Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՍ ԵՐԵԿ ՀԱՆԳԻՍՏ ՔՆԵՑԻ»

Մարտ 17,2000 00:00
Filaret berikyan

Հարցազրույց ԱԺՄ վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Ֆիլարետ Բերիկյանի հետ

– Ի՞նչ անելու համար եկաք խորհրդարան։

– Իմ կարծիքով, սա այն խորհրդարանն է, որտեղ օրինաստեղծ աշխատանքով պատգամավորների միայն 10-20 տոկոսն է զբաղված։ ԱԺ են եկել մարդիկ, որոնք իրենց մասնավոր բիզնեսով են զբաղված եւ ոչ թե օրինաստեղծ աշխատանքով։ Ես, համենայնդեպս, աշխատում եմ, որ իրոք նորմալ օրենքներ ընդունվեն։

– Երկրում սոցիալ-տնտեսական ճգնաժամից բացի նաեւ քաղաքական ճգնաժամ է, դուք ելք տեսնո՞ւմ եք։

– Իմ կարծիքով, քաղաքական ճգնաժամը գնում է հանգուցալուծման պետության համար դրական իմաստով, որ բոլոր թեւերն իրենց ֆունկցիաները սկսեն կատարել։ Ես երեկ հանգիստ քնեցի, որ հանրապետության նախագահը հրամանագրեր է ստորագրել…աժմ

– Սակայն պաշտպանության նախարարից գաղտնի։

– Ծայրահեղ իրավիճակներում, իմ կարծիքով, պաշտպանության նախարարն էլ, բաներ կային, որ առանց հանրապետության նախագահի իմացության էր անում։ Սա էքստրեմալ իրավիճակ է։ Համենայնդեպս, սահմանադրորեն ամեն ինչ ճիշտ է։ Ես կարծում եմ, սա դեպի հաշտության գնացող շղթայի օղակներից մեկն է։

– Մի քիչ ԱԺՄ-ից խոսենք։ Ի՞նչն է պատճառը, որ երբ պետական կառույցներում պաշտոնի հարց է բարձրանում, ԱԺՄ-ից այդ տեղի հավակնորդը դառնում է Դավիթ Վարդանյանը։ Գուցե դուք չեք ուզի պատասխանել, ասելով, թե հարցը ձեզ չի՞ վերաբերում։

– Չէ, հակառակը, հաճույքով կպատասխանեմ եւ խնդրում եմ այս տողերն անպայման գրեք. ձեր թերթը խիստ սեւեռված է Դավիթ Վարդանյանի վրա։

– Ինձ թվում է, խնդիրը Դավիթ Վարդանյանի մեջ է, ոչ թե մեր թերթի։

– Բացարձակապես՝ ոչ, ես մեր համագումարում ասացի, որ դրսից մի քանի թերթեր անընդհատ փորձում են խոսել մեր կուսակցության ներսում որոշ գիծ տանել-չտանելու մասին, այսինքն՝ անընդհատ ցլամարտ։

– Սակայն ձեր կուսակցությունում իրոք ցլամարտ կա, դուք ասում եք չկա՞։

– Խնդրեմ, այսօր գրել եք, որ ընդդիմություն չկա, էդ ինչո՞ւ չկա, ինչո՞ւ նախկինները չեն փորձում ընդդիմություն դառնալ, որովհետեւ նրանց տակ շատ բան կա։

– Եկեք մի պահ նախկիններին հանգիստ թողնենք ու վերադառնանք իմ հարցին՝ ինչո՞ւ ԱԺՄ-ից Դավիթ Վարդանյանն է միշտ ձգտում աթոռի։

– Դավիթ Վարդանյանի անունը չի շոշափվել, նաեւ իմ անունն է շոշափվել։

– Ինչո՞ւ դուք չդարձաք նախարար։

– Ես չդարձա, որովհետեւ ես հստակ այն բանի կողմնակիցն եմ, որ իսկապես գործադիր իշխանությունն է երկրում հարցերը լուծող։ Ուրիշներն էլ կարող էին գնալ, բայց մեր կուսակցությունում մի քանի պրոֆեսիոնալ պատգամավորներ ունենք, որոնք չեն ուզում գնալ գործադիր իշխանության։

– Այս պահին ի՞նչ է ԱԺՄ-ն՝ կոշտ ընդդիմությո՞ւն է, թե՞ փափուկ հարմարվող։

– ԱԺՄ-ում մեր տեսակետները կարող են տարբերվել, մեր կուսակցությունը նաեւ կայացած է այդ իմաստով, որ մեզ մոտ տարբեր կարծիքներ կան ու անթաքույց էին դրանք։ Մենք մինչեւ 98 թ. ընդդիմություն էինք, հետո եկան մարդիկ, որոնք էն իշխանության թեւերից էին։ Բայց երբ որ նայում ես իրենց ծրագրերը եւ կատարվող քայլերը, նրանք հիմնականում անում են այն, ինչ մենք տարիներ շարունակ ասում էինք։ Իհարկե, մեզ մոտ կան մարդիկ, որ հավերժ ընդդիմություն են. մարդկային տեսակ է։

– Դուք նկատի ունեք Վահե Վարսանյանին։

– Ոչ միայն։ Դուք ուզում եք, որ մենք ցլամարտ տանք, ո՞ւմ ընդդիմություն լինենք։

– Դուք ձեր մեջ եք կռվում, մամուլն ի՞նչ կապ ունի։

– Նժարի վրա ավելի մեծ բան է դրված, քան կողքից շիրա տալը։ Երբ Վահեն ասաց, որ մենք ինը ամիս նստել ենք, որ հիմա էսպես անենք, ես էլ ասացի՝ գիտես ի՞նչ, Վահե ջան, 90-94 թթ. այստեղ շատ մարդիկ կան զինված, որ հիմա քաղաքականության մեջ են, կյանքից թանկ բան չկա, բայց իրենց խրամատներում հանուն երկրի կյանքը դրած պայքարեցին։ Մենք հիմա իրենց ասում ենք՝ դուք հեռու գնացեք քաղաքականությունից, մի խառնվեք էս գործերին, ասում ենք՝ երեսով մի տվեք ձեր ծառայությունները։ Չի կարելի նման ելույթ ունենալ եւ դրսից տղա կանչել «Առավոտ» թերթին, «Հայլուրին»։

– Դուք ուզում եք ասել, որ հակասություններ չկա՞ն ձեր կուսակցության ներսում։

– ԱԺՄ-ի ներսում 98-ից հետո իրոք խնդիր առաջացավ։ Եթե մինչեւ 98 թ. երկու բեւեռներ էին, ապա 98-ի նախագահական ընտրությունների ժամանակ, ինչ ուզում եք ասեք, ժողովուրդը ձայնը Դեմիրճյանին տվեց։ Ես համարում էի, որ Ռոբերտ Քոչարյանը, իսկ վերջում նաեւ՝ Վազգեն Սարգսյանը, եթե նպատակաուղղված են երկիր շինելու, շենացնելու, մենք էլ գնանք։ Բայց թե մենք ներքին ուրիշ պրոբլեմներ ունենք, դրանք ավելի շատ անհատական հարթության վրա են։ Սա նրանից է, որ Հայաստանում քաղաքական կուսակցությունները կայացած չեն, ավելի շատ կայացած են քաղաքական գործիչները։

Հարցազրույցը վարեց

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031