Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 12,2000 00:00

«ՀԱՈՒ»-Ի ՎԵՏԵՐԱՆԸ ԲՈՂՈՔՈՒՄ Է Օրերս անդրադարձել էինք ավիացիայի ոլորտում տեղի ունեցած մի արտառոց դեպքի, երբ Հայաստանից ուսումը շարունակելու նպատակով Հունաստան մեկնած ուսանողը կամ դասալիքը նշանակվեց Հունաստանում «Հայկական ավիաուղիների» գլխավոր ներկայացուցիչ։ Սա, բնականաբար, մասնագետների շրջանում բուռն քննարկման նյութ դարձավ։ Իսկ Հունաստանում «ՀԱՈՒ» ՓԲԸ-ի արդեն նախկին ներկայացուցիչ Ռոբերտ Գասպարյանը, որ այս ոլորտում շուրջ 30 տարվա աշխատանքային փորձ եւ համապատասխան կրթություն ունի, այս օրերին Երեւանում է։ Նրա հետ մեր զրույցը վերաբերում է ոչ միայն այս նշանակմանը, այլեւ ընդհանրապես «Հայկական ավիաուղիների» գործունեությանը։ Ըստ պարոն Գասպարյանի, մոտ երկու ամիս առաջ «ՀԱ» ՓԲԸ-ի նոր ղեկավարությունն իր բոլոր աշխատողներին զգուշացրել էր, որ համակարգում սպասվում է մոտ 600-700 հաստիքի կրճատում, այդ թվում՝ նաեւ Հունաստանում «ՀԱ»-ի ներկայացուցչի հաստիքը։ Բայց այսօր, Ռ.Գասպարյանը հստակ չգիտի էլ, թե ինքն ինչ կարգավիճակում է, առավել եւս, որ աշխատանքից ազատված էլ չէ։ – Ինձ այստեղ հավաստիացրին, որ մի տաղանդավոր տղա կա եւ ասացին, թե կադրերի երիտասարդացման քաղաքականություն է վարվում։ Ես սա նորմալ ընդունեցի, առավել եւս, որ մենք երիտասարդ լավ մասնագետներ ունենք։ Երբ հանդիպեցի այդ երիտասարդին՝ Սուրեն Միքայելյանին, որն ընդամենը 22 տարեկան է, եւ զրուցեցի, ինձ համար ամեն ինչ պարզ դարձավ. հասկացա, որ այս պաշտոնում նշանակվելու հարցում նրան ինչ-որ մեկը «պրոտեժե» է արել։ Հստակ էր, որ այս ոլորտում նա մասնագետ չէ, ուստի նրա նշանակումն այս պաշտոնում չէր կարելի թույլատրել։ Խնդիրն ամենեւին էլ իմ անձը չէ։ «ՀԱ» ներկայացուցիչն արտերկրում նախեւառաջ մեր երկրի դեմքն է, համարյա՝ դեսպանը։ Այդ տղան իր գիտելիքների պաշարով ոչ մի բան չի կարող անել այս ոլորտում։ Չեմ հասկանում, թե նա ինչպե՞ս է հայտնվել պարոնայք Երիցյանի եւ Վանցյանի ուշադրության կենտրոնում։ Կարծում եմ, որ տվյալ դեպքում Հովհ.Երիցյանին ինչ-որ մեկը թյուրիմացության մեջ է գցել, ավելի կոպիտ՝ «քաշել» է։ Այդ տղան իրենց աշխատողն է, այն էլ՝ անլեգալ, քանի որ միջկառավարական համաձայնության շրջանակներում Հունաստանում նա միայն ուսանում է եւ աշխատանքի իրավունք չի կարող ունենալ։ Ուսումն ավարտելուց հետո նա պետք է վերադառնա Հայաստան՝ զինծառայության։ Հունաստանում «ՀԱՈՒ»-ի ներկայացուցչությունը այն քչերից մեկն է, որ լավ ու կայուն աշխատող հիմնարկ է եւ արդյունքներն էլ այստեղ ակնհայտ են։ Ցավում եմ, որ այն հիմա փոխանցվելու է մի դիլետանտի։ Ավիաընկերությունների միջեւ մեծ մրցակցություն կա եւ եթե ուզում ենք հաղթել այդ մրցակցությունում, պետք է գրագետ քաղաքականություն վարվի։ Եվ, ամենակարեւոր խնդիրը, որ մերոնց, կարծես, չի հետաքրքրում. մարտի 1-ից Աթենքում մեծ օդանավակայան է կառուցվում, որը շատ խիստ նորմաներով է աշխատելու։ Հաշվի են առնվելու ինքնաթիռի որակը, աղմուկը եւ այլն։ Մենք պետք է պատրաստ լինենք ձեռք բերել համապատասխան ինքնաթիռներ, որպեսզի կարողանանք Աթենքի այս նոր օդանավակայանից թռիչքների իրավունք ստանալ, իսկ դա շուկայի խնդիր է։ Այս պատասխանատու եւ խիստ կարեւոր պահին երիտասարդ այդ տղային բերելը, ամենաքիչը՝ հիմարություն է։ – Պարոն Գասպարյան, իսկ ընդհանրապես, ըստ Ձեզ, այսօր ի՞նչ վիճակում է «ՀԱՈՒ»-ն։ – Անտանելի վատ վիճակում։ Աջ ձեռքը ձախից անտեղյակ։ Կատարողականն ու կարգապահությունը՝ անբավարար։ – Բայց Հովհ. Երիցյանը վստահեցնում էր, թե ավիաընկերությանը շատ փող է գալու։ – Ձրի փող ոչ ոք չի տա, ինչպե՞ս է բերելու, եթե մենք արդեն շուկաներ ենք կորցնում։ Միջազգային շուկայում ավիաընկերությունների դաժան մրցակցություն է գնում եւ շուկաներ չկորցնելու համար անհրաժեշտ է գրագետ քաղաքականություն վարել։ Հակառակ դեպքում չենք կարող մրցակցությանը դիմանալ եւ շուկաներ կկորցնենք։ Չգիտեմ, թե Հովհ. Երիցյանն այսօր ինչ քաղաքականություն է վարում։ Եթե նպատակը ավիաընկերությունն անհեռանկարային դարձնելն է՝ ուրեմն ճիշտ ճանապարհով է գնում։ Ս. Ս .Դժվար է, իհարկե, հաշվեկշռել ավիացիայի մասին իրական մտահոգությունը եւ գործից հեռացված մարդու դասական «աբիժնիկությունը»: «Առավոտը», համենայն դեպս, կփորձի պարզաբանումներ ստանալ նաեւ «ՀԱՈՒ» ղեկավարությունից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել