Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 18,2000 00:00

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՐՁԱԳԱՆՔՈՂ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Մեր թերթի հուլիսի 13-ի համարում տպագրել էինք «Նամակ «ռուսաց» թագավորին» վերնագրով հրապարակումը։ Հիշեցնենք նախաբանը. «Մեր ժողովրդին այլեւս ոչինչ չի մնում, քան նստել ու բաց նամակներ գրել առաջին դեմքերի հասցեներով։ Տխուրն այն է, որ սովորաբար ամեն տեսակի բաց նամակները այդպես էլ մնում են չբացված։ Եթե նամակն ուղղված է ՀՀ նախագահին կամ վարչապետին, վերջիններիս լրատվական ծառայությունները հատուկ ֆլոմաստերով ընդգծում են իրենց «շեֆ»-ին վերաբերող հատվածները եւ, իբր թե ներկայացնում են նրան։ Պահպանելով վատ ավանդույթը, «շեֆերը» երբեք անձամբ չեն ծանոթանում բաց նամակների բովանդակությանը, եւ, փաստորեն իրենց ընտրազանգվածին դիտում են լրատվական ծառայությունների աչքերով։ Հուսանք, որ այս փոքրիկ առաջաբանից հետո խմբագրություն բերված հերթական բաց նամակն անարձագանք եւ անարդյունք չի լինի։ Նամակի հեղինակները Թալինի տարածաշրջանի Պարտիզակ գյուղի բնակիչներն են»։ Այնուհետեւ մեջբերված էր գյուղացիների նամակը, որում հնարավորինս մանրամասն պատմվում էր գյուղի խնդիրների մասին։ Գյուղի թիվ մեկ խնդիրն այսօր խմելու ջրի խնդիրն է։ Լուրջ բարդություններ կան նաեւ ոռոգման ջրի հետ կապված։ Թերեւս անհավատալի հնչի, բայց ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը զարմանալի եւ գովելի օպերատիվությամբ արձագանքեց մեր հրապարակմանը։ Գյուղացիների բաց նամակի հրապարակման հենց հաջորդ օրն առավոտյան վարչապետի հանձնարարականի համաձայն, աշխատակազմի ղեկավար Անդրանիկ Հակոբյանի անմիջական ղեկավարությամբ Արագածոտնի մարզպետարանում տեղի է ունեցել խորհրդակցություն։ Հասկանալի է, խորհրդակցության առիթը եւ թեման «Առավոտի» հրապարակումն էր։ Պետք է հենց սկզբից ասել, որ այս գովելի օպերատիվության մեջ «մեղքի» իր լուրջ բաժինն ունի կառավարության՝ մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Գլուխներս չգովենք, բայց սա այն բացառիկ դեպքերից է, երբ մամուլն իրոք ուժ է եւ ապացույց, որ բաց նամակները երբեմն նաեւ բացվում են։ Հարմար ենք գտնում մեջբերել վարչապետի աշխատակազմի ղեկավար Անդրանիկ Հակոբյանի՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին ուղղված զեկուցագրից մի հատված. «Հայտնում եմ, որ Ձեր հանձնարարականի համաձայն ս/թ հուլիսի 14-ին Արագածոտնի մարզպետարանում քննարկվել է «Առավոտ» օրաթերթի ս/թ հուլիսի 13-ի հրապարակումը, կապված Պարտիզակի հիմնախնդիրների, մասնավորապես ոռոգման եւ խմելու ջրի մատակարարման հետ։ Խորհրդակցությանը մասնակցում էին Արագածոտնի մարզպետ Հ. Կարապետյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի վարչության պետ Վ. Տերտերյանը, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ տնօրեն Ա. Ղուլյանը, «Ոռոգում» ՓԲԸ տնօրեն Ա. Խաչատրյանը, Պարտիզակի գյուղապետը։ Ոռոգման ջրի անհրաժեշտ ծավալներով մատակարարման հարցը լուծված է արդեն մեկ շաբաթ, ջուրը տրվում է ժամանակացույցով, 3 օրը մեկ եւ բավարար քանակությամբ։ Խմելու ջրագիծը (մրցութային արժեքը- 29,6 մլն դրամ, ընդհանուր պարտքը կապալառուին- 5,361 մլն դրամ, պատվիրատու-մարզպետ, կապալառու-«Ապարանշին» ԲԲԸ) կապահովի Պարտիզակին խմելու ջրով 3-5 օրը մեկ անգամ ժամանակացույցով, 300 խմ ծավալով։ Ջրագծի շինարարական աշխատանքները հիմնականում կատարված են, սակայն էական տեխնիկական թերություններով, ինչի վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն։ Խորհրդակցության արդյունքում ձեռք բերվեցին հետեւյալ պայմանավորվածությունները. – Կապալառուն պարտավորվեց աշխատանքների ամբողջ ծավալն ավարտել մինչեւ ս/թ օգոստոսի 1-ը եւ հանձնել կառույցը պատվիրատուին, շահագործողի («Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ) համաձայնությամբ։ – «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ մինչեւ ջրագծի հիմնական շահագործումը, արդեն այս վիճակում, վերը նշված ժամանակացույցին համապատասխան կսկսի փորձնական ջրամատակարարումը (հաջորդ ջրաքանակի մղումը ՕԿՋ- մյուս շաբաթ)։ – Մարզպետը կապահովի անհրաժեշտ տեխնիկատնտեսական փաստաթղթերի սահմանված կարգով ձեւակերպումը եւ այս աշխատանքների կատարման վերահսկումը»։ Պատրաստեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ Հ. Գ. Ուզում ենք հիշեցնել պաշտոնատար անձանց, որ «Առավոտը» ուշի-ուշով սպասում է օգոստոսի 1-ին՝ ստուգելու համար պաշտոնյաների խոսքի եւ գործի համապատասխանությունը։ Պարտիզակը «էս գործը գլուխ բերելու դեպքում» գառ էր խոստացել։ Վարչապետը շատ մոտ է գառ ուտելուն, բայց նախագահի հարցը մի քիչ բարդ է։ Եվ վերջում՝ շատ կուզեինք վերնագրի վերջում հարց դնել, բայց առայժմ «ԻՊպՎրՖ!»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել