներկայությունն էր։ Նրանց լիդերներից մեկը խստորեն պահպանելով կոմունիստական բոցաշունչ ոգին ու պաթոսը, մոռանալով երդվյալ աթեիստի կոչումն ու խորհրդային տարիներին եկեղեցիների պղծման փաստերը՝ խրոխտ ձայնով հայտարարում էր. «Թող զարմանալի չթվա. որեւէ մեկի կուսակցական գաղափարախոսությունից ելնելով կամ կուսակցական տարաձայնություններ ունենալով՝ մենք միշտ միավորվում ու կանգնում ենք (այդ միտքը խիստ կարեւոր համարելով լիդերը կրկնեց 2 անգամ- Լ.Մ.) ի շահ ժողովրդի կատարվող ցանկացած միջոցառման համար»։ Ամբողջ ասուլիսը (եթե կարելի է դա ասուլիս անվանել) անցավ հրավիրողների մտահոգությունների, զգացմունքների, անհանգստությունների արտահայտման մթնոլորտում։ Աղանդավորական շարժմամբ մտահոգվածները, որոնք պատրաստվում են, կոմունիստ-լիդերի խոսքերով ասած՝ «անխնա պայքար մղել նրանց դեմ», այդպես էլ որեւէ կոնկրետ փաստ եւ հստակ առաջարկ չներկայացրին։ Թեպետ, հաստատապես բազում են աղանդների բերած չարիքների վերաբերյալ փաստերը եւ նրանց դեմ պայքարի ձեւերը։ Պարզապես պետք չէ Հռոմի Պապից կաթոլիկ լինել։

ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031