Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հուլիս 21,2000 00:00

ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ ՀԱՑԱԴՈՒԼ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԼՂՀ գլխավոր դատախազի առաջին տեղակալ պրն Ա. Գ. Ավագյանին Հայտարարություն հացադուլի մասին Ես՝ ԼՂՀ-ի Ազգային Հերոս, գեներալ-լեյտենանտ, առայժմ՝ մեղադրյալ, Սամվել Անդրեյի Բաբայանս, ս/թ հուլիսի 17-ից գտնվում եմ հացադուլի մեջ, որի մասին այսօր՝ հուլիսի 19-ին, քրեական գործի նյութերին ծանոթանալու ընթացքում, հայտնեցի իմ շահերի պաշտպան Ժուդեքս Շաքարյանին, շարադրեցի հացադուլ հայտարարելու պատճառները, որոնք ստորեւ գրառվել են նրա կողմից. 1. ԼՂՀ նախագահ, սույն քրեական գործով տուժող Արկադի Ղուկասյանի նկատմամբ ս/թ մարտի 21-ին, գիշերը կատարված մահափորձից հետո՝ մարտի 22-ին, ժամը 6։30-ին ԼՂՀ իրավապահ մարմիններն, առանց ձերբակալման համար օրենքով սահմանված հիմքերի ու շարժառիթների, բնակարանում ինձ ձերբակալել են։ Թույլ տրված անօրինականության դեմ արտահայտելով իմ բողոքը, մարտի 22-ից հայտարարել եւ 10 օր հացադուլի մեջ եմ գտնվել։ Այդ ընթացքում իրավապահ մարմինների դիմակավոր աշխատակիցները երկու անգամ ինձ ենթարկել են ծեծի, պատճառել մարմնական վնասվածքներ։ Իմ նկատմամբ կիրառված բռնարարքների հետեւանքով պատճառած մարմնական վնասվածքները պարզելու համար դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին իմ պահանջները չեն կատարվել, որի մասին բողոքել եմ ս/թ մարտի 31-ին ինձ այցելության եկած ԼՂՀ գլխավոր դատախազի առաջին տեղակալ պրն Ա. Ավագյանին։ Այդ եւ այլ բողոքներն այսօրվա դրությամբ մնացել են անպատասխան։ 2. Քրեական գործի նախաքննության ընթացքում արհեստական արգելքներ են հարուցվել իմ ընտրած պաշտպան Ն. Բաղդասարյանի համար, ֆիզիկական բռնություն է կիրառվել նրա նկատմամբ, որի պատճառով նա այլեւս չի մասնակցել սույն գործի վարույթին։ 3. Սույն քրեական գործի քննության դեռեւս առաջին օրերին, ԼՂՀ իշխանությունները, մասնավորապես ԼՂՀ գլխավոր դատախազ Մ. Ղուկասյանը, խախտելով անմեղության կանխավարկածը, ԶԼՄ-ների միջոցով հանդես է եկել կատարված հանցագործության մեջ իմ այսպես կոչված «մասնակցությունը հաստատող» հայտարարություններով։ Հրապարակվել են մեզ համար քննչական գաղտնիք համարվող, իրականում դեռեւս քննությամբ լրիվությամբ չստուգված տվյալներ, նպատակ ունենալով այդ եղանակով ազդել վկաների եւ գործով մասնակիցների ազատ կամքի արտահայտման վրա։ Այդ նպատակին են ծառայել նաեւ կատարված զանգվածային ձերբակալությունները։ 4. ԼՂՀ իշխանությունների կողմից թույլ է տրվել ապօրինություններ՝ կապված իմ ծնողների եւ հարազատների սեփականությունը հանդիսացող գույքի վրա կալանք դնելու հետ։ Բանը հասել է նրան, որ վերգրված գույքի մի մասն արդեն իշխանությունների կողմից օգտագործվում է, որը նույնն է, թե արդեն դատավճիռը կայացվել է։ 5. 1991 թ. հունիսին ադրբեջանցիների կողմից կալանավորվելու ընթացքում կրել եմ թոքերի բորբոքում հիվանդություն, որի հետեւանքներից սաստկացող հազը այսօրվա դրությամբ չի վերացել։ Շուրջ չորս ամիս գտնվելով ԼՂՀ-ի Ազգային անվտանգության վարչության մեկուսարանում, ես զրկված եմ մաքուր օդ շնչելու, այն է՝ օրենքով սահմանված զբոսանքի դուրս գալու հնարավորությունից։ Այդ կապակցությամբ իմ եւ պաշտպանական կողմի բողոքները մնացել են առանց պատասխանի։ Ինձ հնարավորություն, իրավունք չի տրվում թույլ նիկոտին պարունակող ծխախոտ օգտագործել, որը բացասաբար է անդրադառնում իմ առողջության վրա։ Նման վերաբերմունքը գնահատում եմ որպես իմ նկատմամբ խոշտանգման բնույթ կրող գործողություններ։ Վերը շարադրվածները բերել են ինձ այն եզրակացության, որ թույլ տված անօրինականություններն ու ապօրինությունները պայմանավորված են նրանով, որ սույն գործով տուժողը հանդիսանում է ներկայումս գործող պրեզիդենտ Ա. Ղուկասյանը, որ նման պայմաններում ԼՂՀ-ի որեւէ դատարան չի կարող անաչառ ու օբյեկտիվ դատաքննություն իրականացնել։ Հայտարարելով հացադուլ՝ բողոք եմ հայտնում վերը շարադրված ապօրինությունների դեմ ու պահանջում. 1. Պետական բարձրաստիճան պաշտոնատար անձանցից. ցուցաբերել քաղաքական հեռատեսություն, սույն քրեական գործի դատաքննությունը հանձնարարել ՀՀ ցանկացած դատարանին։ 2. ԼՂՀ գլխավոր դատախազությունից. մինչեւ սույն քրեական գործի վերջնական ընթացքը լուծելը՝ ա) միջոցներ ձեռնարկել առողջական վիճակիս հետագա վատթարացումը կանխելու, մաքուր օդ շնչելու, օրենքով սահմանված իմ իրավունքները պաշտպանելու ուղղությամբ, բ) հնարավորություն տալ օգտագործելու նիկոտինի թույլ չափաբաժին պարունակող ծխախոտ, գ) մարմնիս վրա դեռեւս առկա վնասվածքները զննելու եւ եզրակացություն տալու համար նշանակել դատաբժշկական փորձաքննություն հանձնաժողովի միջոցով։ Սույն հայտարարության բովանդակությունը բանավոր շարադրվել է իմ կողմից, իսկ գրավոր տեսքի է բերվել իմ խնդրանքով, պաշտպան Ժ. Շաքարյանի կողմից, որի իսկությունը հաստատում ու ստորագրում եմ։ Ս. Ա. ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել