Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 08,2000 00:00

«Հայկական ավիաուղիները» գերադասում է «մասնագետներին» Այսպիսին է, հավանաբար, «ՀԱ»-ի նորանշանակ ներկայացուցիչը Հունաստանում, որը կամ ուսանող է կամ դասալիք ՀՀ քաղաքացիական ավիացիայի կառավարությանն առընթեր գլխավոր վարչության պետ Հովհաննես Երիցյանն իր պաշտոնավարության առաջին իսկ օրից բողոքում էր, թե հայկական ավիացիայի եւ «Հայկական ավիաուղիների» բոլոր եղած-չեղած խնդիրների պատճառը փողոցից պատահական մարդկանց նախկինում պաշտոններ տալն էր։ Սակայն կյանքն ավելի հարուստ է եւ բովանդակալից: 05.12.2000 թ. «Հայկական ավիաուղիների» գլխավոր տնօրենի պաշտոնաթերթիկով նույն օրը, երկու հրաման է արձակվել։ Երկուսն էլ միեւնույն համարն են կրում՝ N 329/L, որոնք ստորագրված են «Հայկական ավիաուղիներ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վանցյանի կողմից։ Հրամաններից մեկում ասվում է՝ «Սուրեն Սերգեյի Մելիքյանին 05.12.2000 թ. ընդունել «Հայկական ավիաուղիներ» ՓԲԸ ներկայացուցչի պաշտոնում Աթենք քաղաքում եւ Աթենքի օդանավակայանում, 1000 դոլար աշխատավարձով»։ Երկրորդ՝ նույն Սուրեն Մելիքյանին նույն պրն Վանցյանի հրամանով՝ «05.12.2000 թ. ընդունել Հունաստանի «Հայկական ավիաուղիներ» ՓԲԸ գլխավոր ներկայացուցչի պաշտոնում, 1000 դոլար աշխատավարձով»։ Չտեսնված դեպք է՝ մեկ օրում երկու հրաման, նույն մարդու նկատմամբ, նույն համարը կրող։ Բնականաբար, հետաքրքիր է, ով է վերոհիշյալ Սուրեն Մելիքյանը, որին մեկ օրում երկու գերպատասխանատու պաշտոններ են տալիս։ Ահա մի տեղեկանք, որը 03.07.2000 թ. ստորագրել է ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության Արտաքին կապերի վարչության պետ Ներսես Գեւորգյանը. տրված է Սուրեն Սերգեյի Մելիքյանին՝ այն մասին, որ նա «ՀՀ կառավարության եւ Հունաստանի Հանրապետության կառավարության միջեւ կրթության, մշակույթի եւ գիտության բնագավառներում համագործակցության մասին» միջպետական համաձայնագրի շրջանակներում 1995-ին մեկնել է Հունաստան՝ բարձրագույն կրթություն ստանալու նպատակով։ 2000-2001 ուսումնական տարում նա սովորել է Աթենքի համալսարանի 5-րդ կուրսում։ «Հայկական ավիաուղիներ» ՓԲԸ-ի Հունաստանի արդեն նախկին գլխավոր ներկայացուցիչ Ռոբերտ Գասպարյանը մոտ 30 տարվա աշխատանքային փորձ ուներ այդ ոլորտում եւ ավիացիայի բոլոր ծառայություններում ղեկավար պաշտոններ է զբաղեցրել։ Հովհաննես Երիցյանը եւ Սերգեյ Վանցյանը որոշեցին այդ պատասխանատու պաշտոնը տալ 23-25 տարեկան մի տղայի, որը ո՛չ աշխատանքային համապատասխան փորձ ունի, ո՛չ, ենթադրում ենք, խորը գիտելիքներ։ Եվ, ի վերջո, եթե Սուրեն Մելիքյանն ուսանող է՝ ինչպես կարող են ուսանողին նման պաշտոն տալ, այն էլ՝ արտերկրում, եւ կամ, եթե կրթությունն ավարտել է՝ ինչո՞ւ բանակում չէ։ Իսկ եթե Ս. Մելիքյանը պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար հետախուզման մե՞ջ է։ Սա նաեւ կնշանակի, որ «Հայկական ավիաուղիներ» ՓԲԸ ուսանող եւ կամ բանակից փախած մեր նորանշանակ գլխավոր ներկայացուցչին, ցանկացած պահի, կարող են ձերբակալել եւ դատապարտել։ Ինչպե՞ս են մեր ավիացիայի ղեկավարները պատկերացնում մի ուսանող կամ դասալիք, ավիացիայի ոլորտից ոչինչ չհասկացող «ներկայացուցչին»՝ Հունաստանի իշխանությունների հետ շփվելիս։ Եվ ո՞ւր մնաց նման պաշտոն ստանձնելու առաջին պայմանը՝ աշխատանքային ստաժի եւ այլ պայմանների մասին։ Սրանք չոր փաստեր են։ Մնացածը՝ վարկածներ եւ ենթադրություններ։ Օրինակ, խոսվում է, որ սույն արտառոց նշանակումը գործարարներից մեկի դասական լոբբինգի արդյունք է՝ կաշառքով թե առանց դրա, դժվար է ասել։ Սույն գործարարը, ըստ այդ լուրերի, շահեր ունի Հունաստանում եւ կարող է իր մտերիմ մարդուն բանացնել այդ ուղղությամբ։ Գործարարի անունը կհրապարակենք առաջիկա համարներից մեկում՝ նրա պարզաբանումները ընդգրկելու ակնկալիքով։ Ա. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել