Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 12,2000 00:00

Ափսոս՝ ծխելը վտանգավոր է մեր առողջությանը Վերջերս հայ ժողովուրդը համատարած զբաղմունք էր գտել՝ LM ծխախոտի տուփեր հավաքելը, քանի որ «Ֆիլիպ Մորիս» ֆիրման մրցույթ էր հայտարարել: Նրանք, ովքեր չեն ծխում LM, սկսել էին ծխել, նրանք, ովքեր LM են ծխում, էլ ավելի ակտիվ էին օգտագործում այս ծխախոտը: Չծխողները հարեւան-բարեկամներից էին ուզում LM-ի տուփեր: Վերջապես շաբաթ օրը՝ դեկտեմբերի 9-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում տեղի ունեցավ երկար սպասված խաղարկությունը: Դահլիճում բավականին շատ մարդ կար, եւ ներկաների մեծ մասը տղամարդիկ էին: Խաղարկվեցին հինգ համակարգիչ, յոթ արբանյակային ալեհավաք, հիսուն բջջային հեռախոս, ծխախոտ եւ այլն: Մրցույթին մասնակցողները, իհարկե, ոչ բոլորն էին ներկայացել եւ նրանց շարքերում կային այնպիսիք, որոնք մարզերից էին ուղարկել իրենց քարտերը: Դահլիճը չէր ջեռուցվում, նույնիսկ կասկածներ առաջացան՝ սովետական տարիներին ինչպե՞ս էր ջեռուցվում այս մեծ դահլիճը: Եվ չնայած անտանելի ցրտին, ներկաները համբերատար սպասում էին, որ իրենց անունը եւս կհնչի շահողների ցանկում: Մի քանիսի բախտը բերեց եւ նրանք վազելով բարձրացան բեմ՝ նվեր ստանալու: Շահողներից մեկը բեմից հպարտ հայտարարեց՝ «Եթե LM եք ծխում ձեզ համար՝ ծխեք, եթե շահելու համար՝ ավելի լավ է՝ չծխեք»: Խաղարկությունն անցկացվեց օրինական՝ քարտերը թմբուկից հանվում եւ ցույց էին տրվում ժողովրդին: Բայց տաքարյուն հայերը տեղից բղավում էին. «Դե իմ անունը կարդա, էլի», «Էդ քարտերը լավ խառնեք», «Տակից հանեք» եւ այլն: Վերջում էլ դժգոհ պապիկները ասում էին. «Այ մարդ, գոնե էդ սիգարետները մեզ տային, թե չէ աղջկեքը տարան»: Խաղարկությունից հետո մեզ՝ առավոտցիներիս, հրավիրեցին ֆուրշետի, որտեղ մենք կարողացանք «Ֆիլիպ Մորիսի» քաղցրավենիքից համտեսել եւ այս ֆիրմայի մասին վավերագրական կինոնկար դիտել: Ինչպես ասաց «Ֆիլիպ Մորիսի» ՄՍԲՎ Հայաստանի ներկայացուցչության կորպորատիվ գծով ղեկավար Ահարոն Թադեւոսյանը, որը նաեւ խաղարկության ժյուրիի անդամներից էր, ինքը անչափ ուրախ է, որ խաղարկությունը կայացավ եւ շահողներ եղան: Իսկ ով չկարողացավ մասնակցել այս միջոցառմանը, արդյունքներին կարող է ծանոթանալ դեկտեմբերի 13-ի «Առավոտի» համարում: ՄԱՐԻՆԱ ՄԵՐՈՒԺԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել