Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 28,2000 00:00

Սամվել Բաբայանի փաստաբանին սպառնում են «Չորեքշաբթի Երեւանի իմ բնակարան են զանգահարել եւ սպառնացել ընտանիքիս անդամներին՝ պահանջելով, որ հրաժարվեմ Սամվել Բաբայանի պաշտպանությունից»,- երեկ հայտարարեց Սամվել Բաբայանի պաշտպան Ժուդեքս Շաքարյանը։ Նման քայլը նա որակեց որպես ԼՂՀ իշխանությունների հերթական սադրանք եւ դատապարտեց նմանօրինակ գործողությունները։ Անդրադառնալով ԼՂՀ դատախազության արած այն հայտարարությունը, թե Սամվել Բաբայանի պաշտպանն անհիմն ձգձգում է գործին ծանոթանալու պրոցեսը, Ժուդեքս Շաքարյանն ասաց, որ այն ամբողջովին անհիմն է եւ, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը։ «Այդ հայտարարության մեջ նշված է, թե ազգային անվտանգության վարչությունում բոլոր պայմանները ստեղծվել են, որպեսզի ես գործի նյութերին արագ ծանոթանամ։ Ես ունեմ ԼՂՀ գլխավոր դատախազի պաշտոնական գրությունն այն մասին, որ կարող եմ նյութերին ծանոթանալ այնքան ժամանակ, որքան ուզում եմ։ Նման վերաբերմունքը վրդովվել է նաեւ Սամվել Բաբայանին, որն ինձ լիազորել էր հայտարարել, թե դատախազության հայտարարությունը սադրանք է եւ նպատակ ունի սեպ խրել մեր հարաբերություններում»,- ասաց պարոն Շաքարյանը եւ ավելացրեց՝ «Եթե «բոլոր պայմաններն» ամփոփվում է նրանով, որ իմ պաշտպանյալը չպետք է օգտվի զբոսանքի դուրս բերվելու իրավունքից, ապա ես չգիտեմ, թե միջազգային նորմերն իրո՞ք այդպիսին են։ Բացի այդ, հայտարարության մեջ ասված է, թե իբր մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ եղել են ԼՂՀ-ում, տեսել են Սամվել Բաբայանին եւ համոզվել, որ վերջինիս մարմնի վրա ֆիզիկական ճնշման որեւէ հետք չի հայտնաբերվել»։ Նա պնդեց, որ իրականում նման հանդիպում չի եղել, եւ ոչ ոք Սամվել Բաբայանին չի այցելել։ «Երբ ես այդ մասին ասացի Սամվել Բաբայանին, նա հումորով պատասխանեց, թե միգուցե եկել են, միջանցքից նայել, գնացել»,- պարզաբանեց Ս.Բաբայանի փաստաբանը։ Մենք տեղեկացանք նաեւ, որ Ս.Բաբայանը դադարեցրել է հացադուլը՝ գտնելով, որ շարունակելն անիմաստ է. ո՛չ հացադուլը, ո՛չ Ս. Բաբայանի հայտարարությունը ԼՂՀ իշխանությունների կողմից որեւէ ուշադրության չեն արժանացել։ Ժ.Շաքարյանի պնդմամբ, ոչ ոք չի այցելել եւ չի հարցրել հացադուլի պատճառները, եւ հայտարարության մեջ հնչած պահանջներից ոչ մեկը չի կատարվել։ Վերջինս տեղեկացրեց նաեւ, թե Ս.Բաբայանն ու ինքը շարունակում են պնդել, որ այս գործի դատաքննությունը տեղափոխվի Հայաստան՝ պատճառաբանելով, թե Ս.Բաբայանի հացադուլի նկատմամբ ԼՂՀ իշխանությունների անտարբեր վերաբերմունքը եւս մեկ անգամ վկայում է, որ Ղարաբաղում օբյեկտիվ դատաքննություն լինել չի կարող։ Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել