Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 26,2000 00:00

Վարք մեծաց Հերթագրված 24 պատգամավորներից 19-ը երեկ հասցրին ելույթ ունենալ բաշխիչ ցանցերի մասնավորեցման օրինագծի առիթով։ Ելույթներն իրոք «առիթով» էին, քանզի քչերն էին խոսում իսկապես օրենքի նախագծի դրույթներից։ Ինչի՜ ասես ականջալուր չեղանք՝ չհաշված այն, որ Վարդան Խաչատրյանն Արշակ Սադոյանին անվանեց «լափառոշ»։ Տարեց կոմունիստ պատգամավոր Պերճ Բոշնաղյանը խոստովանեց, թե ինքը ժամանակին էներգետիկայի հետ «մի քիչ գործ» է ունեցել։ Ավելի ստույգ, նրա փորձառությունը վերաբերում էր… 30-ական թվականներին։ Եվ անտեսելով, որ այդ ժամանակներից ի վեր աշխարհում որոշ բաներ փոխվել են, պրն Բոշնաղյանը հայտարարեց, թե չի կարելի ասել, որ մարդիկ փող չեն վճարում եւ համակարգը դրա համար է այս վիճակում։ Ավելին, նա մերժում էր սեփականաշնորհումն այն հիմքով, թե մարդիկ վճարելու հնարավորություն չունեն։ Կարծես եթե բաշխիչ ցանցերը չվաճառեն, մարդիկ կարող են էլեկտրաէներգիայի վարձը չմուծել պետությանը։ Ալեքսան Կարապետյանը դիտել տվեց, որ Հայաստանում տնտեսական ազդեցության բոլոր լծակները ՆԱՏՕ-ի անդամ երկրների ձեռքում են։ Ի դեպ, այս փաստարկը շատ էր կրկնվում։ Պատգամավորների համար նորաձեւ մտահոգություններից էր նաեւ, թե պատերազմական գործողությունների վտանգի դեպքում ՆԱՏՕ-ի անդամ տվյալ երկիրը մեր գլխավոր շտաբի լույսը կանջատի։ «Է, դուք էլ դվիժոկ դրեք»,- միջանցքում հակադարձեց հնարամիտ ՀՀԿ-ականներից մեկը։ Նորիկ Պետրոսյանը, ոգեւորված այն նախադեպից, որ ԱԺ-ի ամբիոնից երեք մատի կոմբինացիա ցույց տալը եւ «ա՛ռը քեզ» բացականչելը բավական ոգեւորությամբ ընդունվեց, երեկ փորձեց կրկնել իր սխրանքը եւ արդեն գոռաց՝ «Գետինը մտնի սենց բյուջեն»։ Անեծքի պատճառը կոմունիստի համար թերեւս բավական հիմնավոր էր՝ բյուջեն արտասահմանյան վարկերի շնորհիվ է լցվում։ Սակայն երեկ պատգամավորների համակրանքների մրցանակն այլ անձի համար էր սահմանված։ Առավել բուռն ոգեւորությամբ ընդունվեց Աղասի Արշակյանի ելույթը, որի ընթացքում խոսելու համար Արտաշես Գեղամյանը Վազգեն Խաչիկյանին անգամ նկատողություն արեց. «Արա՛, դու զզվացրիր։ Լսիր էլի՜։ Սովորելու բան շատ ունես»։ Որքան էլ անհեթեթ կարող է թվալ՝ Ռուսաստան-Բելառուսին Հայաստանի միանալու ջատագովի ելույթի առանցքն այն գաղափարն էր, թե ԲԷՑ-երը վաճառելով օտարելու ենք մեր անկախությունը եւ սա մեր երկիրը դրսից կառավարելու ամենակարճ ճանապարհն է։ Երկրի անկախությունը «փարչա-փարչա» անելու» վերաբերյալ նրա մտահոգություններից առավել ապրված էին հնչում «ո՞ւր եք, տղաներ» հին երգի հանգույն նրա հետեւյալ բացականչությունները, թե ո՞ւր են «զամոռսկի աֆերիստները», «Վահրամ Ավանեսյանը, Արմենչիկ Դարբինյանը, Սանդոյանը, Նանագուլյանը՝ ո՞ւր են սրանք։ Կա՛մ էստեղ, կա՛մ դրսում վայելում են կողոպտվածը։ Պատասխան տվող չկա՛»։ Ի դեպ, պրն Արշակյանը նաեւ բացահայտեց, թե ուժային բոլոր կառույցները լծվել են «դեպուտատ մշակելու գործին» եւ խոստացավ փաստեր բացահայտել, թե ինչպես է «40 սովխոզի մի բնակիչ կենտրոնում տուն ստանալու եւ չգիտեմ, 3-րդ, թե՞ 4-րդ գյուղի մի ուրիշ բնակիչ պատգամավորական կամ նախարարական իր համեստ աշխատավարձով զոքանչի անունով բնակարան գնելու»։ Աղասի Արշակյանը նաեւ մի փոքր գրագողության դիմեց Թռչունիչից, հայտարարելով, թե ողջ ժողովրդին կարծես կոչ է արվել. «Ով չի կարողանում իրա տունը, իրա կնոջը պահի՝ թող, ուրեմն արտասահմանցիներին հանձնի սեփականաշնորհման»։ Ծափահարելու փորձեր եղան՝ եւ պրն Արշակյանն ավելի մեծ կրքով շարունակեց. «Առանձին պատգամավորներ կան, որ ուզում են ե՛ւ ձուկ ուտել, ե՛ւ… համապատասխան բան անել։ Էդպիսի խոսակցություններ էլ կան։ Դա հնարավոր է, հասկանում եք, պատկերացնել։ Մանավանդ որ վերջերս Եվրախորհրդին անդամակցել ենք, կարող ա ինչ-որ մարդկանց մոտ նման հակումներ առաջանան»։ Ակնարկն ուղղված էր մասնավորապես նախարար ունեցող կուսակցություններին, թե «ճշտեք՝ դուք ում բարեկամներն եք, էս ժողովրդի՞, թե՞ արջի»։ Վերջում նաեւ նշենք, որ տվյալներով ու փաստերով հարուստ ելույթները երեկ ԱԺ-ում նման հաջողություն չէին վայելում։ Ասենք, Ֆիլարետ Բերիկյանի ելույթի ավարտից հետո, որ թվեր էր ներկայացնում, թե բնակչությունը էներգավարձերի ամենահստակ ու հիմնական վճարողն է, Սերգեյ Իսրայելյանը տեղից հարցրեց. «Դուրդ եկա՞վ, էդ ի՞նչ հեքիաթներ պատմեցիր, արա՛»։ Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել