Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 15,2000 00:00

«Ազնիվ խոսք, տեղյակ չեմ» Հերթական կադրային փոփոխություններից առաջ կառավարության անդամները կրկին անտեղյակություն են խաղում։ Լրագրողներն, իհարկե, ըմբռնումով են վերաբերվում այս պարտադրված «անտեղյակությանը»։ Բայց չեն կարող չտեղեկացնել ընթերցողին, որ սպասվում են նախարարական տեղաշարժեր։ Ամենայն հավանականությամբ վերջապես կկատարվի Արարատի մարզպետ Հովհաննես Աբրահամյանի մանկության երազանքը եւ նրան կբերեն Երեւան։ Ենթադրենք՝ ընկեր Լեոնիդ Հակոբյանի աթոռը տվեցին պարոն Աբրահամյանին։ Կոմունիստ նախարարն արդեն ստացավ իր հասանելիքը՝ ակադեմիկոս դարձավ։ Հարգանքով նրան կխնդրեն այլեւս ոչ մի բան չհամակարգել։ Ասվում է, թե Դավիթ Վարդանյանը մտադիր է ինքն իրեն ազատել նախարարի պաշտոնից։ Առայժմ քայլ չի արվում։ Պատճառները դեռեւս քննվում են։ Ըստ չճշտված լուրերի, նախարար կդառնա («կրկին փորձիր» տարբերակով) Ռոբերտ Նազարյանը։ Նախարար կամ փոխնախարար դառնալու վտանգից այս պահին ազատագրված չէ նաեւ Ռուբեն Տոնոյանը։ Եթե հիշենք կուսակցականության մասին, կստացվի, որ ՀԺԿ-ն կրկին գործադիրում լծակներ կստանա։ Ուժայինների մասին ավելորդ է, մեր մեջ խոսելն էլ ամոթ է. վերջին ամիսներին նրանցից ոմանք կոկա-կոլայի պես ընդմիշտ դառնալու վտանգի առաջ են։ Նույնը չենք կարող ասել մշակույթի, սպորտի եւ այլնի նախարար Ռոլանդ Շառոյանի մասին։ Չար լեզուներն ասում են՝ նրա նախարարությունը եւս սառեցվելու է։ Վերջում՝ երեկ անցկացրած մի փոքրիկ հարցում որոշ նախարարների շրջանում։ Հարցը վերաբերում է նույն խնդրին՝ հնարավոր համարո՞ւմ են պարոնայք նախարարները, որ մինչեւ Նոր տարի որոշ կառուցվածքային ու կադրային փոփոխություններ կլինեն երկրի գործադիր մարմնում։ Արտադրական ենթակառուցվածքները համակարգող նախարար Դավիթ Զադոյանը հարցին այսպես պատասխանեց. «Կառավարությունն այնպիսի մարմին է, որում միշտ էլ հնարավոր են կադրային փոփոխություններ, եւ դա, ինձ թվում է, վատ չէ։ Բայց ի՞նչ փոփոխություններ կլինեն, ես չեմ կարող հարցին պատասխանել, կուրսի մեջ չեմ»։ Ի դեպ, «կուրսի մեջ» չէր նաեւ Արարատ Գոմցյանը. «Չեմ կարող պատասխանել, որովհետեւ կուրսի մեջ չեմ»։ Հնարավո՞ր է, որ Արարատ Գոմցյանը «կուրսի մեջ» չլինի. «Անկեղծ ասած՝ ոչ, բայց ձեր հարցին անկեղծ պատասխանեցի»։ Նախարար Դավիթ Վարդանյանը եւս անկեղծ պատասխանեց. «Ազնիվ խոսք, տեղյակ չեմ»։ Հավանաբար, որոշ կառավարական անձանց «իմանալ-չհայտնելու» մեղադրանքը շատ կսազեր։ Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031