Լրահոս
Օրվա լրահոսը

КОГДА Я ЕМ, Я ГЛУХ И НЕМ!

Մարտ 03,2000 00:00
Mishel Legran

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Միշել Լեգրան երեկ «իր օջախում» ճաշի էր հրավիրել այլ դեսպանների։

Իսկ այդ նույն ժամանակ պետհամալսարանից դեպի Ֆրանսիայի դեսպանատուն էին շարժվում Երեւանի բուհերի ուսանողները՝ բողոքելով Ֆրանսիայի սենատի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը չընդունելու դեմ։ Ուսանողների «Լեգրա՛, դո՛ւրս արի», «Ամո՛թ» վանկարկումներն ու ազգային-ազատագրական երգերն իրենց բացասական ներգործությունն ունեցան պրն Լեգրայի եւ նրա հյուրերի ախորժակի վրա։ Նրանք դադարեցրին սնվելու պրոցեսը եւ դեսպանն՝ իր հյուրերով, բաժակը ձեռքին մոտեցավ պատուհանին, ապա սկսեց ներսից լուսանկարել ցուցարարներին (հավանաբար, սա եւս բուրժուական զվարճություններից մեկն է)։

Ուսանողները նպատակ ունեին պրն Լեգրային հանձնել իրենց բողոք-նամակը՝ ուղղված Ֆրանսիայի սենատի նախագահ Քրիստիան Պոնսլեին։

Նամակում նշված էր, որ դարասկզբին հայության հետ կատարված ցեղասպանությունը միայն հայ ժողովրդի հարցը չէ, այն ոճրագործություն է ողջ մարդկության դեմ։ Մինչ Միշել Լեգրան զբաղված էր լուսանկարչական արվեստով, «Առավոտը» զրուցեց հավաքված ուսանողներից մեկ-երկուսի հետ։

Ճարտարագիտական համալսարանի երկրաբանական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Արմեն Հակոբյան– Մենք եկել ենք պահանջով, որ Ֆրանսիայի սենատը ճանաչի հայոց ցեղասպանությունը։ Լավ կլիներ, որ ավելի շատ ուսանողներ գային, հավանաբար, շատերը չեն եկել, որովհետեւ զբաղված էին։ Համոզված եմ, որ հնարավորության դեպքում բոլոր ուսանողները (եւ ոչ միայն նրանք) մեզ կմիանային։

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Տիգրան Աթոյան– Մենք բողոքի այս ցույցով ուզում ենք հասկացնել Ֆրանսիային, որ ճիշտ քայլեր չի անում։ Թող ճանաչեն ցեղասպանությունն ու, կոպիտ ասած, մեր հողերը Թուրքիան թող հետ տա։ Խնդրում եմ, այդպես էլ գրեք։ Եթե այդպես չվարվեն, ա՛յլ (էլի՛ քաղաքակիրթ) ճանապարհով նրանց կստիպենք արդարացի վարվել. կավարտենք ուսումը, պրոֆեսիոնալ դիվանագետներ կդառնանք ու կանենք մեր անելիքը։ Մեր այս երթով ուզում ենք Ֆրանսիային, Թուրքիային ցույց տալ, որ հայերը քնած չեն։

Երիտասարդներից մեկը բարձրախոսով ազդարարեց, որ իրենց պայքարը պետք է շարունակական լինի՝ հակառակ դեպքում Ֆրանսիայի սենատի սխալը կկրկնեն այլ երկրներ։

Օրեր առաջ «Առավոտին» տված իր հարցազրույցում պրն Լեգրայի շեշտած մտքերը բոլոր հիմքերը տալիս էին ենթադրելու, թե սույն հումանիստ եւ Հայաստանի ճակատագրով մտահոգ դեսպանն ամեն դեպքում կընդունի երիտասարդներին կամ կվերցնի նրանց բողոք-նամակը։

Սակայն ուսանողների մոտ նա այդպես էլ չիջավ։ Հավանաբար, արդեն «դեսերտն» էին մատուցել։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031