Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 08,2000 00:00

ՓՈԽԱԴԱՐՁ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ Հոկտեմբերի 27-ի դատավարությունն, ըստ որոշ կանխատեսումների, հաջորդ տարվա գարնանից շուտ չի սկսվի։ Դատաքննությանը սպասում եւ յուրովի նախապատրաստվում են ոչ միայն զոհերի հարազատներն ու նրանց փաստաբանները, այլեւ քաղաքական շրջանակները, իշխանությունները։ Դեռ ամիսներ առաջ մասնավորապես Աշոտ Մանուչարյանն էր մտավախություն հայտնել, թե 27-ի դատավարությունը կարող է վերածվել զոհերի, իսկ ավելի կոնկրետ՝ Կարեն Դեմիրճյանի, Վազգեն Սարգսյանի դատավարության, քանի որ որոշակի ուժեր դրանում շահագրգիռ են։ Իսկ «նախկինները» միտում են տեսնում, որ այն կարող է վերածվել ՀՀՇ-ի դեմ դատավարության ու դրա ստվերում թողնել ոճրագործության դատապարտումը, հաշվի առնելով, որ Նաիրի Հունանյանը, անկասկած, կփորձի արդարացնել իր ոճրագործությունը նախկինների հանցագործություններով՝ թալանով, արյուն ծծելով եւ պաշտոնական քարոզչությանը համահունչ թեմաներով։ Ավելին, քաղաքական որոշակի շրջանակներ կարծիք են հայտնում, թե հստակ համակարգված աշխատանքներ են տարվում Հունանյանի գործողությունները հասարակության շրջանում արդարացնելու կամ, նվազագույնը, մեղմ ներկայացնելու համար։ Այսօրինակ քարոզչությունը քաղաքական գործիչներից ոմանք ուղղակիորեն դիտարկում են Ա.Մանուչարյանի հայտնած մտավախության՝ դատական պրոցեսի հունը փոխելու, համատեքստում։ «Այսօր ոչ մի երաշխիք չկա, որ դատավարության արդյունքում՝ Նաիրին մի քանի տարի հետո ազատության մեջ չի հայտնվի»,- ընդգծեց քաղաքական դիտորդներից մեկը։ Շրջանառվող այն տեսակետներին ու վարկածներին, թե չի բացառվում, որ 27-ի թիկունքին կանգնած լինեն հենց Վազգեն Սարգսյանի շրջապատի մարդիկ կամ նրա զինակիցները, ի դեպ, ինչի մասին առաջինը հայտարարեց Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետի զինակիցներից մի քանիսը հակադրում են իրենց դիրքորոշումը։ Նրանք նույնպես պնդում են, թե Վ.Սարգսյանը մտադիր էր իշխանական օղակներից դուրս շպրտել կոռումպացված եւ այնտեղ պատահականորեն հայտնված մարդկանց։ Սակայն հակադրվող կողմերը ներկայացնում են կոռումպացվածների եւ տնտեսության վրա անօրինական լծակներ ունեցողների միանգամայն տարբեր ցանկեր։ Իշխանամետ գործիչներն ու պաշտոնյաները պնդում են, թե նախկին վարչապետը մտադիր է եղել իշխանական լծակներից հեռացնել մարդկանց, որոնք դրա մասին իմացել են, վախեցել եւ, չի բացառվում, կազմակերպել են 27-ը։ Այսօրինակ հայտարարություններ կարող են անել նաեւ Վ.Սարգսյանի մերձավոր շրջանակներն ու զինակիցները, որոնք հայտարարում են, թե Վ.Սարգսյանն իրենց անվերապահորեն վստահել եւ հավատացել է՝ այդ թվում, Շահեն Կարամանուկյանին, Լեւոն Բարխուդարյանին, Տիգրան Հակոբյանին, Վահան Շիրխանյանին, Անդրանիկ Քոչարյանին, Ալբերտ Բազեյանին, որոնց նա միշտ իր կողքին է ունեցել եւ 27-ի ողբերգական դեպքերից ընդամենը 4-5 ամիս առաջ հրավիրել է միասին աշխատելու գործադիր մարմնում։ Նույն մարդիկ հավաստիացնում են, որ ոչ պակաս վստահելի է համարվել նաեւ զոհված նախարար Լեոնարդ Պետրոսյանը, որին հանձնարարվել էր համակարգել պետական գնումները եւ վերահսկողություն սահմանել հատկապես նավթամթերքների ներկրման նկատմամբ ու ամեն ինչ անել, որ այս ոլորտում այլեւս մենաշնորհ չլինի։ Թե ում գործին էր սա խփում, դժվար չէ պարզել։ Փոխարենը, քաջատեղյակ մարդկանց վկայությամբ, Վ.Սարգսյանը նախկին կառավարությունից ժառանգած պաշտոններից մի քանի նախարար ազատելու մտադրություն է ունեցել, ինչի մասին, ի դեպ, դեռ 99-ի սեպտեմբերից էր խոսվում։ Ըստ այդ աղբյուրների, խոսքը վերաբերել է կառավարության կազմից մասնավորապես՝ Երվանդ Զախարյանին, Դավիթ Զադոյանին, Արմեն Դարբինյանին ու այլոց, իսկ ընդհանրապես՝ գործադիր մարմնում՝ առանձին մարզպետների։ Բայց դա, բնականաբար, չի նշանակում, որ այդ մարդկանց դեմ կարելի է հեռուն գնացող մեղադրանքներ առաջ քաշել։ Իհարկե, դժվար է անվերապահորեն հավատալ թե՛ մեկ, թե՛ մյուս պնդումներին՝ ֆիզիկապես չկա այն միակ անձնավորությունը, ով կարող էր հերքել կամ հաստատել տարբերակներից որեւէ մեկը։ Առավել եւս, որ իրար մեղադրող երկու կողմերն էլ հավասարապես կեղտոտված են եւ կոռումպացված։ Ուստի, թերեւս, ավելի ճիշտ կլիներ այս մասին ընդհանրապես լռել։ Քաղաքականությունը, սակայն, այլ բան է ենթադրում։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել