Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 13,2000 00:00

ՆԳՆ-ն փնտրում է Նաիրի Բադալյանին Իր վերջին հարցազրույցներում լրագրող Նաիրի Բադալյանը մանրամասնորեն նկարագրել էր իր անձի դեմ Նուբարաշենի թիվ 1 մեկուսարանում կիրառվող ծեծի եւ խոշտանգումների մանրամասները։ «Առավոտի» խնդրանքին՝ տալ որոշ պարզաբանումներ այս կապակցությամբ, Նուբարաշենի թիվ 1 մեկուսարանի պետ Ռաֆիկ Հովհաննիսյանը (ինչպես տպագրել էինք թերթի շաբաթօրյա համարում) ասել էր, որ Նաիրի Բադալյանն այդ ամենը հորինում է հերոսանալու նպատակով։ Պարոն Հովհաննիսյանը մեր բանավոր զրույցում ասաց նաեւ, որ ինքը ճշմարտության բացահայտման կողմնակից է եւ, որ նույն այդ ճշմարտությունը շատ շուտով կպարզվի։ Երեկ պարոն Հովհաննիսյանը պարտավորվել էր պատասխանել «Առավոտի» հարցերին, սակայն տեղեկացրեց, որ չի կարող դա անել, քանի որ Նաիրի Բադալյանի ոչ պաշտոնական բողոքի հիման վրա ծառայողական հետաքննություն է սկսվել։ «Ես ինքս եմ շահագրգռված, որ ծառայողական հետաքննություն սկսվի. վերջապես վերջ կտրվեն տարածված բամբասանքներին»,-ասաց պրն Հովհաննիսյանը։ Թեեւ երեկվա դրությամբ ո՛չ մեկուսարանի պետը, ո՛չ այլ աշխատակիցներ չէին հարցաքննվել, սակայն, ինչպես պրն Հովհաննիսյանը հավաստեց՝ նախատեսվում է նաեւ իր եւ Նաիրի Բադալյանի հարցաքննությունը։ Ներքին գործերի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Վարդազարյանից փորձեցինք ճշտել՝ իրո՞ք սկսվել է ծառայողական հետաքննություն, եւ ինչպե՞ս է ՆԳ նախարարը ծառայողական հետաքննության հրահանգ տվել՝ առանց Նաիրի Բադալյանի գրավոր բողոք-դիմումի։ Պարոն Վարդազարյանը հաստատեց մեր ունեցած տեղեկությունը եւ միայն այդքանը. ավելի հանգամանալից պարզաբանումներ տալ նա լիազորված չէր։ Փորձեցինք գտնել Նաիրի Բադալյանին, սակայն պարզվեց, որ նա Երեւանում չէ։ ՆԳ բնագավառի աշխատակիցներից մեկի հավաստի ինֆորմացիայի համաձայն՝ Նաիրի Բադալյանին փնտրում են ՆԳՆ-ից, որպեսզի վերջինս ներկայանա նախարարություն եւ ներկայացնի գրավոր դիմում-բողոք։ Թե ով է ղեկավարում այս հետաքննությունը եւ որքան կտեւի այն, պաշտոնական պատասխան ոչ ոք չտվեց։ Ինչպես ճշտեցի իրավաբանից, եթե ծառայողական քննության արդյունքում պարզվի, որ, ասենք, Ն. Բադալյանը զրպարտել է մեկուսարանի աշխատակիցներին, նրա դեմ կարող են զրպարտության հոդվածով գործ հարուցել։ Նույնը՝ հակառակ դեպքում։ Իսկ առայժմ, ինչպես Արտակ Վարդազարյանն ասաց, ծառայողական հետաքննությունն առայժմ հրամանի վիճակում է։ ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել