Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 07,2000 00:00

«ՄԵՆՔ ՈՐԵՎԷ ՀԻՄՔ ՉՈՒՆԵՆՔ ԿԱՍԿԱԾԵԼՈՒ ԱԼԵՔՍԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ» Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Տիգրան Թորոսյանին խնդրեցինք ուղղակի տեղեկացնել, թե արդյոք նախագահի խորհրդական եւ ՀՀԿ խորհրդի անդամ Ալեքսան Հարությունյանը մասնակցո՞ւմ է կուսակցական քննարկումներին, ՀՀԿ խորհրդի նիստերին։ Պրն Թորոսյանը նախընտրեց հանգամանալից բացատրությունները՝ «անառողջ մեկնաբանությունները» կանխելու համար։ «Քննչական խմբին մինչեւ վերջ, առանց անուղղակի եւ ուղղակի ճնշումների գործը վարելու հնարավորություն տալու համար՝ մենք պայմանավորվել ենք պրն Հարությունյանի հետ, որ կվերսկսի իր լիարժեք գործունեությունը գործը դատարան հասնելուց հետո»։ Հիշեցրինք, որ Ալեքսան Հարությունյանի մասով գործը կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով, ուստի այն այլեւս դատարան չի հասնելու. «Համաձայն եմ, բայց գործը պիտի հասնի դատարան եւ ավարտվի։ Կարծում եմ, այս գործի ե՛ւ ընթացքի, ե՛ւ մնացած բոլոր կողմերի մասին ամբողջական պատկերացում հնարավոր է ունենալ միայն դատարանից հետո։ Գործը կարճվել է եւ, բնականաբար, մենք որեւէ հիմք չունենք պրն Հարությունյանին կասկածելու՝ միանշանակ է դա։ Բայց տարբեր մեկնաբանությունների առիթ չտալու համար, քանի որ սա իսկապես չափազանց յուրահատուկ գործ է եւ շատ նուրբ է սրա նկատմամբ ե՛ւ հասարակության, ե՛ւ տարբեր կողմերի վերաբերմունքը՝ կարծում եմ, այդ մի քանի ամիսը կարող ենք հանգիստ սպասել։ Եվ հետո, ամեն ինչ կընկնի իր տեղը»։ Դատական գործընթացը կարող է տարիներ տեւել՝ եթե չբացառենք նաեւ վերաքննիչ եւ վճռաբեկ դատարաններ դիմելու հնարավորությունը։ Ե՞րբ է ՀՀԿ-ն հստակեցնելու դիրքորոշումը իր խորհրդի անդամի նկատմամբ (հիշեցնենք, որ գարնանը ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանին զայրացնում էր անգամ ի պաշտպանություն Ալեքսան Հարությունյանի Սպիվակովի նամակի հեռարձակման փաստը. «Կարծում եմ, ընթացքը ցույց կտա եւ այդ պայմանավորվածությունը շատ հեշտությամբ կարելի է փոխել, եթե ավելի լավ հնարավորություն գտնվի»։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել