Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱ ՎԵՐՋՆ Է ԱՌԱՋԻՆ ՍԵՐԻԱՅԻ

Նոյեմբեր 01,2000 00:00
Arakadi vardanyan

«Վարչական օրենսգրքի 180 պրիմ հոդվածի համաձայն՝ չարտոնված երթ կազմակերպելու համար Արկադի Վարդանյանը ենթարկվել է 10 օր վարչական կալանքի, նրա փաստաբան Կարո Կարապետյանը՝ 7 օր վարչական կալանքի։ Մյուսների մասին տեղեկություն չունենք»։

«Առավոտի» հարցին այսպես արձագանքեց ներքին գործերի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Սա կեսօրին էր։ Այդ ժամին մեզ տեղեկություն հասավ, որ երթից հետո ոչ ոք չի տեսել նաեւ դերասան Կարեն Ջանիբեկյանին։ «Առավոտը» նրա տիկնոջից՝ տիկին Անահիտից տեղեկացավ, որ վերջինս ամուսնու մասին ոչ մի ինֆորմացիա չունի՝ բացի այն, որ դերասանը երեկ առավոտյան 8։30-ին զանգահարել է տուն եւ հայտնել, որ ինքը քննչական մեկուսարանում է, իր հետ են նաեւ երթի այլ մասնակիցներ եւ, որ չգիտի, թե երբ իրեն բաց կթողնեն։

Ըստ տիկին Անահիտի՝ իր ամուսինը հաստատ Սպանդարյանի շրջանի ՆԳ բաժանմունքում է։ Այստեղից, սակայն, հերթապահը մեզ հայտնեց, որ Կարեն Ջանիբեկյան անուն-ազգանունով մարդ իրենց մոտ չկա։ Ժամը 15-ի մատույցներում մենք դարձյալ փորձեցինք պաշտոնական տեղեկատվություն ստանալ ՆԳ լրատվական ծառայությունից։ Այս անգամ հայտնեցին, թե Ջանիբեկյան Կարենի գործն ուղարկվել է Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան։ Այստեղ պետք է լսեն «չարտոնագրված երթի կազմակերպիչներից մեկի»՝ պրն Ջանիբեկյանի գործը եւ հավանաբար նրան էլ վարչական կալանքի ենթարկեն։ Մեր հարցին, թե էլի քանի՞ հոգի է կալանավորված, ՆԳ լրատվականը տեղյակ չէր։

Դեռեւս միտինգի օրը Երեւանի միլիցիայի քաղաքային վարչությունից դուրս գալու պահին Արկադի Վարդանյանն ու քաղաքի դատախազի պաշտոնակատար պրն Զախարյանը հանդիպեցին։ Պրն Վարդանյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ արդեն երեք օր է իր դիմումները դատախազին անարձագանք են մնում, երբ իր եւ իր սեփականություն հանդիսացող շենքի հանդեպ իրավապահներն ապօրինի ձեւով հարձակումներ են գործում։ Պրն Զախարյանը մի պատասխան ուներ՝ գրավոր դիմում ուղարկեք, կզբաղվենք նաեւ Ձեր հարցով։

Երեկ «Առավոտը» պրն Զախարյանից փորձեց ճշտել՝ պատրաստվո՞ւմ է քաղաքի դատախազությունը քրեական գործ հարուցել պրն Վարդանյանին բերման ենթարկելիս նրա տունը «լոմերով» ջարդող ՆԳ աշխատակիցների դեմ։ «Մենք նման հայտարարություն չենք ստացել։ Հենց որ գրավոր դիմում ստանանք, կստուգենք»։ Սակայն պրն Զախարյանը նաեւ նշեց. «Բայց հո մի դիմումով քրեական գործ չե՞ն հարուցում»։

Ըստ նրա, ամեն դեպքում ՆԳ մեկուսարանից վերոնշյալ բողոք-դիմումը Արկադի Վարդանյանը կարող է գրել եւ ուղարկել։ Երեկ հուսահատությունից չորրորդ իշխանությանն էր դիմել նաեւ Արկադի Վարդանյանի տիկինը։ Թեեւ «Առավոտը» չմասնակցեց նրա տված ասուլիսին, սակայն մինչ այդ զրուցեց նրա հետ։ Տիկին Վարդանյանը երեկ մինչեւ ժամը 17-ը ոչ մի պաշտոնական ինֆորմացիա չուներ ամուսնուց։ Նա չգիտեր, թե ո՞վ պիտի պատասխան տա եւ հատուցի իրեն, իր երեխաներին եւ իր տանը հասցված հոգեկան եւ նյութական վնասները։ Մեր հարցին՝ հնարավո՞ր է, որ նրա հուսահատությունը հասնի այնտեղ, որ թողնի Հայաստանը եւ հեռանա. «Ինչպե՞ս եւ ինչո՞ւ ես պետք է թողնեմ իմ հայրենիքը։ Ես այստեղ եմ մեծացել»։

Իսկ ո՞ւմ է դիմել իր եւ ամուսնու իրավունքները պաշտպանելու համար։ Պարզվեց, որ բացի չորրորդ իշխանությունից, որեւէ մեկին տիկին Վարդանյանը չի դիմել։ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատնից երեկ հետաքրքրվել են պրն Վարդանյանի որպիսությամբ եւ պատրաստվում են այցելել նրան մեկուսարանում։ Մասնավորապես պատրաստվում է նրան տեսակցել հյուպատոսը։ Ոչ պաշտոնական Թե քանի՞ հոգի է կալանավորվել երթի մասնակիցներից եւ ի՞նչ սկզբունքով են ընտրվել «ընտրյալ կալանավորները», ՆԳ լրատվականը չգիտեր։ Սակայն ոչ պաշտոնական աղբյուրները պնդում են, որ 30-50 հոգի մեկուսացվել են հասարակությունից ամբողջ յոթ օրով։ Ինչպես եւ ակնկալվում էր, Արկադի Վարդանյանին դարձրին ազգի հերոս եւ փրկիչ։ Ու արդեն գերադրական ածականներով են նրա մասին խոսում նրա գաղափարակիցները։ Մասնավորապես, «Հայոց տուն» ազգային-հայրենասիրական միության նախագահ Վարդան Պետրոսյանը իր կազմակերպությանը կից ստեղծել է «Արկադի Վարդանյանի պաշտպանության հասարակական կոմիտե», որին, ըստ պրն Պետրոսյանի, կարող են անդամակցել։ Հայտարարության ավարտը հուզիչ եւ փոքր-ինչ անհամոզիչ է. «Մենք քեզ հետ ենք, Արկադի»։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Հ. Գ. Երբ «XXI դար ասոցիացիայի» գրասենյակից փորձեցի ճշտել՝ ասոցիացիան ինչ-որ քայլեր իր լիդերի պաշտպանության ուղղությամբ պատրաստվո՞ւմ է անել, շարքային մի անդամ հիշեցրեց Ա. Վարդանյանի պոստուլատը՝ «Օրենք ամեն ինչում»։ «Կներկայանա՞ք»,- խնդրեցի։ «Ո՛չ, մեկուսարանն իմ առողջության համար բավական խոնավ է»,- եղավ պատասխանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930