Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 07,2000 00:00

ՓԱԿ ԳՈՏԻՆԵՐ ՉԿԱ՞Ն Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահ Զարեհ Սարգսյանից փորձեցինք մեկնաբանություններ ստանալ հիմնադրամի Արմավիրի մասնաճյուղի աշխատակիցների հետ պատահածի վերաբերյալ, որոնք փորձել էին ստուգումներ իրականացնել Էջմիածնից ընտրված ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի սեփականությունը համարվող «Զվարթնոց» համալիրում եւ արժանացել վերջինիս, այսպես ասած, կոշտ հակազդեցությանը։ Այս առիթով, նաեւ փորձեցինք պարզել, թե շա՞տ են այնպիսի գործարարները, որոնց «օբյեկտները» փակ գոտի են հիմնադրամի ստուգումների համար։ «Ինձ այդ միջադեպը հայտնի չէ,- նախ ասաց Զարեհ Սարգսյանը։- Ինձ հայտնի է միայն, որ ստուգումներ կատարվել են «Զվարթնոցում» եւ արձանագրվել պարտավորությունները։ Չեմ կարող ասել, թե այդ համալիրն ինչ կապ ունի պատգամավոր Հակոբ Հակոբյանի հետ, բայց գործադիր տնօրենը նա չէ»։ Այս մասնավոր խնդրից անցնելով մեր արծարծած ընդհանրական հարցին՝ սոցապ հիմնադրամի նախագահն ասաց. «Իմ աշխատելու առաջին օրվանից՝ ցայսօր, անկեղծ եմ ասում, չի եղել որեւէ դեպք, որ հիմնադրամի աշխատակիցները փորձեն ստուգումներ կազմակերպել որեւէ օբյեկտում՝ ճշտելու սոցիալական վճարների պարտավորությունները եւ դա նրանց արգելվի կամ խոչընդոտվի։ Նման փորձեր եղել են, որոնք, առաջին հայացքից, նաեւ, հավանաբար, օրենքի չիմացությամբ են պայմանավորված։ Բայց մեր տեսուչների մակարդակում իսկ, նրանց հետ զրույցից հետո՝ այդ միջադեպերը հարթվել են։ Թեեւ նման 1-2 առանձին դեպք կարող է եղած լինել։ Իսկ ընդհանուր առմամբ, որպես կանոն, մենք նման խոչընդոտներ չենք ունենում»։ Ա. Ի. ԿԵՍ ՏԱՐՎԱ ԳՐԵԼՈՒ ՆՅՈՒԹ՝ ԻՇԽԱՆԱՄԵՏ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ Հուլիսի 5-ին ներկա իշխանություններն առանձին նշեցին Սահմանադրության օրը։ Իսկ երեկ էլ նախկին իշխանությունների ներկայացուցիչներն էին հավաքվել Սահմանադրության 5-րդ տարելիցին նվիրված ընդունելությանը։ Վերջինիս ներկա էր նաեւ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը, ինչպես եւ նախորդ օրը Ռոբերտ Քոչարյանը՝ չպատասխանեց լրագրողների հարցերին։ Մի բացառությամբ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանն ի պատասխան մի սպորտային հարցի, թե ում համար էր ցավում ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ժամանակ, կեսկատակ ասաց՝ Թուրքիայի։ Սույնով մեծահոգաբար առատ ջուր լցնելով իրեն պանթուրքիստ համարող Խաչիկ Ստամբոլցյանի ջրաղացին։ ՕՐԻՆԱԽԱԽՏՈՒԹՅԱՆ ԵՎՍ ՄԻ ՕՐԻՆԱԿ Սամվել Բաբայանին կալանելուց հետո մինչեւ օրս նրան մեկժամյա զբոսանքի դուրս չեն բերել։ ԻՆՉՈ՞Վ ԲԱՑԱՏՐԵԼ – Կոլյա Բաղդասարյանին չթույլատրեցին ծանոթանալ գործի նյութերին, տեսակցել Սամվել Բաբայանի հետ։ Ձեզ թողեցին։ Ի՞նչը փոխվեց։ – Գործի քննությունն ավարտվել է, ինչ-որ անելու էին, արել էին, դրա համար էլ ստեղծեցին ինձ համար նպաստավոր պայմաններ։ Ձեւականորեն պաշտպանության իրավունքը չի խախտվել, խախտվել է մարդու ցանկությամբ պաշտպան ունենալու իրավունքը,- ասաց Ժուդեքս Շաքարյանը։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել