Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 07,2000 00:00

Տուն փլելը նույնպես թանկ հաճույք է Վթարային շենքերը Գյումրիում սպառնում են մարդկանց կյանքին Գոյությունը պահպանելու միջոցներից մեկն այսօրվա Գյումրիում երկաթե ամրաձողերի (արմատուրաներ) հավաքումն է ու որպես ջարդոն հանձնումը։ Ամրաձողերը հանվում են թե այն շենքերից, որոնք ենթակա են քանդման, թե նրանցից, որոնք պիտի վերականգնվեն։ Հոկտեմբերի 4-ին Եսայան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող 4 հարկանի վթարային շենքում, ժամը 17։30-18։00-ի սահմանում կատարվում էին քանդման աշխատանքներ։ Երկու անչափահաս տղաներ, թիվ 19 դպրոցի 6-րդ դասարանի աշակերտներ, մտել էին փլատակների մեջ՝ ամրաձողեր հավաքելու։ Նրանցից մեկը՝ Կարեն Մխիթարյանը մահացել էր՝ գլխին թափված բետոնե սալերի տակ մնալով։ Փլված շենքից քիչ հեռու գտնվում էր այն տնակը, ուր ապրում էր հրաշքով փրկված մյուս տղան։ Նրա հայրը պատմում է, որ երեխան անասելի վախեցած էր եւ երկար ժամանակ չէր կարողանում խոսել։ Քարաբեկոր էր ընկել վրան եւ վնասել պարանոցը, իսկ իրենք միջոցներ չունեին, որ բժշկի տանեին։ Այն հարցին, թե տանը տեղյա՞կ էին, որ երեխան զբաղվում է այդ գործով եւ արդյոք գումար բերո՞ւմ է տուն, հայրը պատասխանեց. «Չէ, մեզ փող չի բերում, ուղղակի, դե, տղա է, մենք իրեն փող տալ չենք կարողանում, նա էլ այդ կերպ է լուծում իր հարցերը»։ Հետո էլ արդարացավ, թե մեզ մոտ բոլորն են դրանով զբաղվում։ Փորձե՞լ են արդյոք ծնողները բողոքել, գտնել պատասխանատուներին։ Հայրը միանգամից խեղճացավ. «Ո՞ւմ բողոքենք, որ ի՞նչ, ի՞նչ է փոխվելու, ո՞վ է մեզ բանի տեղ դնում»։ Ըստ պաշտոնական եզրակացության, քանի որ ինքնափլուզումները հետեւանք են տեխնիկական փոփոխության, փլուզում հնարավոր է ցանկացած պահի։ Հետեւաբար, ցանկացած պահի էլ հնարավոր է նմանատիպ ողբերգություն։ Դեպքից հետո Շիրակի մարզպետ Ֆելիքս Փիրումյանը ելույթ է ունեցել տեղական հեռուստատեսությամբ՝ հայտարարելով, որ հնարավորին սեղմ ժամկետներում պետք է փլուզվեն 4-րդ (վթարային) կարգի բոլոր շենքերը։ Ըստ մարզպետարանի քաղաքաշինության եւ կապիտալ շինվարչության պետ Արտաշես Սարգսյանի, այսօր Գյումրիում կա 116 վթարային շենք, որոնցից 33-ը 4-րդ կարգի են, այսինքն՝ պիտի փլուզվեն, մնացածը ենթակա է վերականգնման։ Ստեղծված է այդ հարցերով զբաղվող հատուկ հանձնաժողով։ 2001 թվի բյուջեում ամբողջ ոլորտի համար ներկայացվել է 6 մլրդ 114 մլն դրամի ծրագիր, սակայն այն չի ընդունվել։ Լավագույն դեպքում կլինի ընդամենը 2 մլրդ 135 մլն դրամ՝ այսինքն համարյա 3 անգամ քիչ։ Այս տարվա համար դեռ կա 500 մլն դրամ, որից 20 մլն-ը քանդման աշխատանքների համար է։ Դա բավարար է 4-5 շենք քանդելու համար։ 4-5-ը՝ 33-ից։ Իսկ վերջում պրն Սարգսյանն ավելացրեց. «Պրոբլեմները բազմաթիվ են եւ եթե շարունակեն մեզ միայն խոստումներով կերակրել, Գյումրին կմնա աղետի գոտի էլի 12 տարի»։ ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել