Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես խորհրդարանում ավելի լավ եմ զգում»

Դեկտեմբեր 16,1999 00:00
Trchunich

Հարցազրույցի ժամանակ անկեղծացավ Խորեն Սարգսյանը

ՀԿԿ անդամ Խորեն Սարգսյանը վերջին երեքուկես ամսում Գեղարքունիքի փոխմարզպետն էր։ Ժամանակին այս նշանակման մասին խոսվեց, թե կոմունիստները փորձում են վերցնել գործադիր իշխանությունը։ ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Սերգեյ Բադալյանի մահվանից հետո ՀԿԿ համամասնական ցուցակից 11-րդը՝ Խորեն Սարգսյանը, թողեց գործադիր իշխանությունը եւ վերադարձավ խորհրդարան։ Պրն Սարգսյանի կարծիքով՝ «դա փորձ էր ե՛ւ կառավարության կողմից, ե՛ւ իմ կողմից։ (Խոսքը փոխմարզպետ նշանակվելու մասին է- Մ. Ե.)։ Կառավարությունը երեւի ուզեց փորձել՝ «հըլը արի տեսնենք խոսելդ ու գործելդ իրար բռնո՞ւմ են», երկրորդը՝ նաեւ ես էի ուզում տեսնել՝ իրոք, կարելի՞ է այս կառավարության հետ աշխատել։ Ինձ համար դա հեշտ էր, որովհետեւ կառավարության ղեկավարը Վազգեն Սարգսյանն էր, որը «պլան» հասկացողությունը մտցրեց գործածության մեջ։ Այնտեղ, որտեղ կա պլան, մարդիկ ստիպված են աշխատել։ Անցնող 10 տարվա ընթացքում ժողովրդին մուրացկանի հոգեբանությամբ են դաստիարակել, հեռացրել են հողից։ Գյուղացին անգամ իր տնամերձում չի ուզում աշխատել։ Քանի որ եթե տնամերձ ունի, հող ունի՝ զրկվում է նպաստից։ Գյուղացին գերադասում է մնալ նպաստի հույսին, քան՝ հող մշակել»։

-Գյուղացու վիճակը իմանալու համար ձեզ հարկավոր էր փոխմարզպե՞տ դառնալ։ Մինչ այդ դուք չգիտեի՞ք այս վիճակի մասին։

-Գիտեի, իհարկե գիտեի, ավելին, իմ աշխատած ժամանակ ես կարողացա հասկացնել, որ օրենքը պարտադիր է, նաեւ կոմունիստի ձեւով ասացի։ Ես կուսակցական զինվոր եմ, կուսակցությունը ուր ուղարկի՝ կգնամ, կուսակցությունը գտավ, որ պետք է գամ խորհրդարան, եւ ես եկա։ Անկեղծ ասած՝ ես խորհրդարանում ինձ ավելի լավ եմ զգում։

-Դուք աշխատել եք նաեւ նախորդ խորհրդարանում։ Խնդրում եմ, զուգահեռ անցկացրեք, ո՞ր մեկն է առավել համապատասխանում օրենսդրի իր առաքելությանը։

-Նախկին խորհրդարանը իր բացասական կողմերն ուներ։ Նախկինը խորհրդարան դարձավ 1996-ի սեպտեմբերի 26-ից հետո։ Այս խորհրդարանի խոհանոցը դեռ չգիտեմ։ Պետք է նախ պարզել՝ մենք ո՞ր կողմ ենք գնում, ո՞ր պետության հետեւից։ Հաջորդը տնտեսական հանգամանքն է։ Հավատացեք, պետք է գործարան աշխատեցվի։ Գագարին ավանում խորհրդային տարիներին մենք գործարան կառուցեցինք, որը 10 տարի շարունակ չի աշխատել։ Մարդիկ էլ հող չունեն։ Փոխմարզպետ եղած ժամանակ ես կարողացա 150-200 տեղանոց գործարան բացել, խնդրեցի ընկերներից, շնորհակալ եմ ոսկերչական գործարանի տնօրենից, օգնեց։ Իսկ ժողովրդին այնքան քիչ բան է հարկավոր, որ նա գոհ լինի, մի բարի խոսքը նույնիսկ բավական է։

– Ձեր՝ փոխմարզպետ եղած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզում ավելացա՞վ կոմունիստների թիվը։

– Մարզն ինքը կոմունիստամետ տարածք է։ Ես չեմ պատկերացնում մի շրջան, որ կոմունիստամետ չլինի։ Ասում եմ՝ շրջան, որովհետեւ, իմ կարծիքով, մարզպետարանների գոյությունը պետք է վերացվի։ Պետք է վերականգնել նախկին շրջանները։ Շրջանի ղեկավարը պետք է ուղիղ կապի մեջ լինի կառավարության հետ, որ կարողանա իր հարցերը լուծել։ Թե չէ, ծաղկում է այն շրջանը, որտեղից մարզպետն է։ Իսկ մարզպետը ի վիճակի չէ 96-97 շրջանի հարց լուծել։ Ես անպայման համապատասխան առաջարկով կմտնեմ խորհրդարան։

Հարցազրույցը վարեց

Մ. ԵՍԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031