Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԿՂԶՈՒ» ՌՈԲԻՆԶՈՆՆԵՐԸ

Դեկտեմբեր 15,1999 00:00
kalanq

ԿԸՀ-ի այս անվան կնքահայրը Վահե Վարսանյանն է

ԿԸՀ-ի երեկվա նիստի օրակարգում մեկ հարց էր՝ Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքի ղեկավարի թեկնածու Ս. Ղազարյանի եւ իր վստահված անձանց դիմում-բողոքների քննարկման մասին։ Մինչ նիստի սկիզբը հանձնաժողովի անդամներից մի քանիսը գրեթե մանկապարտեզային տրամադրության գիրկն էին ընկել։ Մեկը մեկին հրահրում էր, թե ազգային եւ սեռական փոքրամասնությունների մասին խոսք ու զրույց հարկավոր չէ։ Մեկի սրամտությունն էլ հասավ գագաթնակետին, երբ ասաց, թե Օջալանի բարեկամներն են եկել։ Այս ամբողջ նախանիստային իրարանցումը Զոլաքարի ղեկավարի պաշտոնում «ընտրված» Թամոյանի ազգային պատկանելության առիթով էր։

Այսպես քաղցր-քաղցր զրուցելով հանձնաժողովի անդամները մի պահ լրջացան, երբ ԿԸՀ-ի նախագահ պրն Սահրադյանը բացեց նիստը։ Պրն Սահրադյանը ցավով նշեց, որ ԿԸՀ-ը վերջին շրջանում հենց միայն նրանով է զբաղված, որ անընդհատ լսում է մարզայինի որոշումները, սխալներն արձանագրելով, նոր որոշում կայացնում։ Հանձնաժողովի անդամների բուռն պոռթկման պահին պրն Խոջոյանը հայտնեց իր անկեղծ կարծիքը հանձնաժողովի մասին. «Դարձել ենք նոտարական գրասենյակի նման, 5 թեկնածուներից 2-ի ներկայությամբ, առանց ժուռնալիստների բացվում է քվեաթերթիկների խուրձը։ Սա ի՞նչ բան է, եկեք դադարեցնենք»։ Բայց ԿԸՀ-ը ոչ միայն չդադարեցրեց, այլեւ շարունակելով հասավ բուն նպատակին՝ օրվա հարցը ներկայացնող Վանյա Մխիթարյանը կատարեց իր պարտականությունը։ Մինչ այդ տիկին Եվգենյան փորձեց հաշվել, թե քանի՞սն են կողմ, որ լսվի օրակարգի հարցը։ Նա ձեռքով էր հաշվում, օրիորդ Զոհրաբյանը տեղից սաստեց. «Մի հաշվեք, տիկին Եվգենյա»։

Բայց հաշվվեցին հանձնաժողովի բոլոր անդամները եւ ստացվեց, որ 10 հոգի պարզապես երազում էին ունկնդրել Զոլաքարի հարցը, մեկը դեմ էր, մյուսը՝ ձեռնպահ։ Հարցը լսվեց։ Վ. Մխիթարյանն ամենայն մանրամասնությամբ պատմեց, թե՝ այսպես ու այսպես, ԿԸՀ-ի նախագահի կողմից ձեւավորված հանձնաժողովը բացել է Զոլաքարի 35/1 եւ 35/2 տեղամասերի փաթեթները։ Այն փաթեթում, որում «դրված էին Թամոյանի եւ Մհերյանի ձայները» մի թեթեւ «խառնաշփոթ է» եղել։ Ս. Ղազարյանին կողմ քվեարկած 1 ձայնը անցել է Աղաբեկյանի օգտին, 1-ը՝ անվավեր, +76 ձայն եւս անվավեր էր ճանաչվել, որովհետեւ դրանցում համապատասխան նշումից բացի նաեւ «թ» տառի պաշտամունք էր գրանցվել։

Հենց այստեղ էր, որ Խոջոյանը փորձեց պարզել «ո՞վ է քվեաթերթիկներում գրել «թ» տառը»։ Հարցն իհարկե հենց այնպես հնչեց, բայց Պողոսյան-Վարսանյան զույգը որոշեց պատասխանել՝ դու։ «Յա՛»,- զարմացավ հարցը տվողը։ «Բա՛»- երկրորդեց աղմկոտ դուետը։ Որոշ թվաբանությունից հետո պարզվեց, որ Ս. Ղազարյանը հավաքել է 599 ձայն, Մ. Թամոյանը՝ 555 ձայն։ Այսպես անուշ խոսք ու զրույցով նիստն ավարտվեց։ Մինչ այդ հանձնաժողովի անդամները չմոռացան համապատասխան որոշում կայացնել։ ԿԸՀ-ը որոշեց. 1) վերացնել Գեղարքունիքի մարզային ընտրական հանձնաժողովի 1999 թ. դեկտեմբերի 7-ի՝ Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքում համայնքի ղեկավար ընտրվելու մասին որոշումը։ 2) Զոլաքար համայնքում ընտրված համայնքի ղեկավար ճանաչել առավել ձայներ ստացած Սերյոժա Ղազարյանին։

Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031