Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 07,2000 00:00

ԸՆԿՆԵՆՔ ԲԱՆՏ, ՀԱՄ ԷԼ ԿԼՈՂԱՆԱՆՔ Բանտից «քսիֆ» ուղարկելն արժե 3000-15000 դրամ Տարիների ընթացքում բանտային համակարգը մշակել է կալանավորներից փող կորզելու ճկուն մեխանիզմ։ Իր իրավունքները պաշտպանել չկարողացող բանտարկյալը ճարահատված օգտվում է այդ մեխանիզմից՝ կթու կովի կարգավիճակի մեջ դնելով իր ընտանիքը։ Ըստ ՄԱԿ-ի կողմից ընդունված «Բանտարկյալների հետ վարվեցողության նվազագույն ստանդարտ կանոնների» 13-րդ կետի՝ կալանավայրում «Բաղնիքի սարքավորումները եւ ցնցուղների քանակը պետք է բավականաչափ լինի, որպեսզի յուրաքանչյուր բանտարկյալ կարողանա եւ պարտավոր լինի լողանալ կամ ցնցուղ ընդունել ամեն մի կլիմայի համապատասխան ջերմաստիճանում եւ այնքան հաճախ, որքան պահանջում են ընդհանուր հիգիենայի պայմանները…»։ Մեզ մոտ, օրինակ, Նուբարաշենի թիվ 1 մեկուսարանում, որպեսզի բանտախուցը գոնե շաբաթը մեկ լողանա, բանտարկյալները պարտավոր են բաղնիքապանին «մուծվել» 1000 դրամ։ 10-12 բանտարկյալներ 30 րոպեի ընթացքում պետք է հասցնեն լողանալ 2-3 ցնցուղի տակ։ Իսկ ՈւԱՀ-ում սովորաբար կալանավորներին բաղնիք է տրվում 12-15 օրը մեկ անգամ՝ վառելանյութի պակասի պատճառով։ 12-15 օրը մեկ՝ 5-6 ժամերի ընթացքում 15-20 ցնցուղի տակ պիտի հասցնեն լողանալ 900-1000 տղամարդ։ ՄԱԿ-ի կողմից ընդունված կանոնները պահանջում են, որ «Հիվանդ բանտարկյալներին, ովքեր մասնագետի ծառայության կարիք ունեն, պետք է տեղափոխել հատուկ բժշկական հաստատություններ կամ քաղաքացիական հիվանդանոցներ»։ Հայաստանում, որպեսզի հիվանդ բանտարկյալը տեղափոխվի կալանավորների համար նախատեսված հիվանդանոց, նա պիտի կալանավայրի բժշկին կաշառի առնվազն 15-20000 դրամ։ Այլ կերպ բժիշկը նրա փաստաթղթերը չի պատրաստի։ Դեռ ավելին, հիվանդանոց հասած բանտարկյալը այնտեղ էլ պետք է վերաբերմունք ցույց տա, որպեսզի կարողանա մնալ հիվանդանոցում, որովհետեւ կալանավորների համար նախատեսված հիվանդանոցում վիճակն ավելի բարվոք է, քան կալանավայրերում, հատկապես ձմռան ամիսներին։ ՄԱԿ-ի կողմից ընդունված վարվեցողության կանոնները կալանավորներին հնարավորություն են տալիս «գրագրության կարգով, հարկ եղած վերահսկողության տակ, կապ պահպանել իրենց ընտանիքների եւ անբասիր վարկ ունեցող ընկերների հետ»։ Մեկուսարանում կամ կալանավայրում նամակ գրելը արգելված է ու եթե կալանավորը բռնվի նամակ գրելուց կամ անցկացնելուց, նա կարգապահական խախտման համար կպատժվի։ Որպեսզի չպատժվի, նա պարտավոր է բռնող հսկիչին վճարել 2000 դրամ։ Նամակագրական թույլատրելի կապի փոխարեն մեզ մոտ աշխատում է «ոտավոր-քսիֆ» կապը։ Ոտավորը, որը կարող է լինել կալանավայրի ցանկացած մակարդակի աշխատակից, որպեսզի կալանավորի քսիֆը հասցնի նրա մերձավորներին, նրանից պահանջում է 3000-15000 դրամ, ըստ կալանավորի բնակության վայրի հեռավորության։ Օրվա թերթերը մեկուսարանում վաճառվում են կրկնակի գներով, իսկ ՈՒԱՀ-ում թարմ թերթեր պարզապես չեն ճարվում։ Սուրճի մեկ տուփը մեկուսարանում արժե 500 դրամ, ՈւԱՀ-ներում՝ 300-400 դրամ։ Առանց ֆիլտրի ծխախոտները վաճառվում են 200 դրամով, ֆիլտրովը՝ 300 եւ ավելի։ Մեկուսարանում հեռուստացույց նայելու համար բանտախուցը պետք է հարկի պատասխանատուին վճարի ամսական 5000 դրամ, հեռուստացույցն էլ բանտարկյալները պետք է բերել տան։ ՈւԱՀ-ներում մերձավորների հետ տեսակցություն ունենալու համար հարկավոր է վերաբերմունք ցույց տալ։ Որպեսզի մերձավորների բերած սննդամթերքը լրիվ հասնի կալանավորին՝ մերձավորները դրսից, իսկ կալանավորը ներսից պիտի վերաբերմունք ցույց տան։ Կալանավայրում ջոկատի պետից դրական բնութագիր ստանալու համար հարկավոր է 5000-ի չափով մաղարիչ անել ջոկատի պետին։ Իսկ ամենադժվարը վաղաժամկետ կամ պայմանական ազատման խնդիրն է։ Այս հարցը գրեթե չի լուծվում առանց «կանաչ աստծո» միջնորդության։ Վաղաժամկետ կամ պայմանական ազատման համար կալանավորները գիտեն, որ «տակը թողնվելիք յուրաքանչյուր մեկ տարվա համար պիտի վճարեն 250 դոլար», այլ կերպ՝ «մնա գաղութում մինչեւ վերջին զանգը»։ «Առավոտի» իրավական բաժին Այս ուսումնասիրությունները տարվել է կալանավորների հարազատների հետ զրույցների, ինչպես նաեւ այնտեղից ստացած նամակների արդյունքում։ Պատրաստ ենք տպագրել նաեւ ԱԺ ՆԳ ՈՒԱՀ վարչության պարզաբանումները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել