Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 25,2000 00:00

ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՎԱՃԱՌՔԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ Չնայած բաշխիչ ցանցերի մասնավորեցման մասին օրենքի նախագիծը միայն երեկ վերջապես սկսեց քննարկվել ԱԺ արտահերթ նստաշրջանում, բայց, անկեղծ ասած, այս խնդիրն արդեն հասցրել է զգալիորեն ձանձրացնել։ Արդեն հայտնի են ե՛ւ այդ բաշխիչ ցանցերը սեփականաշնորհելու օգտին փաստարկները, ե՛ւ հակափաստարկները։ Վաղուց հայտնի է, որ անկախ հակափաստարկների առատությունից՝ բաշխիչ ցանցերը, միեւնույն է, սեփականաշնորհվելու են՝ սա է թելադրում երկրի քաղաքական եւ տնտեսական շահերի նպատակահարմարությունը։ Հնարավոր չէ հաշվել, թե էներգետիկայի եւ քաղաքական ոլորտների մանրումեծ գործիչներն արդեն քանի անգամ են այսուհանդերձ իրենց տեսակետներն արտահայտել այս հարցի վերաբերյալ։ Եվ երեկ հնարավոր էր բացարձակ ճշգրտությամբ գուշակել, թե բարձրախոսին մոտենալով ինչ հարցադրումներ կանեն, ասենք, Արշակ Սադոյանը կամ կոմունիստներից որեւէ մեկը։ Եվ ոչ պակաս ստույգ էլ կանխատեսումներն էին, թե ինչ կպատասխանի էներգետիկայի նախարար Կարեն Գալուստյանը։ «Մինչ օրս սեփականաշնորհված ոչ մի օբյեկտի համար նման նախապատրաստական աշխատանք չի կատարվել,- ասում էր պրն Գալուստյանը։- Սակայն, մեր կարծիքով, հարցն անհարկի քաղաքականացված է»։ Ի դեպ, նրան հարց տալու համար հերթագրվեցին 22 պատգամավորներ, եւ երեկ նա հազիվ հասցրեց բավարարել 14-ի հետաքրքրասիրությունը։ Հարցադրումներում հիմնականում անակնկալներ չկային։ Ասենք, Վահան Հովհաննիսյանին, որպես ազգային կուսակցության ներկայացուցչի, մտահոգում էր այն հեռանկարը, որ ԲԷՑ-երը կարող են վերավաճառել թուրքական որեւէ ընկերության, քանի որ Սահմանադրության համաձայն՝ սեփականատերը կարող է իր սեփականությունը տնօրինել ըստ յուր հայեցողության։ Կարեն Գալուստյանն ի պատասխան նշեց, որ այս խնդիրը գործնականում մասնավորեցվող բոլոր ընկերություններին է վերաբերում։ Սակայն այս դեպքում Հայաստանը բաժնետոմսերի որոշակի քանակ (շուրջ 29%) պահում է իր ձեռքում եւ կարող է սեփական պայմանները թելադրել։ Ի դեպ, էներգետիկայի նախարարն իր ռազմավարական նշանակությամբ առավել կարեւորում էր տեղափոխող ցանցերը, որոնք, ճիշտ է, ավելի ծանր վիճակում են, քան ԲԷՑ-երը, բայց երբեւէ չեն սեփականաշնորհվի։ Արշակ Սադոյանը ցանկանում էր հենց էներգետիկայի նախարարից ստանալ իր այն համոզման հաստատումը, որ Համաշխարհային բանկն ու ՄԱՀ-ն են պարտադրում Հայաստանին վաճառել մեր բաշխիչ ցանցերը։ Կարեն Գալուստյանն էլ ի պատասխան եւս մեկ անգամ ասաց, որ այս սեփականաշնորհումը միջազգային վերոհիշյալ հաստատությունների նախապայմանն է՝ վարկային միջոցների ստացման դիմաց, բայց մեր պետության խնդիրն է՝ ընդունել կամ չընդունել այդ նախապայմանը։ «Մենք չենք կարողանում կառավարել՝ ուրիշի՞ն ենք հրավիրում կառավարելու»,- դարձյալ մի հայտնի հարցադրում բարձրաձայնեց ՀԺԿ-ական պատգամավոր Արամայիս Բարսեղյանը։ Սակայն էներգետիկայի այս մի նախարարին այնքան էլ հեշտ չէր հունից հանելը։ (Նա այնքան մասնագիտական տերմիններով, միապաղաղ ու հանդարտ էր խոսում, որ թեժ բանավեճի պատրաստվածները գերադասում էին հեռանալ։ Իսկ դահլիճում մնացածներից շատերն էլ «գլխով տանձ էին կշռում» հաճախ)։ Միայն կառավարման իրավունքը փոխանցելու պնդման առնչությամբ պրն նախարարը դիտել տվեց, թե այդ դեպքում ինչպե՞ս է լուծվելու առնվազն ներդրումների խնդիրը, որ այս համակարգին ուղղակի օդ ու ջրի պես է անհրաժեշտ։ Եվս մի կրկնվող փաստարկ մեջբերենք՝ շատ պատգամավորներ էին դժգոհում, թե ինչո՞ւ ներկայացված օրինագծում նշված չէ ԲԷՑ-երի մեկնարկային գինը, ներդրումների չափը, գնորդի ստանձնելիք պարտավորությունները եւ այլն։ Կարեն Գալուստյանն ի պատասխան խոսում էր այս օրենքի նախագծի միջոցով խորհրդարանի եւ կառավարության հավասար պատասխանատվությունն արձանագրելու մասին։ Եթե գործողությունների ազատությունը վերապահվում է գործադիր իշխանությանը, ապա օրենսդիրը պիտի լիարժեք իրականացնի, մասնավորապես, իր վերահսկողական գործառույթները։ Եթե փաստարկների ու հակափաստարկների առումով նորություններ որոնելու փորձերը դատապարտված էին, ապա դրանք կարելի էր շարունակել որոնել այն հարցերի պատասխաններում, թե ինչպես է պատրաստվում քվեարկել խորհրդարանական այս կամ այն կազմավորումը։ Միանշանակ է, որ ինչ համոզիչ կամ բավարար հիմնավորումներ էլ ներկայացնեն կառավարության պաշտոնատարները՝ կոմկուսի խմբակցությունը «դեմ» է քվեարկելու։ Ինչպես նաեւ միանշանակ է, որ ՀՀԿ-ն քվեարկելու է «կողմ»։ Առավել համոզվածությամբ կարելի է ենթադրել, որ «դեմ» կքվեարկի նաեւ «Իրավունք եւ միաբանությունը», գուցե նաեւ «Հայաստանը»։ Մնացածների վերաբերյալ կանխատեսումներ անելն ավելի խրթին է։ Քանզի ե՛ւ ԱԺՄ-ում, ե՛ւ ՀԺԿ-ում, ե՛ւ «Կայունությունում» բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման վերաբերյալ տեսակետների բազմերանգություն է։ Ե՛վ նրանց, ե՛ւ այլ խմբակցությունների դիրքորոշման պարագայում թերեւս վճռորոշ կդառնան միջանցքներում եւ այլուր ընթացող համոզման գործընթացները, որոնք կարծես թե դեռեւս չեն ավարտվել։ Համենայն դեպս, միարժեք է, որ այս քվեարկությունն իրոք փորձաքար է դառնալու Անդրանիկ Մարգարյանի կառավարության համար, թե կարողանո՞ւմ է այն արդյոք ԱԺ-ի հետ աշխատել։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել