Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 04,2000 00:00

«Այսպիսի պահվածք միշտ ունենալու եմ» Երեկ պաշտպանության նախարարությունում հանդիսություն էր. նախարարի թիվ 688 հրամանով արտասահմանյան երկրների ռազմական ուսումնական հաստատությունները գերազանց ավարտածները պարգեւատրվեցին «Մարշալ Բաղրամյանի հուշամեդալով»։ Մինչ պարգեւատրումը սպաների առջեւ ելույթ ունեցավ պաշտպանության նախարար Ս. Սարգսյանը, որն ասաց, որ 6 ամիսների ընթացքում ֆինանսավորումը եղել է 100,1%, «ու եթե մտնեք զորամասեր, ձեզ ասեն սնունդ չկա, ուրեմն ձեզ խաբում են»։ Ս. Սարգսյանի նմանօրինակ բացախոսությունը միանշանակ չընդունվեց ԶԼՄ-ների կողմից, որոնց ի պատասխան նախարարն ասաց. «Մենք պատրաստ ենք բանակում եղած բոլոր թերությունների մասին խոսել հրապարակավ։ Մենք դեմ ենք չարախնդությանը։ Մենք ուզում ենք ազգովի վերացնել այդ թերությունները։ Ես այդպիսի պահվածք միշտ ունենալու եմ»։ Սակայն նախարարը ՊՆ գործերին «ազգովի» մասնակցության այս տարբերակը չէր ընդունում. «Չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր միջազգային ատյաններ նամակներ են հղում, որ մեր բանակում կարգապահությունը վատ է, որ մեր բանակը գրավել է հարեւան պետության 20%-ը, ուրեմն մեր երկիրը մի ընդունեք Եվրախորհուրդ»։ Այդ մարդկանց նկատմամբ վերաբերմունքն անհանդուրժողական էր. «Նրանք ինձ համար գոյություն չունեն։ Կարծում եմ, այդպիսի մարդիկ գոյություն չպիտի ունենան մեր հասարակության լավագույն մասի համար»։ Այնուամենայնիվ, նորից միջոցառման մասին. նախարարը խոստացավ, որ արտերկրից վերադարձած մեր սպաների համար, որոնք ծառայությունն անց են կացնում իրենց բնակավայրից հեռու, ՊՆ հաշվին կօգտվեն որոշակի արտոնություններից, ինչպես եւ՝ նրանց երեխաները (թե սովորելու հարցում եւ թե որեւէ արտակարգ պատահարի դեպքում)։ Այս ամենը, որքան հասկացանք, ուղղված էր այն բանին, որ կադրերը մնան երկրում, լինեն պետության ուշադրության կենտրոնում։ Տեղեկացանք, որ պաշտպանության նախարարը հուլիսի 24-ին հանդիպելու է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի հետ. «Մենք գտնվում ենք այնպիսի տարածաշրջանում, որը մեզ պարտադրում է ցանկացած կոնստրուկտիվ առաջարկություն ընդունել»։ Իմ գործընկերոջ հարցին, թե ստորագրվելո՞ւ են պայմանագրերը, նախարար Ս. Սարգսյանն ասաց. «Ամենայն հավանականությամբ պատրաստվում է մի փաստաթուղթ, որը պիտի ստորագրվի, բայց դա անմիջապես բանակին չի վերաբերում»։ Ե՞րբ կիմանանք, թե ինչին է վերաբերելու…։ Կիմանա՞նք։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել