Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 11,2000 00:00

Կոտայքից կզորակոչվի 430 զինակոչիկ Կոտայքի մարզում նոյեմբերի 1-ից ընթանում է աշնանային զորակոչը։Ինչպես հայտնի է, նախորդ՝ գարնանային զորակոչից զորամասերից հետ են ուղարկվել 20 հիվանդ, զինծառայության համար ոչ պիտանի զինակոչիկ (ի դեպ, նրանցից ոչ ոք Կոտայքի մարզից չի եղել)։ Ուստի հոկտեմբերի վերջին ՊՆ-ում կայացած խորհրդակցության ժամանակ պաշտպանության նախարարը բոլոր մարզերի զինկոմներին խստիվ զգուշացրել է, որ աշնանային զորակոչը պետք է համալրվի միայն առողջ երիտասարդներով։ Կոտայքի մարզի զինկոմ, մայոր Արթուր Ղազարյանն ասաց, որ այս հարցը ազգային բանակի ցավոտ կողմերից է, եւ դրանում պետք է մեղադրել ոչ այնքան զինկոմիսարիատների աշխատակիցներին, որքան բժշկական հանձնաժողովներին, որոնք «չեն նկատում» նույնիսկ ամենավտանգավոր հիվանդություններով տառապող զինակոչիկներին եւ նրանց համարում ծառայության համար պիտանի։ Կոտայքի զինկոմի հայտնած տվյալների համաձայն, մարզից զորակոչման է ենթակա 430 հոգի, եւ, դատելով զորակոչի ընթացքից, վստահ կարելի է ասել, որ այդքան զինակոչիկներով կհամալրվի ազգային բանակի կազմը։ Որքան էլ զարմանալի եւ միեւնույն ժամանակ ուրախալի է, ո՛չ նախորդ, եւ ո՛չ այս զորակոչի ժամանակ որեւէ պատանի աղանդավորության պատճառով չի հրաժարվել բանակում ծառայելուց։ Մինչդեռ մայրաքաղաքում եւ շատ մարզերում այս հարցը վերջանում է դասալքություն որակմամբ՝ աղմկոտ դատավարություններով։ Այժմ Կոտայքի մարզից զորակոչային տարիքի 60 պատանի ծնողների հետ գտնվում են հանրապետությունից դուրս եւ հույս չկա, թե նրանցից որեւէ մեկը կվերադառնա՝ բանակում ծառայելու համար։ Ինչ վերաբերում է նախորդ զորակոչին, ապա Ռուսաստան փախած 7 պատանիներից 2-ը վերադարձել են եւ ներում ստանալով, շուտով կզորակոչվեն, իսկ հինգ դասալիքի հանդեպ արդեն քրեական գործ է հարուցվել։ ԼԻԱՆԱ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ Կոտայքի մարզ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել