Լրահոս
Օրվա լրահոսը

Ատելությունից կուրացած գործիչը

Փետրվար 25,2000 15:26

Ազատամարտիկը պատասխանում է Դավիթ Վարդանյանին

Բոլորովին հակված չեմ պատասխան-հոդվածներ գրել, սակայն «Հայոց աշխարհ» օրաթերթի փետրվարի 19-ի համարում ԱԺՄ վարչության անդամ Դավիթ Վարդանյանի հետ հարցազրույցը կարդալուց հետո հասկացա, որ լռելը անբարոյականություն կլինի։ Ուստի պարզապես մի քանի դիտարկումներ։

Պարոն Վարդանյանը վերջին 12 տարվա ձեռքբերումը համարում է միայն Արցախի ազատագրումը եւ այդ հաղթանակը դիտում որպես իրենց «ուժերի ու ջանքերի» արդյունք, իսկ, այ, կորուստները հստակ հասցեատեր ունեն. «1991-ից ի վեր երկրի քաղաքական իշխանությունը»։ Հիշո՞ւմ եք, «12 աթոռ» Ֆիլմում Պանիկովսկին փողերը բաժանելիս ինքն իրեն թողնում է ամենանոր եւ մաքուր թղթադրամները, իսկ Կոզլեւիչին ոչինչ չի տալիս։ Մարդու տեսակ է…

Սակայն անդրադառնանք Արցախի ազատագրման հարցին։ Եթե որեւէ մեկը իրեն իրավունք է վերապահում Ղարաբաղյան պատերազմի մասին խոսելու, նա նախ պետք է նշի Վագգեն Սարգսյանի անունը։ Եվ անպայման առաջինը, որովհետեւ Վազգեն Սարգսյանն էր Հայաստանի Հանրապետության պաշտպանության առաջին նախարարը, մինչեւ նախարարության ձեւավորումը՝ երկրապահ կամավորականների հրամանատարը, եւ այդպիսին մնաց մինչեւ կյանքի վերջը։ Մահապարտներին ռազմաճակատի ճեղքված գիծը պահելու՝ Վազգենն էր տանում, ու զինադադարն էլ ինքն է կնքել, այլ ոչ թե Վազգեն Մանուկյանը, ինչպես փորձում է ներկայացնել պարոն Վարդանյանը։ Թող չթվա, թե ուզում եմ նսեմացնել Վազգեն Մանուկյանի ներդրումը Արցախի ազատագրման գործում։ Բնավ։ Սակայն Կեսարինը՝ Կեսարին։

Երբ ընկավ Արծվաշենը, իշխանությունները (նույն ԱԺՄ-ի Դ. Վարդանյանի կողմից) որակվեցին իբրեւ դավաճան, դաժան քննադատության թիրախ դարձան Վազգեն Սարգսյանն ու ողջ բանակը։ Սակայն այդ բանակն այնուամենայնիվ հաղթեց։ Ու հիմա պարզվում է՝ հաղթանակն «իրենցն» է, «կորուստները»՝ իշխանություններինը։ Դատելով այս ամենից՝ համոզված եմ, որ Դավիթ Վարդանյանը Վազգեն Սարգսյանի անունն էլ բարեհաճում է հիշատակել միայն այն պատճառով, որ վերջինս կենդանի չէ։ Սա պարզապես «մեծահոգություն» է մեր կարկառուն ազգափրկչի կողմից, որը, իջնելով ամեն ինչ սեւացնելու ու ժխտելու իր անհաս բարձունքներից, բարեհաճում է երբեմն տեսնել ակնհայտը։

Պարոն Վարդանյանը «մոռանում» է, որ ե՛ւ Վազգեն Սարգսյանը, ե՛ւ Վազգեն Մանուկյանը պաշտպանության նախարար են նշանակվել հանրապետության նախագահի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով եւ իրենց գործողություններում հաշվետու էին նրան։ Առանց Գերագույն գլխավոր հրամանատարի հետ համաձայնեցնելու՝ նրանք չէին կարող որոշումներ ընդունել։ Մի՛ մոռացեք այս փաստը, պարոն Վարդանյան։ Թեեւ հասկանում եմ. այս «բարեփոխիչը» թերեւս երկար է աշխատել ներկայիս նախագահի կողքին, որը չի կարողանում կամ չի ցանկանում որոշումներ ընդունել, վճիռներ կայացնել, պատասխանատվություն վերցնել ու իր ղեկավարած երկրում ընդամենը դիտորդի կարգավիճակ ունի։ Լեւոն Տեր-Պետրոսյանը երբեք դիտորդի դերում չի եղել։ Պատմությունը նրան կհիշի որպես Հայաստանի Երրորդ Հանրապետության առաջին նախագահի, որի օրոք մեր երկրի տարածքները մեծացել են։ Արցախյան պատերազմը նաեւ նրա հաղթանակն է։

Անդրադառնանք Դավիթ Վարդանյանի հաջորդ «տաղանդավոր» մտքին։

Պարզվում է, այդ Դաշնակցությունն է որոշում ընդունել Ղարաբաղում զինված դիմադրություն կազմակերպելու մասին, իսկ մենք չգիտեինք։ Չլինի՞ թե Հրայր Մարուխյանն է ղեկավարել, օրինակ, Մարտակերտի պաշտպանությունը։ Եվ, ուշադրություն դարձրեք, դիմադրել է՝ ընդդեմ Հայաստանի քաղաքական ղեկավարության ուղեգծի։

Չէր խանգարի, որ ատելությունից կուրացած այս քաղաքական վայ– գործիչը մտաբերեր, թե «ո՞վ էր ինքը հեղափոխությունից առաջ» իմա՝ 1988-91-ին։ Թող հիշի, որ ինքն էլ ՀՀՇ վարչության անդամ էր, ինչ-որ պահի՝ նույնիսկ կուսակցության ղեկավարը, ի վերջո Ղարաբաղ կոմիտեի անդամ էր։ Իսկ Արցախի ազատագրման համար ջոկատների ձեւավորումը նախ եւ առաջ սկսել է «Ղարաբաղ» կոմիտեն, ապա ՀՀՇ վարչությունը, եւ ոչ թե Աթենքում ծվարած դաշնակցական Բյուրոն։ Դա պատմական փաստ է, անկախ նրանից՝ ինչ վարկանիշ ունի այսօր ՀՀՇ-ն ժողովրդի մեջ։

Փաստ է նաեւ այն, որ Ղարաբաղում դիմադրություն կազմակերպելու որոշում կայացրել է իշխանությունը՝ ի դեմս վարչապետ Վազգեն Մանուկյանի եւ Գերագույն խորհրդի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի։

Պարոն Վարդանյանը, որպես պրոֆեսիոնալ զինվորական, շատ բարձր է գնահատում գեներալ Արկադի Տեր-Թադեւոսյանի դերակատարությունը եւ հայտարարում. «Թող ինձ ներեն նրանք, ում անունը չտվեցի»։

Չեն ներելու։ Որովհետեւ հիշվելու, գնահատվելու կարիք բոլորն ունեն։ Բոլոր այն ազատամարտիկները, որ արյուն են թափել, որ հաշմանդամ են դարձել, նրանք, որ այսօր բանակում են, բոլոր հրամանատարները։ Նաեւ նրանք, ովքեր իրենց ջահել կյանքն են տվել։ Բոլորը պիտի հիշվեն, գնահատվեն, ընկալվեն ու աջակցություն ստանան։ Այլապես չեն ների։ Ես շատ բարձր եմ գնահատում Արկադի Տեր-Թադեւոսյանին ու իր գործը, բայց միայն նրան հիշատակելը, այնուամենայնիվ, անբարո է։

Իսկ ընդհանրապես, Արցախյան պատերազմը որեւէ կուսակցության կամ անհատի գործ չէ։ Դա ողջ հայ ժողովրդի, մեր բանակի եւ, որ ամենագլխավորն է, մեր պետության հաղթանակն է։ Անհատներն ու կուսակցությունները դրանում ունեցել են լոկ որոշակի դերակատարում։

Ի դեպ, ինձ համար խիստ վիճելի է Դավիթ Վարդանյանի անուններ տալու իրավունքը։ Քանզի պատերազմական այն պահին սույն գործիչը միայն խանգարել է։ Հատկապես այն ծանր օրերին, երբ բանակին նրա ամենամեծ օգնությունը լռելը կլիներ, նա, չկորցնելով ժամանակավոր անհաջողությունների հարմար առիթը, հարձակվել էր բանակի ու իշխանությունների վրա՝ վայրահաչի մեջ կորցնելով բանական որեւէ խոսք։ Դ. Վարդանյանը եւ մյուսները իշխանություններին չեն կարողանում ներել Արցախյան հաղթանակը, պատկերացնում եմ՝ ինչ հիստերիայի մեջ կընկնեին նրանք, եթե պատերազմը տանուլ տրվեր։ Ամենայն հավանականությամբ, Ազատության հրապարակում գիլյոտին կդրվեր։ Չէ, պարոն Վարդանյան, Դուք ոչ մեկի, նաեւ Արկադի Տեր-Թադեւոսյանի անունը տալու իրավունքը չունեք։

Որքան պիտի ստոր լինի մարդ, որ հայտարարի, թե այն ժամանակվա քաղաքական իշխանությունը երկակի խաղ էր վարում, ինչ-որ գործիչներ էլ ամաչում էին մեր հաղթանակների համար։

Կրկին ստիպված եմ հիշեցնել այս «ազգապաշտին». կանոնավոր այն բանակը, որ հաղթում էր Արցախյան հերոսամարտերում, կարող էր ստեղծվել միայն պետության հովանավորությամբ ու պետության կողմից։ Հաղթում է միայն պետություն ու բանակ ունեցող ժողովուրդը։ Եվ իշխանությունը դիտարկել մեր հաղթանակներից դուրս՝ ոչ միայն անբարոյական է, այլեւ հակապետական։ Ի վերջո, զինվորին պետք է հագցնել, կերակրել, զինել եւ դա արել են ոչ թե Դաշնակցությունն ու Դավիթ Վարդանյանը, այլ պետությունը։

Մի՞թե մեր ազգի երկհազարամյա պատմությունը ասածս հանրահայտ ճշմարտությունների ապացույցը չէ (ճշմարտություններ, որոնք հասու են բոլորին, բացի Դավիթ Վարդանյանից ու իր նմաններից)։ Հիշենք մեր պատմության ընթացքում ձեռք բերված զուտ բարոյական հաղթանակները։ Հաղթանակներ, որոնց արդյունքում անվերջ ստրկացվել ենք, պակասել թե՛ քանակով, թե՛ որակով։ Հիշենք շահած ճակատամարտերը, որոնց արդյունքում, միեւնույն է, պարտություն ենք գրանցել։ Վանի ու Սասունի հերոսամարտերը հիշենք. պարտվել ենք։ Անդրանիկի ու Չաուշի նման զորավարներն են պարտվել։ Ինչու՞։ Որովհետեւ չկար պետություն ու իր աջակցությունը։ Եվ այժմ, երբ հաղթել ենք, իսկապես ու շոշափելիորեն, պիտի հասկանանք, որ միայն պետականության ու ճիշտ ղեկավարման շնորհիվ է։ Ժխտել սա, նշանակում է չհասկանալ պետության դերը, նշանակում է նսեմացնել մեր այնքան երազած անկախությունը, նշանակում է դավաճանել։

«…91-ից Հայաստանի քաղաքական իշխանությունն ահռելի վնաս է հասցրել. երկրին…»։ Իսկ ես կարծում եմ, որ մեծ վնաս հասցրել է հենց Դավիթ Վարդանյանը։ Մենք այսօր պետության մեջ տասնապատիկ ավելի շատ ձեռքբերումներ կունենայինք, եթե Ձեզ նման մարդիկ չխանգարեին պետության կայացման համար անհրաժեշտ շատ ու շատ գործընթացների։ Չէ որ վախկոտի պես փախան դժվարություններից ու պատասխանատվությունից։

Հիշեք Ձեզ 92-ին, երբ դաշինքներ էիք կազմում եւ պահանջում Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը։ Վերջինս ընդամենը մեկ տարվա նախագահ էր։ Ընդամենը մեկ տարի, բայց արդեն գոչում էիք՝ «ղեկավարել չգիտի»։ Ի դեպ, այդ դաշինքն ամբողջապես փշրվեց, երբ Վազգեն Մանուկյանը նշանակվեց պաշտպանության նախարար։ «Առակս զինչ կցուցանե՞»։ Պարզ մի բան. պաշտոնակռիվ էր։ Ամբողջ աղմուկը պաշտոնի համար էր։ Պարզվում է՝ լռում են, երբ պաշտոն է շպրտվում, ցանկացած «թուլափայ»։ Օրինա՞կը՝ խնդրեմ։

Նույն Դավիթ Վարդանյանը նշանակվեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերահսկողության ծառայության պետ։ Իրագործվեցի՞ն նրա ազգային գաղափարները, ինչ-որ բան բացահայտվե՞ց, պարոն Վարդանյանը ամեն ինչ արե՞ց, որ կոնյակի գործարանի խայտառակ սեփականաշնորհումը չիրականանա (որի համար,ի դեպ, ԱԺ-ում պայքարում էին նաեւ իր կուսակիցները)։ Ի՞նչ փոխվեց մեր կյանքում, ի՞նչ լավ բան արձանագրվեց։ Ոչինչ, ընթերցող, ոչինչ։ Միայն «ազգի ընտրյալ» Դավիթ Վարդանյանն էլ «սոտովի» հեռախոս, «պադավատ» մեքենա ստացավ ու նաեւ հնարավորություն՝ նոր, թանկարժեք կոստյում հագնելու։ Նաեւ հինգ սենյականոց շքեղ բնակարան մուտք գործելու։ Եվ՝ վերջ։

Համարձակվում եմ ասել, որ այսօր «մի փոր հացի», մի թլպատ պաշտոնի համար այդպիսի մարդիկ խարխլում են պետության հիմքերը։ Այդ հիմքի վրա բավականին ամուր շենք է կառուցված, որի ինստիտուտները հստակորեն գործում էին մինչեւ հոկտեմբերի 27-ի ողբերգությունը։ Այդ շենքն այսօր մեծ արագությամբ փլուզվում է, ու Դ. Վարդանյանն այդ գործին ուղղակիորեն աջակցում է։

«Պետք է փոխել ճանապարհը»,- ասում է Դավիթ Վարդանյանը։ Ճիշտ եք, պարոն Վարդանյան, փոխեք ճանապարհը։ Բայց մինչ այդ հետադարձ հայացք նետեք հայոց նորագույն պատմությանը, վերջին տասը տարիներին, ուշադիր նայեք ու մի ուրացեք։ Մի ուրացեր ստեղծվածը, ինքներդ Ձեզ։ Այլապես պարտվողը թե՛ դուք եք լինելու, թե՛ ժողովուրդը։ Իսկ, որ ամենասարսափելին է, պարտվելու է մեր հազարամյա պատմությունը, ամենամեծ ձեռքբերումը՝ հայոց պետականությունը, վտանգվելու է Հայաստանի երրորդ Հանրապետության գոյությունը։ Լավ կամ վատ, ճիշտ թե սխալ՝ սա մեր ՊԵՏՈԻԹՅՈԻՆՆ է։

Ա.Հ.

P.S. 91թ. փետրվարին առաջին անգամ ձեռքս զենք եմ վերցրել։ Կամավորական ջոկատի կազմում կռվել եմ Ղարաբաղում։ Հայոց բանակի փոխգնդապետ եմ։ Այդ պատճառով էլ չեմ նշում անուն-ազգանունս։ Սակայն իմ կարծիքը կիսում են բանակում շատ-շատերը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829