Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 12,2000 00:00 Share

«ԴՈՒ Ե՛Վ ԿԱՍ, ԲԱՅՑ ԵՎ ՉԿԱՍ ԱՍՏԾՈ ՊԵՍ» Սեւակը (Պարույր, ոչ թե Մանուկյան) այս տողերը ճիշտ եւ ճիշտ ՀՀ պետբյուջեի մասին է ասել։ Մարդկանց մի ծանրակշիռ խումբ նստել բյուջե է կազմել, մեկ ուրիշ ավելի ծանրակշիռն էլ լուրջ-լուրջ քննարկում է հենց այդ չեղածը։ Ինչքա՞ն՝ որտեղից վերցնել եւ ո՞ւմ տալ։ Հարցեր են, որոնք պտտվում են այսօր թվերից գլուխ հանող որոշ գլուխներում։ Իսկ ավելի շատ գլուխներ պարզապես մտածում են՝ հավանություն տա՞ն Անդրանիկ Մարգարյանի առաջարկած բյուջեին, թե՞ ոչ։ Խորհրդարանի մեծամասնությունը փաստում է, որ թեկուզ եւ վատը, բայց պետք է ընդունել բյուջեն, որ վերջապես մեկ կառավարություն հնարավորություն ստանա մեկ տարվանը փակել (թեկուզ անցքերով) եւ սկսել մյուսը։ Մի մասն էլ դեմ չէ բյուջեն դարձնել հերթական պոպուլիստական շահարկումների առիթ։ Կընդունվի՞, թե՞ չի ընդունվի 2001-ի բյուջեն։ Մեր հարցին պատասխանում են. ԱԺ փոխնախագահ Գագիկ Ասլանյան- «Ես կարծում եմ՝ կընդունվի։ Ամեն ինչ անում ենք, որ այս տարի բյուջեն ժամանակին ընդունվի։ Լարված աշխատանք է սպասվում մինչեւ տարվա վերջ»։ ՀԿԿ խմբակցություն՝ Խորեն Սարգսյան- «Բյուջե կա՞, կա՞ բյուջե։ Չեղածը ո՞նց ընդունենք։ Ես մեր խմբակցության հետ չեմ խոսել, ինչքան որ ծանոթացել եմ փաստաթղթերին, դա ձեւական բյուջե է, նորից բերել են, խաբեն-տանեն»։ Իսկ եթե չընդունվի բյուջեն, դա ի՞նչ է տալու, Խորեն Թռչունիչ։ Դա տալու է մի շատ կարեւոր բան՝ Խորեն Սարգսյանն իր խղճի հետ հանգիստ կլինի, որ ինքն «այդ ձեւական խաղերին» չի մասնակցել։ Եթե բյուջեն չընդունվի, եւ վարչապետը փոխվի, եկողը փող որտեղի՞ց է ճարելու. «Ուրեմն խելք է պետք։ Եթե իմանում են, որ իրենց քաղաքական կուրսը փող բերող չէ, թող հրաժարվեն»։ Փող բերող քաղաքական ուժն՝ ըստ Խորեն Սարգսյանի, այն ուժն է, «որը մտածում է պետական տնտեսություն ունենալու մասին»։ ՀՅԴ խմբակցություն՝ Մարտուն Մաթեւոսյան- «Բյուջեն դեռ քննարկման փուլում է, մեր դիրքորոշումը դեռ հստակեցված չէ, առայժմ լսումներ են անցկացվում։ Սկզբունքայինն այն չէ, դեմ ենք թե կողմ ենք, կարեւորն այն է, թե բյուջեի տակ ի՞նչ ծրագիր կա, եւ 2001-ին կառավարությունն ինչ քայլերով հիմք պետք է ստեղծի հետագա զարգացման համար։ Ցավոք սրտի, այո, այսօր մենք այն վիճակում ենք, որ բյուջեն բավականին փոքր բյուջե է, չեմ ուզում պատճառների մեջ խորանալ, բայց կարծում եմ, եթե բոլորս միասին աշխատենք, հնարավոր է ստեղծել 2001 թվականին այն բազան, որի վրա կարելի է կառուցել լուրջ բյուջե։ Այսօր մեկ խնդիր պետք է դնենք մեր առաջ։ Թեկուզ աղքատիկ բյուջե, թեկուզ ռոճկացուցակ, բայց գոնե դա կատարենք։ Եթե մենք մեկ անգամ կատարենք, նույնիսկ աղքատ բյուջեն, ուրեմն կհամարենք, որ մի քայլ առաջ ենք գնացել։ Իրոք բյուջեի կատարումը պարտադիր հանգամանք է։ «Ազգային միաբանություն» խմբակցություն՝ Համլետ Հարությունյան- «Չեմ կարող միանշանակ պատասխանել, բյուջեին կողմ եմ քվեարկելու, թե դեմ, որովհետեւ քննարկումները շարունակվում են։ Եվ բացի դրանից, կա նաեւ խմբակցության կարծիք, որը եւս պետք է անպայման հաշվի առնեմ։ Եթե տեսնեմ, որ բյուջեն իրատեսական է, եւ դրանից ավել մենք ուղղակի հնարավորություն չունենք, գուցե եւ կողմ քվեարկեմ։ Բայց եթե տեսնեմ, որ նույնն է, ինչ որ անցյալ տարիներին. մենք բյուջե ենք գրում, բայց չենք կատարում, բնական է, որ դեմ կքվեարկեմ»։ «Հայաստան» պատգամավորական խումբ՝ Մյասնիկ Մալխասյան- «Հարցը մի քիչ բարդ է։ Բյուջեն ընդունվելու է։ Այն քաղաքական ուժերը, որոնք արդեն շահարկում են, թե իրենք դեմ կլինեն բյուջեին, ուղղակի նախօրոք խոսում են, որ հետո գնան տեղերի նոր բաժանման կամ նոր պայմանավորվածություններ ձեռք բերելուն»։ Կարծիքները ներկայացրեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել