Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 14,2000 00:00

Հայրիկյանն՝ ընդդեմ սատանայի Հայկական տոնացույցը տոն առ տոն մեկնելուն եւ զուգահեռաբար դրանցում իր դերն ու նշանակությունը հիշեցնելուն էր նվիրված Պարույր Հայրիկյանի երեկվա ասուլիսը։ Ո՞վ չգիտի, որ նա՝ Հայրիկյանն է առաջին անգամ 88-ին պարզել եռագույնը։ Եթե սա չգիտեք էլ, ապա չեք կարող չիմանալ, որ Մայիսի 28-ի տոնակատարության համար երախտագետ հայացքներ պետք է ուղղել ոչ այլ մեկին, քան Պարույր Արշավիրի Հայրիկյանին։ Դե, իսկ Ազգային ինքնորոշման օրվա մասին (այսպես է Հայրիկյանը որակում սեպտեմբերի 21-ը) խոսելն արդեն անիմաստ է. այն եւս ունենք՝ շնորհիվ նրա՝ Հայրիկյանի. «Մենք առաջարկում ենք փետրվարի 18-ին ունենալ Ազատության օր, երբ Երեւանը ազատագրվեց բոլշեւիկյան լծից։ Դե, Մարտի 8-ը ինքնին օր է, կարելի էր նշել ինչ-որ կերպ։ Բայց երբ դա հակադրվեց Ապրիլի 7-ին, սա արդեն պիտի ահազանգ լինի. մեր բոլորի պարտքն է կանխել սատանայի հաղթարշավը»։ Նեռի դեմ պայքարելու համար մեր երկրում կան բոլոր նախապայմանները։ Աստվածաշնչի մեկնությամբ Հայրիկյանը արձանագրեց, որ պատմական Հայաստանը երկրային դրախտավայր էր, ուր սկիզբ էին առնում չորս գետեր, որոնցից մեկն Արաքսն էր։ Ջրհեղեղից հետո Աստվածաընտիրը դարձյալ մեր երկիրն էր՝ Արարատ լեռը։ Քրիստոնեությունն էլ առաջինը մենք ընդունեցինք։ Պրն Հայրիկյանը համեստորեն այս գործում իր դերը չկարեւորեց։ «Սատանան որտե՞ղ պիտի իրեն ակտիվորեն դրսեւորի,- խորհրդավոր եւ ցածրաձայն հարցրեց Հայրիկյանը եւ պատասխանեց,- որտեղից որ վտանգ է սպասում։ Սատանան ո՞ւմ տեսքով պետք է դրսեւորվի։ Առողջ բանականությունը կորցրած եւ ազգային արմատներից ու Աստծուց հեռացած մարդկանց միջոցով»։ Օրինակը անմիջապես բերվեց՝ «բոլոր ձախերը», որոնք մոլեռանդ աթեիստներ են։ «Անցած օրը մեկը՝ առանց մտածելու, որ դրա համար ինքը, իր թոռները մի օր պատասխան կտան, ասում է՝ ընկեր Քրիստոսը։ Ա՛յ ողորմելի, դու հայ ազգի ներկայացուցիչ ես, չափդ իմացիր»։ Թեեւ Հանրապետական կուսակցությունը տոների հետ որեւէ ասոցիացիա չի առաջացնում, սակայն պրն Հայրիկյանը որոշեց «մի դիտողություն» անել «այսպես կոչված»՝ հանրապետականների հասցեին. «Նրանք ասում են, որ առնչություն են ունեցել Ազգային միացյալ կուսակցության (ԱՄԿ) հետ»։ Ո՛չ, այդ մարդիկ հեռացել են իրենց արմատներից, հետեւաբար, հռետորի տրամաբանությամբ, սատանայի հետեւորդներ են։ «Չարի կայսրության երեկվա պնակալեզները՝ կոմունիստներն ու կոմսոմոլիկները, ազգայինի դեմ պայքարի նոր փուլ են սկսել։ Լա՛վ, ենթադրենք հանրապետական կոչվողներն ու վիկտորդալլաքյանները չեն պատկերացնում ազգային արժեքների կարեւորությունը։ Իսկ ո՞ւր ենք նայում մենք»։ Պրն Հայրիկյանի հայացքը կարծես թե ՀՀ նախագահի վրա է, քանի որ նա իր կարճատեւ ասուլիսին հասցրեց փառաբանել նրան՝ 40 հազար ստեղծվելիք աշխատատեղերի եւ հոկտեմբերի 27-ից հետո՝ մեզ բոլորիս, անգամ լրագրողներից ոմանց, բանտերից փրկելու համար։ ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031