Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 08,2000 00:00

ԸՆԿԵՐ ՅՈՒՐԱՅԻ ԵՎ ԸՆԿԵՐ ՎԱՀԱՆԻ ՃԵՊՈՎ ԶՐՈՒՅՑԸ Դարավերջի խորհրդարանական ճեպազրույցներից առավել դարակազմիկ էր երկու ավանդական կուսակցությունների ներկայացուցիչների ասելիքը։ Պարույր Հայրիկյանն ասուլիսում ասել էր. «Եթե մենք Մարիամ Աստվածածնի սուրբ հղիության տոնը փոխարինում ենք Կլարա Ցետկինի չգիտեմ ինչի հետ, այն էլ՝ Հայաստանում քրիստոնեության հաստատման 1700-ամյակի տարում, նշանակում է՝ սատանան հաղթանակ է տարել»։ ՀԿԿ Երեւանի քաղկոմի առաջին քարտուղար Յուրա Մանուկյանին այս առիթով խնդրեցին պարզաբանել, թե արդյոք կոմկուսը սատանայամե՞տ է, քանի որ իրենց նախաձեռնությունն էր մարտի 8-ը վերատոնելը։ «Դուք գիտեք, թե ում է ժողովուրդը սատանա համարում, ում՝ ոչ,- ի պատասխան ասաց պրն Մանուկյանը։- Եթե սոցիալիզմի գաղափարներն անհասու են որոշ ուղեղների՝ դա, ներողություն, կոմունիստների խնդիրը չէ»։ Լրագրողներից մեկը տարակուսեց, թե ինչո՞ւ է Երքաղկոմի առաջին քարտուղարը կոմունիզմի գաղափարները թողած՝ խոսում է սոցիալիզմի մասին։ Իսկ որ նախկին քաղկալանավոր Պարույր Հայրիկյանն այդպես էլ անհաղորդ մնաց կոմունիզմի գաղափարներին խորհրդային բանտերում անցկացրած 17 տարիների ընթացքում՝ հանրահայտ է։ Լրագրողներին հետաքրքրում էր նաեւ, թե քանի որ կոմկուսը վերականգնում է հին տոները, գուցե հետեւեն իրենց ռուս գործընկերների օրինակին եւ փորձեն վերականգնել նաեւ Սովետական Հայաստանի հի՞մնը, որն ավելի լավն էր։ «Շնորհակալություն,- զգացված ասաց պրն Մանուկյանը։- Դա ինձ չեք հաճոյախոսում, այլ Արամ Խաչատրյանին, որի ստեղծագործությունն իրոք բավականին հարուստ, հզոր երկրի հիմն է։ Եվ ոչ թե մանկապարտեզային նվնվոց կամ լացուկոծ»։ Լրագրողներից մեկն ականջներին չհավատալով հետաքրքրվեց, թե այժմյա՞ն հիմնն է մանկապարտեզային։ Յուրա Մանուկյանը հաստատեց. «Մանկապարտեզայի՛ն, երկու տոնայնությամբ նվնվո՛ց ու լացուկո՛ծ է»։ Կոմունիստներն առայժմ մտադրություն չունեն Սովետական Հայաստանի հիմնը վերականգնել. «Բայց դա չի կարելի բացառել»։ Իսկ քանի դեռ ԱԺ մեծամասնության աջակցությամբ կոմկուսը գլուխ չի բերել այդ նախաձեռնությունը եւս, արժեր հարգալից արտահայտվել մեր պետականության խորհրդանիշների՝ հիմնի, զինանշանի եւ եռագույնի մասին։ ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանին խնդրեցին գնահատել 2001-ի բյուջեն։ Եվ չնայած նա խոստովանեց, թե դրան ամբողջությամբ ծանոթ չէ, հայտնեց իր հեղինակավոր կարծիքը. «Ես լավ չեմ գնահատում այդ բյուջեն»։ Ավելին, կանխատեսեց, թե ինչպես են անցնելու բյուջետային քննարկումները. «Ես վստահեցնում եմ ձեզ, որ նորից կսկսվեն սպեկուլյատիվ զրույցներ, կուրծք ծեծել, որ մենք վստահում ենք, որ մենք պատասխանատվություն ենք վերցնում եւ այլն։ Հերթական ստերի շարանը, որին սովոր ենք արդեն, որովհետեւ ամեն անգամ բյուջեի ժամանակ ասում են, որ մենք վստահում ենք ու պատասխանատվություն ենք վերցնում, բայց հետո այդ պատասխանատվության առջեւ ոչ ոք չի կանգնում»։ Վահան Հովհաննիսյանին հիշեցրին սեփական պատասխանատվության մասին. խոստանում էր, թե պատգամավորական անձեռնմխելիության վերացումը ընտրվելուց հետո ՀՅԴ խմբակցության առաջին քայլն է լինելու։ Մինչդեռ անցած 1,5 տարվա ընթացքում այս ուղղությամբ որեւէ քայլ չի արվել։ «Ձեզ սխալ է թվում, որ մենք այդ ուղղությամբ ոչինչ չենք արել,- «չորեց» պրն Հովհաննիսյանը։- Մենք այդ ուղղությամբ առաջարկներ էինք ներկայացրել հենց սկզբից՝ ԱԺ փոխվող կանոնակարգի մեջ»։ Նշեց, թե ինքն անձնապես մեկ այլ առաջարկ էլ է ներկայացրել. «Եթե պատգամավորը մի խմբակցությունից անցավ ուրիշ խմբակցություն՝ պիտի հաջողություն ասի խորհրդարանին։ (…) Հիմա սրանք չեն ընդունվում, ոչ մի կերպ չենք կարողանում սա անցկացնել, որովհետեւ Սահմանադրությունը ժայռաբեկորի պես ընկած է ճանապարհի վրա։ Իսկ Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու գործում խմբակցությունների հնարավորությունները բավական սահմանափակված են»։ Նման դեպքերում հայտնի գովազդի հերոսն ասում էր. «Բայց ինչո՞ւ ես չարչարվում, բարեկամ»։ Ի՞նչ կապ ունի Սահմանադրության հետ խմբակցություններից ազատ ելումուտը եւ «առնետների» համար բարենպաստ պայմանները վերացնելը։ Չէ՞ որ այն միայն ԱԺ կանոնակարգային դրույթ է, որ այս տեսքը ստացավ 1997-ին՝ Դավիթ Շահնազարյանի առաջարկով։ Բայց այստեղ ի՞նչն է գլխավոր. խորհրդարանի մշտական հանձնաժողովներից մեկի նախագահը ծանոթ չէ ԱԺ կանոնակարգին ու նաեւ, ըստ էության, Սահմանադրությանը։ Հուսով ենք, նոր հազարամյակում Վահան Հովհաննիսյանը կփորձի յուրացնել այս կարեւոր փաստաթղթերը, որ դրանց վերաբերյալ իր եզրահանգումները լինեն ավելի հիմնավոր։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել