Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 04,2000 00:00

ԿԱՄ ՎԱՀԱՆՈՎ, ԿԱՄ ՎԱՀԱՆԻ ՎՐԱ… ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննիսյանը երեկ բավական սրտնեղած եւ զարմացած էր, որ իրենից բացի՝ էլի ինչ-որ մահկանացուներ իրենց կոռուպցիայի պայքարի առաջամարտիկներ են համարում. «Չկա նախարար, որը չհայտարարի, թե կոռուպցիայի դեմ պայքարի առաջին դրոշակակիրն ինքն է։ Չեմ ուզի որեւէ մեկի հայտարարության նկատմամբ կասկած առաջացնել, բայց ես մի՛ բան գիտեմ՝ նախարարի գործը կոռուպցիայի դեմ պայքարելը չէ, թող իրենց գործը գնան անեն, իրենցից ոչ մի ուրիշ բան չի պահանջվում։ Կոռուպցիայի դեմ պայքարողներ կան եւ այդ գործը կանեն (ճիշտ ճանապարհորդ գորտի նման` ֆՑՏ տՐՌՊցՎՈսՈ 255… 255… 255… – Լ. Ա.)»։ Եվ երբ պրն Հովհաննիսյանը տեսնում է պաշտոնյայի, որը կուրծք է ծեծում, թե ինքն էլ է ուզում պայքարել կոռուպցիայի դեմ, անմիջապես մտահոգվում է. «Թող գնա, սուսուփուս անի իր գործը, իսկ կոռուպցիայի դեմ պայքարողը կպայքարի»։ Եթե պրն Հովհաննիսյանն այսքան մտահոգ է կոռուպցիայի դեմ նախարարների պայքարելու մարմաջով, ապա նույնքան զավեշտական է եւ զարմանալի այն, որ «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» օրենքի նախագծի համահեղինակը դաշնակցական սույն գործիչն է (հայտնի է այս կուսակցության սերն առ զենքը եւ ահաբեկչությունը- Լ. Ա.)։ Ինչ վերաբերում է «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» օրենքին, ապա մինչ պրն Հովհաննիսյանենք այն մշակում էին, պարզվեց, որ «Մեր երկրում աջ ձեռքը չգիտի՝ ինչով է զբաղված ձախը, ձեռքերը չգիտեն, թե ոտքերը ուր են գնում»։ Մի խոսքով, պարզվում է, որ կառավարությունն էլ է ստեղծել հատուկ աշխատանքային խումբ, որը նույնպես մշակում է ահաբեկչության դեմ պայքարի ծրագիր։ Բայց երկու խելքը մեկից լավ է, եւ սա հայտնի է թե՛ պրն Հովհաննիսյանին, թե՛ կառավարությանը, ուստի եւ վերջիններս որոշել են ահաբեկչության դեմ միասին պայքարել։ Վահան Հովհաննիսյանը՝ գնահատելով խորհրդարանի եւ իրենց հանձնաժողովի մեկ տարվա գործունեությունը, այն արդյունավետ չհամարեց։ Որպես դրա պատճառ (բացի հոկտեմբերի 27-ը մեջտեղ բերելուց), նշեց, որ թեեւ խորհրդարանը համարվում է պրոֆեսիոնալ, սակայն պատգամավորների մասնագիտական ունակությունները դժվար է բավարար գնահատել. «Պաշտպանության հանձնաժողովում հայտնվում են մարդիկ, որոնք անցել են ղարաբաղյան պատերազմը, սակայն օրինաստեղծ աշխատանքներին անծանոթ են»։ Բայց հնարամիտ է պրն Հովհաննիսյանը. իր գլխավորած հանձնաժողովը կանգնած տեղից շարժելու նպատակով արտախորհրդարանական կարող ուժերից փորձագիտական խորհուրդ է ստեղծել, որն էլ գրում է անհրաժեշտ օրենքները, իսկ «մասնագիտական բավարար ունակություններ» չունեցող պատգամավորներն ընտրողներին դա ներկայացնում են որպես իրենց քրտնաջան աշխատանքի եւ ինտելեկտի արգասիք։ Ամեն դեպքում, պրն Հովհաննիսյանի գլխավորած հանձնաժողովն այս մեկ տարում այցելություններ է կազմակերպել զորամասեր եւ արձանագրել, որ բանակում սպանությունները շարունակվում են։ Այսօր էլ Արմավիրի առաջին ատյանի դատարանը քննում է զինծառայող Միհրան Գառնիկի Պետրոսյանի սպանության գործը։ Դեպքը եղել է Ղարաբաղում (զորամասի հրամանատար՝ Վալտեր Բաբայան)։ Հանձնաժողովի ստացած դիմումի համաձայն՝ հիվանդ 20 զինվորների, որոնք ծառայության համար պիտանի չեն եղել, ֆիզիկական ծանր աշխատանքներ են տվել ինչ-որ անասնապահական ֆերմայում։ Մնալով առանց հրամանատարի վերահսկողության՝ այս 20 տղաները կռվել են, դրա հետեւանքով մեկը ծեծի է ենթարկվել եւ մահացել։ Նման մի դեպք եղել էր նաեւ Վարդենիսի 59067 զորամասում. 96 թվականին սպանվել էր Կարեն Ոսկանյանը։ Նախաքննությունը վարել է Սեւանի կայազորի զինդատախազությունը եւ այն արձանագրել որպես դժբախտ պատահար։ 3 տարի անց նոր գործը բացահայտվել է։ Հոկտեմբերի 27-ի գործով կալանավորվածներից մամուլով հանդես եկան երկուսը՝ պատմելով, թե ինչպես են իրենց խոշտանգել ՆԳ մեկուսարաններում։ Մինչ վերջիններս մեկուսարանում էին, ԱԺ պաշտպանության, ԱԱ եւ ՆԳ հանձնաժողովը, ինչպես պրն Հովհաննիսյանն ասաց, ստացել էր միայն պատգամավոր Մուշեղ Մովսիսյանի հարազատների բողոքը, որ պրն Մովսիսյանին մեկուսարանում ծեծում են։ Նույնը մեկուսարան կատարած այցի ժամանակ պրն Հովհաննիսյանին բանավոր ասել է նաեւ Մուշեղ Մովսիսյանը։ Բայց քանի որ «ծեծը այնպիսի բան է, որ պիտի թարմ հետքերով նայես», ապացուցել դա չհաջողվեց։ Մուշեղ Մովսիսյանից փորձեցինք ճշտել, իրո՞ք իրեն նույնպես ծեծել եւ խոշտանգել են, սակայն նա խոստացավ բոլոր հարցերիս պատասխանել իր սպասվելիք հայտարարությունից հետո։ Իսկ Վահան Հովհաննիսյանի անձնական տեսակետը հոկտեմբերի 27-ի նախաքննության վերաբերյալ հետեւյալն է. «Գործը փչացրին, մտցրին փակուղի»։ ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31