Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 07,2000 00:00

ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԸ, ԱԲՈՐՏԸ ԵՎ ՀՂԻՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ Եթե գրողների միության (ԳՄ) մեկ անդամը՝ առանձին վերցրած, տանելի երեւույթ է, ապա երկու եւ ավելի ԳՄ անդամները միասին, նույն դահլիճում, ԳՄ նախագահ Աբգար Ափինյանի ներկայությամբ, այն էլ… աբորտի եւ հղիությունը կանխարգելող հաբերի թեման քննարկելիս հիշեցնում են հարբած եւ գազազած մարդկանց մի խումբ։ Երեկ էլ այդպես էր. ԳՄ էին հրավիրվել առողջապահության փոխնախարար Արտակ Զեյնալյանը, հանրապետության գլխավոր մանկաբարձ Ռազմիկ Աբրահամյանը եւ այլ բարեկիրթ բժիշկներ։ Վերջիններս մինչ ԳՄ գալն այն կարծիքին էին, թե եկել են «գիտության տաճար», ուր միայն պատկառելի մտավորականներ են։ Եկել էին, որովհետեւ գրանտ էին ստացել եւ դրա շրջանակներում գովազդում են հակաբեղմնավորիչ հաբերը նաեւ Ազգային հեռուստատեսությամբ։ (Հավանաբար, դուք էլ տեսել եք անճաշակ գովազդը, երբ երկու ոչ այն է՝ հարեւանուհի, ոչ այն է՝ ընկերուհի, միմյանցից հղիությունը ուշացնող հաբեր են խնդրում՝ կուլ տալու եւ իրենց պլանավորած ժամանակ հղիանալու նպատակով)։ Որոշակի վերապահումները, որոնք ունեին գրողները եւ ոչ միայն նրանք, քաղաքավարության եւ զսպվածության սահմաններում հյուրերին հնարավոր էր ներկայացնել։ Սակայն լաչառ կանանց մի խումբ՝ միմյանց ընդհատելով, ճվճվալով ԳՄ դահլիճը «բազարի» էին վերածել։ Դրան գումարած նաեւ աբորտին դեմ տղամարդկանց մի խումբ՝ գուսան Համազասպի անմիջական մասնակցությամբ, իրենց պարտքն էին համարում ընդհատել բեմում կանգնած փոխնախարարին՝ էժան ռեպլիկներով («դո՛ւ ինչ շահ ունես, դո՜ւ…», «հերիք եղավ, իջի», «ա՛յ, սրան վրա տվեք, կնանիք»)։ Բանաստեղծուհի Մետաքսեի նկատողությունները, թե «Մենք մտավորական ենք», համոզիչ եւ անկեղծ չէին։ Այլեւս չդիմանալով ներկա հայ գրող կանանց եւ տղամարդկանց անթիվ երեխաներ ունենալու ցանկությանը՝ բեմ բարձրացավ գրող Մարինե Պետրոսյանը. «Ես ամաչում եմ մեր միության անունից, որ խավարամիտների ոճով ինչ-որ ելույթներ եք ունենում։ Դուք էս դահլիճը վերածեցիք բազարի։ Էստեղ նստած են ինչ-որ զայրացած, գազազած կանայք, չարացած. երեւի էդ աբորտների արդյունքում են հասել էս վիճակին»։ Մարինեն, որը ներկա կանանցից բավական երիտասարդ էր եւ գեղեցիկ, կարճ փեշ էր հագել, արժանացավ իրենից հետո բեմ բարձրացած տղամարդկանց եւ կանանց պարսավանքին։ Մասնավորապես, գրող Վաչիկ Սարուխանյանը նեղված էր, որ աբորտի պես էական հարցի քննարկումներն անց են կացվում «էդ տրուսիկ հագած աղջկա մակարդակով»։ Վուլգարիզմը հասավ նրան, որ Ընտանիքի պլանավորման մասին գովազդի մասնակից աղջիկներից մեկին պրն Սարուխանյանն այսպես գնահատեց. «Թող էդ բեղավոր աղջկան մեջտեղ չհանեն։ Կին է, տղամարդ է, թե դա ինչ է։ Նրան որ տեսնում է, մարդ ուզում է պրեզերվատիվ հագնել, որ էդպիսի արարածներ աշխարհ չգան»։ «Վաղվանից գուազ չլինի՛»,- սա գուսան Համազասպն էր, որը «գովազդին» «գուազ» էր ասում, եւ որին Աբգար Ափինյանը խուսափում էր ձայն տալուց։ Երբ «հակառակորդ թեւից» մի կին նկատեց, որ դահլիճում ներկա կանայք «մանկածնության պրոբլեմ, կներեք, ի վիճակի չեն ունենալու», 60-ն ակնհայտորեն անց կանանց մի խումբ՝ խիստ վիրավորված եւ համապատասխան վիրավորական արտահայտություններով, լքեց դահլիճը։ «Հայկանդուխտ» կուսակցության նախագահ Արմենուհի Ղազարյանը, հիշելով, որ «ԽՍՀՄ-ը միտումնավոր քանդվեց արտերկրյա գործակալների կողմից», ԳՄ եկած բժիշկներին «ազդեցության գործակալներ» համարեց. «Մեր թշնամին մեր դուռն է թակում, մեր տուն է մտել եւ մեզ ասում է, թե ինչպես կենակցենք մեր ամուսինների հետ, ինչպես կերակրենք մեր երեխային, մեր երիտասարդներին ամլության է դատապարտում, ձրի պահպանակներ բաժանում։ Ո՞վ է կանգնած այս ծրագրի ետեւում, ի վերջո. կանգնած են Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը եւ Հրանուշ Հակոբյանը»։ (Չմոռանանք, որ աբորտի խնդրով մտահոգ՝ ուղերձ էր հղել ներկաներին նաեւ Սիլվա Կապուտիկյանը, որը տկարության պատճառով չէր կարողացել ներկայանալ- Լ. Ա.)։ «Իջի՜, իջի՜, իջացրեք դրան, հերիք ա խոսես»,- բղավեցին դահլիճից, երբ մի քանի միտք էր հասցրել ասել հանրապետության գլխավոր մանկաբարձը։ «Ինչո՞ւ այստեղ չէ Սերժ Սարգսյանը»,- հարց բարձրացրեց մի գրող, մի բժիշկ էլ՝ Ֆեդյա Գսպոյանը, ելույթ ունենալուց հետո նկատելով, որ դահլիճի կանայք հիացած «շարունակիր, շարունակի՜ր» էին գոռում, թե՝ «Ա՛յ, խոսելը էս ա, որ մարդու լսեն»։ Աբորտի եւ անպտղության այս քննարկմանը ամենատրամաբանականն Աբգար Ափինյանի ներկայությունն էր։ Նրա՝ ԳՄ նախագահ դառնալուց հետո, ԳՄ շուրջ հավաքված գրական դաշտն ամլացել է։ ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել