Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 07,2000 00:00

… ԵՎ ԱՅԼՆ Հարկատուների շուրջ 90%-ն անպարտաճանաչ է Ըստ պետական եկամուտների նախարար Անդրանիկ Մանուկյանի – Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը հայտարարեց, թե վերջին տարիների համար աննախադեպ ցուցանիշ էր հարկահավաքման 16 մլրդ-ի սահմանագիծն անցնելը։ Ինչի՞ հաշվին եղավ դա՝ գուցե խոշոր հարկատուների՞։ – Նոյեմբերին 16 մլրդ 372 մլն դրամ մուտք եղավ բյուջե։ Այդ մուտքերն ապահովվել ենք հիմնականում այն հարկատուների հաշվին, որոնք 10 ամիսների ընթացքում կամ չեն վճարել հարկերը, կամ էլ մասնակիորեն են վճարել։ Խոշոր հարկատուները, ցավոք սրտի, նոյեմբերին չարդարացրին սպասելիքները։ Խոշոր հարկատուներից գրեթե ոչ մեկը գոնե նվազագույն չափով չմուծեց այն հարկերը, որքան պետբյուջե էին մուծել անցած ամիսների ընթացքում։ Այժմ հարկերը հավաքվել են, չէի ասի՝ վարչարարական մեթոդներով, այլ պարզապես պահանջել եմ, որ հավաքեն նրանցից, ովքեր խուսափել են նախկինում վճարելուց։ Փառք Աստծո, ստացվեց, իհարկե, կազմակերպչական մեծ աշխատանքի շնորհիվ էր դա. այս համակարգի աշխատակիցները կարողացան հավաքել այդ գումարը։ – Հարկերը այս կամ այն կերպ վճարելուց խուսափողները հարկատուների ընդհանուր քանակի ի՞նչ տոկոս են կազմում։ – Շա՜տ մեծ տոկոս։ Եթե միայն առեւտրի եւ հասարակական սննդի օբյեկտները դիտարկենք՝ շուրջ 90 %-ը կա՛մ մասնակիորեն են վճարում հարկերը, կա՛մ ընդհանրապես չեն վճարում։ Մնացածները դեռ ուսումնասիրության փուլում են։ Առաջիկայում կներկայացվեն նաեւ այդ տվյալները։ – Հայտնի է, որ առանձին գործարարներ վայելում են նախագահի շրջապատում գտնվող որոշ անձանց հովանավորությունը։ Ձեզ համար, այսպես ասած, ձեռնմխելի՞ են նաեւ այդ կարգի գործարարները։ – Այո՛։ Ռոբերտ Քոչարյանն ինձ, որպես պետական եկամուտների նախարարի, հանձնարարել է, որ հանրապետությունում տնտեսական գործունեություն ծավալող բոլոր իրավաբանական անձինք վճարեն սահմանված հարկերը։ Եվ նա ինձ մեծ աջակցություն է ցուցաբերում։ Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ ՀՐԱՇՔ ԵՍ, ՀՐԱՇՔ, ԽԱՉԱՏՐՅԱՆ Երեկ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանն իր հերթական թեւավոր միտքն արտահայտեց։ «Դուք կառավարության ժամկետը չեք կարող սպառել. այն հավերժ է»,- ասաց նա Մյասնիկ Մալխասյանին, որը կառավարությանը հատկացված ժամանակի հաշվին արտահայտում էր իր ասելիքը։ Աղասի Արշակյանը փորձեց պարզել ԱԺ նախագահի նախորդ օրն արտահայտած «Հազարամյակի հարցն է» թեւավոր մտքի ճակատագիրը. «Ի լուր աշխարհի երեկ ասացիք, թե ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը կլուծվի այսօր, բայց ընդհանրապես նիստերի դահլիճ էլ չիջաք»։ Արմեն Խաչատրյանը վեհապանծորեն չարձագանքեց այդ հիշեցմանը։ Եվ դեռ նման ԱԺ նախագահի պաշտոնանկման պահանջի ներքո Մանուկ Գասպարյանը փորձում է ստորագրություններ հավաքել։ Այլախոհների նոր ղեկավարը Երեկ քաղբանտարկյալների «Ակումբ-65» հասարակական կազմակերպության նորընտիր նախագահ Գեւորգ Հեքիմյանը եւ խորհրդի անդամներ Հակոբ Աշիկյանը, Լեւոն Բադալյանը, Սուրեն Մելիքյանը, Սամվել Մարտիրոսյանը հրավիրել էին մամուլի ասուլիս։ Խորհրդի նոր կազմն ընտրվել էր նոյեմբերի 16-ին՝ կազմակերպության ընդհանուր ժողովում: Ասուլիսի նպատակն էր մամուլի միջոցով հնչեցնել իրենց կազմակերպության վերագրանցման, ինչպես նաեւ քաղբանտարկյալների կարգավիճակի հստակեցման մասին։ «Առավոտի» հարցին, թե օրինական է եղել նոյեմբերի ընդհանուր ժողովը եւ Ռազմիկ Մարկոսյանի փոխարեն նոր նախագահ վերընտրելու հարցը դրվա՞ծ էր օրակարգում, պրն Հեքիմյանը պատասխանեց, որ ընդհանուր ժողովին ներկա են եղել 12 քաղբանտարկյալներ եւ այն անցել է իրենց կանոնադրության շրջանակներում։ Նախկին քաղբանտարկյալները գտնում էին, որ ՀՀ-ում գործող «Բռնադատվածների մասին» օրենքը բռնադատվածներին նույնացրել է գաղափարի զինվորների հետ, որոնք առաջ էին քաշում կայսրության օրոք Արցախն ու Նախիջեւանը Հայաստանին միացնելու, ցեղասպանությունը ճանաչելու հարցերը։ Այլ խոսքով, ինչպես չի կարելի «Միքայել Նալբանդյանին նույնացնել մի վեդրո ցորեն գողացողի հետ», այնպես էլ իրենց՝ բռնադատվածների։ «Մենք բոլորս ստվերի տակ ենք»,- ասաց «Ակումբ-65»-ի նորընտիր նախագահը, իսկ Սուրեն Մելիքյանը նկատեց, որ սեփականաշնորհվել է նաեւ իրենց քաղաքական պայքարն ու պատմությունը «որոշ քաղբանտարկյալների կողմից»։ Հայոց քրմապետ, քաղբանտարկյալ Էդուարդ Կակոսյանն առաջարկում էր «սահմանել թոշակ այնպես, ինչպես պատերազմի հաշմանդամինն է» եւ երիտասարդ քաղաքականներին «օգտագործել» պետական կառավարման համակարգում… ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ Լավ կեղնի, օր էրթան Գյումրի Երեկ, Ազգային օպերային թատրոնում «Շիրակ» միջազգային հասարակական կազմակերպությունը եւ Շիրակի մարզպետարանը ներկայացրին թատերականացված ներկայացում, որի հիմքում ընկած էր Խաչիկ Դաշտենցի «Ֆայտոն Ալեք» պոեմը։ Նախօրեին հանդիպեցի կազմակերպության նախագահ ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանին։ Վերջինից տեղեկացա, որ նորա-ստեղծ կազմակերպության հիմնական նպատակը գյումրեցիներին միախմբելն է, նախաերկրաշարժյան Շիրակի վերականգնումը, մի խոսքով, այն ավանդույթները, որ երբեւէ ունեցել է «համով-հոտով» գյումրեցին։ Կազմակերպությունը պատրաստ է իր ծրագրերով համագործակցել կառավարության հետ, թեպետ երկրաշարժի զոհերի հիշատակի օրվան նվիրված այս ծավալուն ներկայացմանը կառավարությունը ոչնչով չէր աջակցել։ Այս առիթով պրն Համբարձումյանն ասաց. «Մենք ոչ մի խնդրանքով չենք դիմել կառավարությանը, աշխատել ենք ամեն ինչ մեր ուժերով անել»։ Այսինքն, կազմակերպության ղեկավարությունը եւ անդամները, հանձին գլխավոր տնօրեն Սուրեն Շահինյանի, նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի եւ այլոց, ըմբռնումով են մոտեցել՝ գիտակցելով մի հանրահայտ բան. պետբյուջեն ճեղքվածք ունի կամ… Երկու ամսական նորաստեղծ կազմակերպությունը մեծ օժանդակություն եւ աջակցություն է ցուցաբերել վերջերս Գյումրիում կայացած ավանգարդիստ նկարիչների միջազգային ցուցահանդեսին, ուր ներկայացված էին 13 երկրների նկարիչների աշխատանքներ։ Ակադեմիկոս Ս.Համբարձումյանը տեղեկացրեց, որ 5 թե 7 նկարիչների ստեղծագործություններ կցուցադրվեն Փարիզում։ Վերադառնանք Ազգային օպերային թատրոն։ Բեմում «Ֆայտոն Ալեքի» ֆայտոնն էր՝ եկեղեցու ֆոնի վրա։ Ծրագրի ռեժիսորը՝ Հակոբ Ղազանչյանը, ջանացել էր, բնականաբար, հարազատ մնալով Խ. Դաշտենցի պոեմին, Գյումրին ցույց տալ իր բոլոր կողմերով՝ հայտնի հումորիստներին, գուսաններին, վարպետներին։ Ուրախ օրերից մինչեւ 1926 թվականի երկրաշարժը, մի խոսքով, մինչեւ մեր օրերը։ Հիմնականում երաժշտական կոլեկտիվները հրավիրված էին Գյումրիից, Երեւանից միայն նախկին գյումրեցիներ էին՝ Վարդուհի Խաչատրյանը, Ալբերտ Սարգսյանը, Վոլոդյա Աբաջյանը, եւ, ծնունդով սպիտակցի, Ռուբեն Մաթեւոսյանը։ Իսկ Գյումրին տեղափոխվել էր Երեւան։ Հիանալի է, որ մեր օրերում միավորվում, համախմբվում են մեր հանրապետության տարբեր շրջանները։ Գովելի է, որ այս ամենը կազմակերպության ուժերով էր արված։ Պրն Համբարձումյանին պարզապես մոռացա հարցնել՝ իսկ Երեւանից տեսնիս իսոնք պիտի էրթա՞ն Գյումրի։ Լավ կեղնի, օր էրթան։ Ի դեպ, միջոցառմանը չէր մասնակցում գյումրեցի ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը։ Ըստ հավաստի տեղեկությունների, նա վիրավորված է եղել, որ ծրագրի ռեժիսորը ոչ թե ինքը, այլ Հակոբ Ղազանչյանն է։ Իհարկե, Սերգեյ Համբարձումյանը հերքեց այս տեղեկություններն՝ ասելով, որ Ա.Մկրտչյանը ոչ միայն վիրավորված չէ, այլեւ՝ կողմ է եղել, որ պոեմը բեմադրի Հակոբ Ղազանչյանը՝ պատճառաբանելով, թե ինքը կինոռեժիսոր է։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել