Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 08,2000 00:00

«ENJOY THE SHOW» Հենց դրանով է զբաղված «Առավոտի» լրագրող Արեւհատ Գրիգորյանը՝ ուսման արանքում հետեւելով ԱՄՆ նախագահական ընտրություններին Ֆլորիդայի օրենսդրական մարմինը, որտեղ այս օրերին կարող է վճռվել ամերիկյան նախագահական ընտրությունների բախտը, ռազմական ճամբար է հիշեցնում. աշխարհի հայտնի ու անհայտ լրատվամիջոցները վրաններով եւ կապի բոլոր անհավանական միջոցներով պաշարել են շենքը եւ վերջին «տաք-տաք» լուրերն են հաղորդում աշխարհով մեկ։ Ոտք դնելու տեղ չկա. գետինը պատված է լարերով, ամեն քայլի հեռուստախցիկ է եւ մեկնաբան։ Իսկ լուրերն իսկապես բավականին տաք են. հետզհետե ամերիկացիները խուճապի են մատնվում եւ ուզում են օր առաջ ավարտված տեսնել «այդ խայտառակությունը», ինչպես իրենք անվանում են ընտրությունները։ Օրեր առաջ Նյու Յորքում կամ Ատլանտայում մարդիկ իսկապես թքած ունեին ընտրությունների վրա։ Միայն երբեմն պետական ծառայողներն ասում են, կախված ընտրությունների արդյունքներից, իրենց գերատեսչության ղեկավարը կարող է փոխվել, ոմանք էլ հարմար չէին գտնում իրենց հետագա աշխատանքը այս կամ այն թեկնածուի ընտրության դեպքում։ Բայց ընդհանուր տրամադրությունները ամփոփեց Ատլանտայում CNN-ի մի աշխատակից. «Այս երկրի համար ոչինչ չի փոխվի, եթե նախագահ ընտրվի Միկի Մաուսը»։ Հիմա ամերիկացիներն ուզում են գոնե մինչեւ Սուրբ Ծնունդ իմանալ նոր նախագահի անունը։ Ի դեպ, Վաշինգթոնում, Սպիտակ տանը հարող հրապարակը արդեն պատրաստում են նախագահի երդման արարողության համար։ Բայց թե ո՞վ կլինի այդ երջանիկը, «եթե ընդհանրապես լինի»,- խոր կասկածով ասաց «Թալահասի դեմոկրատ» թերթի քաղաքական մեկնաբանը։ Երեկ Ֆլորիդայի օրենսդիր մարմնի առաջ իսկական շոու էր։ Սենատի հին շենքի դիմաց հանրապետականները իրենց թեկնածու Բուշին «հիշեցնում» էին իրենց՝ նրա համակիրների գոյության մասին։ Իսկ թե ինչպես էին դա անում, ոչ ոք, համենայնդեպս՝ ոչ մի հայ չի հավատա։ Մարդիկ սիրուն պլակատներ էին գրել, եկան-հավաքվեցին շենքի նստարաններին, միացրին հաճելի ժամանակակից երաժշտություն եւ մի երկու անգամ ամոթանք ուղարկեցին Գորի հասցեին։ Ասենք այսպիսի. «Գոր, հավաքիր փասափուսեդ ու գնա տուն»։ Հանրապետականները հատկապես «խնդրում» էին հաշվի առնել Ֆլորիդայի ձայները։ Դա ժամը 11.30-ին էր։ Ժամը 13.00-ին այդ նույն շենքի հակառակ կողմում, արդեն Սենատի նոր շենքի առջեւ «տժժում» էին դեմոկրատները (սրանք հանրապետականներից եռակի-քառակի ավելի էին, հանրապետականների համար ասում էին, որ նրանք մի տեսակ արխային են, ձեւի համար են հավաքվում)։ Հավաքվեցին, սիրուն տեղավորվեցին շենքի աստիճաններին եւ դիմացի հրապարակում միացրին գժոտ երաժշտություն եւ մի լավ թուք ու մուր թափեցին Բուշի գլխին։ Որովհետեւ հենց նա է (մեջբերում եմ պլակատները) «արել 2000թ. ընտրությունները եւ վճարել բոլոր ձայների համար», «Նրանք ամոթ չունեն», «Ահա Ամերիկան- ձայներ է՝ որ հաշվում է»։ Իսկ հիմա ուշադրություն. մեջբերում եմ «ամենաթույն» պլակատը՝ «Կիրառվում են երկակի ստանդարտներ. հաշվվում են հանրապետականների անօրինական ձայները, իսկ դեմոկրատների օրինականները՝ ոչ» (այդպիսի պահերին զգում ես քեզ ինչպես տանը)։ Դեմոկրատների մոտ երաժշտությունն ավելի բազմազան էր եւ ռիթմիկ, հանրապետականների մոտ՝ ավելի ճաշակով ու զուսպ։ Ժամը 13.25-ին մոտ բուշականները շարժվեցին դեպի շենքի հակառակ կողմը։ Դեպի ո՞ւր։ Իհարկե՝ դեմոկրատների մոտ։ Նրանց այնտեղ պատրաստ դիմավորեցին։ Ովքե՞ր։ Իհարկե՝ ոստիկանները։ Իրար երեսի «ամոթ» գոռալուց հետո կողմերի միջեւ դեմոկրատական հանդուրժողականությունը վերականգնվեց եւ քիչ հետո իրար հետ զրուցում էին երկու մարդ, մեկի ձեռքին «Gore Liberman» պլակատն էր, մյուսին՝ «Sore Lօserman» (առաջինի հեգնական ձեւափոխումն է:)։ Մինչեւ ընտրությունները Ջ. Վաշինգթոնի անվան համալսարանի ժուռնալիստիկայի բաժնի պրոֆեսոր Շոն Օդինը ասաց, որ թեեւ Քլինթոնի վարչակարգի օրոք երկրի տնտեսությունն աճ է ապրել, եւ տրամաբանորեն Ամերիկան պետք է որ հիմա էլ Գորին ընտրեր, բայց Ամերիկան նաեւ փորձել է սիրում։ Իսկ այդ դեպքում հաստատ կքվեարկի Բուշի օգտին, ինչն էլ կարծես թե արել է ու կրակն ընկել։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ «Առավոտի» թղթակից Թալահասի, Ֆլորիդա, 6 դեկտեմբերի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել