Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 07,2000 00:00

ՄԵԿ ԿՏՐԱԾ ԾԱՌԻ ԴԻՄԱՑ՝ 100 ԾԱՌ Պարտավորվում են գործարարները Վերջերս, որոշ հասարակական կազմակերպություններ աղմուկ են բարձրացրել քաղաքի կանաչ տարածքների կապակցությամբ։ Չենք ուզում կասկածել բնության նկատմամբ այդ կազմակերպությունների սրտացավությանը, բայց նույն այդ կազմակերպություններից մեկի նախագահը, որ չցանկացավ իր անունը հրապարակել՝ ասաց. «Դե, մեզ էլ ճիշտ հասկացեք, մենք արտասահմանից անընդհատ գրանտներ ենք ստանում, մենք դրանով ենք ապրում, մենք պարտավոր ենք աղմուկ բարձրացնել»։ Բնությամբ «մտահոգվածներին» ճիշտ հասկանալով՝ դիմեցինք նաեւ գործարարներին։ Գարեգին Նուշիկյան, «Նուշիկյան» ասոցիացիայի նախագահ – Մենք պետք է հասկանանք, թե ինչ ենք ուզում. մենք ուզում ենք մեր քաղա՞քը կառուցել, թե՞ ողջ քաղաքում միայն ծառեր լինեն։ Ես կարծում եմ, ցանկացած գործարար հասկանում է քաղաքում կանաչ տարածքների դերը, բայց երբ խոսքը գնում է մի քանի ծառի մասին ու դրա դիմաց բավականին մեծ գումար է ներդրվում (որի արդյունքում ստեղծվում են բազմաթիվ աշխատատեղեր, որն էլ իր հերթին կկանխի մեծ չափերի հասնող արտագաղթը)՝ պետք է մտածել, թե որն է առավել կարեւորը։ Ես ուզում եմ կոնկրետ խոսել վերջերս մեծ աղմուկ բարձրացրած «Հաղթանակ» զբոսայգում կառուցվող հյուրանոցի մասին, արդյոք դա մեզ ընդհանրապես պե՞տք է, թե՞ չէ։ Որպես գործարար (իհարկե, ես չեմ ճանաչում կառուցողին)՝ ես համոզված եմ, որ եթե այդտեղ ներդրվում է 4-5 մլն դոլար, կառուցվում է հինգաստղանի հյուրանոց, նրա շրջակայքը չի կարող բարեկարգված չլինել, կանաչապատված չլինել։ Վերջերս թերթերից մեկը գրեց, թե մենք «Առագաստ» սրճարանի տարածքում ծառեր ենք կտրել։ Ես միանշանակ ասեմ, որ ոչ մի ծառ չի կտրվել։ Ասեմ նաեւ, որ այդ այգին խնամում ենք, դեռ 1995 թ. լուսավորել ենք, կանաչապատել, ծառեր տնկել, նորոգել բոլոր աստիճաններն ու նստարանները, մաքրել լիճը… Եթե ինչ-որ մեկը ցույց կտա, թե այնտեղ ծառ ենք կտրել, մենք պատրաստ ենք դրա դիմաց 100 անգամ ավել ծառ տնկել։ Գուրգեն Արսենյան. «ԱրսՕյլ» ընկերության նախագահ. – Դա բավականին ծեծված հարց է. հասարակությունը, հատկապես աղքատ հասարակությունը, զբաղվելու բան չունի. դրա համար նման բաներով են զբաղված։ Նման մարդիկ, իմ գնահատմամբ, գտնվում են հոգեբանական այլ դաշտում, պարզապես ամեն ինչի համար առիթ են ման գալիս։ Հին ասացվածք կա. եթե մարդ ուզում է գործ անել՝ ման է գալիս հնարավորություն, եթե ուզում է չանել, կամ խանգարել՝ ման է գալիս պատճառ։ Հիմա ամեն մի մանրուք համարել պատճառ ու փորձել խանգարել Հայաստանում մասնավոր սեփականատիրության ինստիտուտի կայացմանը՝ դրանք այդ մարդկանց հոգեբանական պրոբլեմներն են։ Խաչատուր Սուքիասյան. «Սիլ Գրուպի» նախագահ. – Նախ, այդ բոլոր գործողությունները պետության հետ համաձայնեցվում են (նկատի ունեմ շինարարությունները, գործունեություն ծավալելը այն շրջանակներում, որի թույլտվությունը քաղաքապետարանի, կամ պետական այլ մարմինների կողմից պետք է լինի)։ Այստեղ, հատկանշական է, որ բոլոր ինստիտուտները՝ քաղաքապետարանը, գործարարները պետք է ցանկություն հայտնեն գործունեություն ծավալելու, իսկ համապատասխան հասարակական կազմակերպություններն էլ միշտ պետք է աղմուկ բարձրացնեն. դա իրենց աշխատանքն է։ Բայց, կարծում եմ, աղմուկ բարձրացնելուց կարելի է օրենսդրական նախաձեռնություն ներկայացնել (չնայած կան նմանատիպ ինչ-որ որոշումներ)՝ մեկ ծառի փոխարեն՝ 100 ծառ տնկվի։ Պարզ է, որ գործարարները համաձայն կլինեն եւ ավելի շատ տարածքներ կներառվեն՝ անգամ այնպիսիք, որ խորհրդային շրջանում կանաչապատված չէին։ Արայիկ Հայրապետյան. «Գոլդեն Պալաս» հյուրանոցային համակարգի Հայաստանի համակարգող. – Հյուրանոցի համար նախատեսված տարածքում ոչ մի ծառ չի կտրվել։ Այնտեղ միայն մացառուտներ էին եւ հակահիգիենիկ վիճակ, դրա փոխարեն հյուրանոցի արտաքին միջավայրը պետք է կանաչապատված լինի։ Հիմա մենք պարտավորվել ենք 3000 քմ շինարարություն կատարել, 7000 քմ էլ՝ կանաչապատում։ Ավելին, ես պարտավորվել եմ բարեկարգել դրանից ավելի տարածք, ինչքան կարողանանք. մոտ 1500 քմ, 2500 քմ կանաչ խոտային տարածք պետք է լինի (ընդ որում, տարվա չորս եղանակին)։ Ինչ որ կառուցվի՝ թենիսի կորտեր եւ այլն, բոլորի շուրջ բոլորը կանաչ պետք է լինի։ Ի վերջո, թող որեւէ կազմակերպություն ասի, որ վերջին 20-30 տարում այդ տարածքում ծառեր է տնկել։ Իսկ, եթե նույնիսկ մեկ ծառ կտրվի, յուրաքանչյուրի դիմաց պարտավոր ենք 100 ծառ տնկել։ Տեսակետները գրանցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել