Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հուլիս 21,2000 00:00

ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ Ըստ վստահություն ներշնչող աղբյուրների, Նաիրի Հունանյանը ցուցմունք էր տվել, թե հոկտեմբերի 27-ին տանը, խոհանոցում պատից կախված ռադիոյով էր լսել, որ նիստը սկսվել է, եւ շարժվել դեպի խորհրդարան։ Նախաքննական մարմնի ներկայացուցիչներն այդ ռադիոն պատից պոկել եւ «կցել են» գործին՝ այն ճանաչվել է իրեղեն ապացույց։ ՆԵՐԿԱՆԵՐԸ ՉԵՆ ԽՈՐՇՈՒՄ ԿՈՄՊՐՈՄԱՏԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ Քաղաքագետ Արկադի Վարդանյանի կողմից ՀՀ ներկա իշխանությունների քննադատությանն անմիջապես հետեւեց մամուլում նրա դեմ 1983 թ. վաղեմության կոմպրոմատների հրապարակումը։ Քարոզչության երբեմնի առանցքային պատասխանատուներից մեկն այս առնչությամբ «Առավոտին» հիշեցրեց, որ պրն Վարդանյանը շատ ավելի անողոքաբար քննադատում էր նախկիններին, բայց նրանք ձեռնպահ էին մնում այդ վարկաբեկիչ նյութերն իրենց լրատվամիջոցներին տրամադրելուց. «Մենք էլ դատախազությունում ընկերներ ունեինք, իշխանությանը մաս էինք կազմում, բայց նման բաները մամուլում չէինք օգտագործում»։ ԳՐԱՆԴ ԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ Երեկ «Առավոտին» տված հարցազրույցում «Գրանդ Տոբակոյի» գործադիր տնօրեն Դավիթ Ղալումյանը հայտնեց, որ «Հայաստանի ներքին իրացման շուկայում 750 հազար ծխող կա, որոնք օրական միջինը ծխում են մեկ տուփ ծխախոտ»՝ այսինքն 20 հատիկ: Այդ թվերը բազմապատկելով պրն Ղալումյանը ստացավ 500 միլիոն հատիկ ծխախոտ (ձայնագրությունը պահպանվել է): Մեկնաբանությունները թողնում ենք թվաբանություն սիրող մեր ընթերցողներին: Ի՞ՆՉ ՀԱՆԳՍՏԻ ՄԱՍԻՆ Է ԽՈՍՔԸ «Չե՞ք մեկնելու որեւէ տեղ՝ հանգստանալու» հարցին Վլադիմիր Նազարյանը պատասխանեց. «Եթե մեկնելիս գլուխս էլ հետս եմ տանելու, էլ ի՞նչ հանգստի մասին է խոսքը»։ Վլադիմիր Նազարյանի հետ զրույցը՝ 3-րդ էջում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել